Ուղիղ եթերում Ազգային ժողովի նախագահի հասցեին հայհոյախառն արտահայտություններ հնչեցնելու համար կալանավորված հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի արարքը, որ վիրավորանք է, պետք է իրավական գնահատականի արժանանա միայն քաղաքացիական օրենսդրության շրջանակում, եզրահանգել է Տեղեկատվական վեճերի խորհուրդը:
2011 թվականից գործող մեդիա փորձագետներից ու իրավաբաններից բաղկացած 7 հոգանոց խորհուրդը կարծում է, որ իշխանությունները նրանց արարքին արձագանքել են ոչ համաչափ: Քննչականը ընդդիմադիր փոդքասթերների արարքը որակել էր խուլիգանություն, դատարանն էլ երկու ամսով կալանավորել նրանց:
«Վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացված են, պատասխանատվությունը նախատեսվում է Քաղաքացիական օրենսգրքի 7.1 հոդվածով: Եվ այդ հոդվածի համապատասխան իրենք պետք է կանչվեին պատասխանատվության», - ասաց խորհրդի անդամ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Մելիքյանն ընդգծում է՝ ընդդիմադիր հաղորդավարները նաև ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վատ վերաբերմունքի. «Անհամաչափ ուժ կիրառելով ձերբակալելն էր, սա ավելի շատ արտաքին տպավորություն թողնելու, մնացածներին դաս տալու տպավորություն էր թողնում»:
Շուրջ մեկ ամիս առաջ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մուտք էին գործել Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, ձեռնաշղթաներ հագցրել, կռացած քարշ տվել դեպի ավտոմեքենաները:
Ընդդիմադիր հայացքներով հաղորդավարներն անցած ամիս 7 ժամանոց հարցազրույց էին ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Դրանից հետո ԱԺ նախագահն իր տելեգրամյան էջում գրառմամբ դիմել էր երրորդ նախագահին, քննադատել նրան ու վիրավորական՝ «շան լակոտ, լածիրակ» բառերով արտահայտվել փոդքասթերների հասցեին: Ընդդիմադիր հաղորդավարները մեկ այլ հաղորդմամբ ավելի կոշտ ու վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ էին հնչեցրել ԱԺ նախագահի հասցեին:
«Անթույլատրելի է, եթե պրոցեսը երկկողմանի է, ապա ինչո՞ւ պիտի ընդդիմախոսները ուժ կիրառելով միշտ լռեցվեն, իսկ իշխանությունը իր վիրավորանքների համար պատասխանատվություն չկրի», - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Աշոտ Մելիքյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ բացի քրեական գործից, նույն այս միջադեպը քննում է նաև քաղաքացիական դատարանը: Ալեն Սիմոնյանն է դիմել այս դատարան, պնդել, որ ընդդիմադիր հաղորդավարներն իրեն վիրավորել են, պետք է ներողություն խնդրեն և ընդհանուր 2 միլիոն դրամ վճարեն իրեն: Պետք է ընտրել պատասխանատվության մի ձև, ընդգծում է Մելիքյանը: Խորհրդի անդամները խորհրդատվական իրենց եզրակացության մեջ մի վտանգավոր նախադեպ են արձանագրել:
«Հիմա քողարկված ձևով, ինչպես նշել ենք այս հայտարարության մեջ, վերադարձ է կատարվում դեպի քրեականացում, այսինքն, վիրավորանքը վերաորակվում է որպես խուլիգանություն և խուլիգանությունը, որը քրեական հոդված է, արդեն դառնում է քրեական հետապնդման... ընդ որում, քրեական հետապնդման՝ ԱԱԾ-ով, ձեռքերը ոլորելով և այլն: Եթե նույնիսկ խուլիգանություն է, ի՞նչ գործ ունի ԱԱԾ-ն, ոստիկանն է, չէ՞, զբաղվում խուլիգաններով», - ասաց խորհրդի անդամներից Արամ Աբրահամյանը:
Խորհրդի անդամներից «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն անհանգստացած է՝ հիշեցնում է, որ վիրավորանքը վաղուց հանվել է Քրեական օրենսգրքից, դրա համար քաղաքացիները կարող են միայն տուգանվել, բայց՝ ոչ բանտ նստել:
«Ես վստահ եմ, որ դա շարունակվելու է: Կարծում եմ, որ մինչև ընտրությունները այս ամիսների ընթացքում իշխանությունն ամեն ինչ անելու է լռեցնելու համար ցանկացած քննադատություն և ցանկացած անհամաձայնություն: Ավելի քան 20 տարի առաջ ապաքրեականացվել է վիրավորանքը, ինչի՞ համար է դա արվել, որպեսզի իշխանությունը չկարողանա դա օգտագործել գործիք այլակարծության դեմ», - ընդգծեց նա:
Աբրահամյանի ղեկավարած լրատվամիջոցը վերջերս մի քանի հրապարակումներ էր արել, որ արդեն իրավապահների թիրախում են սոցցանցերում իշխանություններին քննադատող քաղաքացիները. բայց ընդդիմադիրների հասցեին նույնանման գրառումներ ու արտահայտություններ հնչեցնող իշխանականներն ու նրանց համախոհները դուրս են մնում նրանց խոշորացույցից:
«Դրա համար դա, իհարկե, ընտրովի արդարադատություն է, և դա արվում է հատուկ մարդկանց լռեցնելու համար», - ասաց Աբրահամյանը:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը, միաժամանակ, հաղորդավարների արտահայտությունները համարում է անվայելուչ, հայհոյանքն էլ՝ անթույլատրելի:
«Սանձարձակ բառապաշարն ու վիրավորանքները չեն կարող ընդունվել որպես հանրության հետ հաղորդակցվելու ձև և պետք է ստանան իրավական գնահատական։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ այդ գնահատականը և դրանից բխող պատասխանատվությունը լինի համաչափ, հիմնավորված և արդարացի», - ընդգծում են փորձագետները: