Մատչելիության հղումներ

«2007-ին ծնված տղաների 7 տոկոսը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, 2008-ին՝ ավելի շատ». իշխանական պատգամավոր


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Բանակից փողով ազատվելու նախագծի շուրջ իշխող թիմում քննարկումները բուռն են ու չեն հանգուցալուծվում: Պատգամավոր Հայկ Սարգսյանին դեռ չի հաջողվում թիմակիցներին համոզել, որ իր հեղինակած նախագիծը հարուստներին ծառայությունից ազատելու, աղքատներին սահման ուղարկելու մասին չէ:

«Այն ուսումնասիրությունները, որոնք ես արել եմ, իրենք չեն արել, և ես հնարավորություն չեմ ունեցել մինչև այս պահը` իրենց ներկայացնելու այն թվերը, որոնց հիման վրա ես գալիս եմ այն եզրահանգման և համոզված եմ և նաև հիմնավորում եմ, թե ինչու են պետք էս փոփոխությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» անդամը փորձում է թվերով կոտրել թիմակիցների դիմադրությունը, որ կուլիսներում նախագիծը համարում են խոցելի ու հարցեր ունեն: Նոր տվյալներ է հրապարակում, որ ՔՊ-ականների ու քննադատների կասկածները փարատի: Ըստ նրա՝ զորակոչի ենթակա տղաների 7 տոկոսն այս տարի բանակ չի գնա, մյուս տարի՝ ավելի շատ, քանի որ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից:

«1500-ով ավելի քիչ է մեր զորակոչի ենթակաների թիվը, քան պետք ա լիներ: 2008 թվականի ծնվածների 7.7 տոկոսը հրաժարվել ա քաղաքացիությունից, դրա հաջորդ տարին 2009 թվականին ծնվածներն են գնալու, 2009 թվականին ծնված տղաների 8 տոկոսը հրաժարվել ա Հայաստանի քաղաքացիությունից», - նշեց Սարգսյանը:

Իշխանական պատգամավորի նախագծով, որ Կառավարությունը վերջին նիստում հավանության արժանացրեց, առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց 15 միլիոն դրամ վճարել, 24 միլիոնով ազատվել երկու տարվա ծառայությունից ու մեկ ամիս ծառայել, 18 միլիոնով էլ՝ չորս ամիս:

«Եթե սա արած լինեինք չորս տարի առաջ, այս 7 տոկոսից, 7-8 տոկոս տղաները ամեն տարի որ հրաժարվել են, չէին հրաժարվի, կամ եթե հրաժարվեին, կվճարեին այնքան գումար, որ մենք իրենց փոխարեն երկու զինծառայող կներգրավեինք», - պնդում է Հայկ Սարգսյանը:

Ըստ «Հրապարակ» թերթի՝ իշխանական խմբակցությունում ոչ բոլորն են ողջունել այս նախագիծը և պահանջում են՝ պաշտպանության նախարարը Ազգային ժողով գնա ու բացատրություն տա: Սպառնում են դեմ քվեարկել նախագծին, եթե փոփոխություններ չանեն: Վաղը խորհրդարանում իշխանականները քննարկելու են այս նախագիծը:

«Լսել եմ հեղինակին, ներկայացրած նախագիծը ամբողջությամբ, իր մոտեցումները և հիմնավորումները, և լսել եմ որոշ իմ գործընկերների հակափաստարկներ, և քանի որ դեռ աշխատանքային քննարկման փուլում է, ես ինքս դեռևս չեմ կողմնորոշվում նախագծի դրական լինելու կամ բացասական լինելու վերաբերյալ». - Հրաչյա Հակոբյանն էլ այն պատգամավորներից է, որոնց դեռ չեն համոզել Կառավարության ու իր թիմակցի հիմնավորումները, նա էլ հարցեր ունի:

«Դեռ հարցեր կան, որ մենք, մեր գործընկերները ուզում ենք ստանալ էդ հարցերի պատասխանները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Ինքն է՞լ է համարում, որ այս նախագծով ոտնահարվում են կարևոր արժեքներ, ու խորանում է սոցիալական անարդարությունը, ի՞նչ առաջարկներ ունի, կամ ի՞նչն է կոնկրետ համարում խոցելի ու վտանգավոր: Պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել մինչև քննարկումների ավարտը:

«Մենք միտված ենք, որ էս նախագիծը ի սկզբանե պետք է լինի ի շահ Հայաստանի Հանրապետության: Բայց հիմա քննարկումները շարունակվում են, որպեսզի մարդիկ ստանան իրենց տարբեր հարցերի պատասխաններ, և ի վերջո հաշվենք, տեսնենք, որ վտանգներ՝ մեծ վտանգներ կամ առհասարակ վտանգներ, էս նախագծում չկան», - նշեց Հակոբյանը:

Փողի դիմաց բանակից ազատվելու այս նախագիծը հանրային, ընդդիմադիր ու հասարակական կառույցները շարունակում են կոշտ քննադատել: Համարում են, որ այսպիսով Կառավարությունը բանակից ազատվելու կոռուպցիան է օրինականացնում՝ կոռուպցիոն արմատախիլ անելու ու արատավոր բարքերի դեմ պայքարելու փոխարեն: Անկախ հանրային, ընդդիմադիր ու ներիշխանական դիմադրությունից, պատգամավոր Սարգսյանը կարծում է, որ իր նախագիծը կընդունվի, ու թեման կփակվի մինչև ամառային արձակուրդներ:

«Ես չգիտեմ ով ինչ է ասում, ես մտավախություն չունեմ, ես համոզված եմ, որ օրենքի նախագիծը ընդունվելու ա ու մտնելու ա ուժի մեջ առաջիկայում», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG