Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «կարևոր հանդիպում» է որակել երեկ Հայաստանի և Թուրքիայի սահմանին երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սեյդար Քըլըչի բանակցությունները։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցության ուղիների վերականգնումը կարևոր տարրեր են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու համար։
Երեկ Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո, որը թվով 5-րդն էր, Երևանն ու Անկարան նույնաբովանդակ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, ինչպես նաև վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայտարարվեց նաև, որ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Պայմանավորվածությունից երկու տարի անց՝ այս հունիսին Ռուբինյանը հայտարարել էր՝ Անկարայի քայլերը չի տեսնում: Երեկվա հանդիպումն էլ չտվեց հարցերի պատասխանը՝ կբացվի՞ արդյոք հայ-թուրքական սահմանը, ե՞րբ, ինչպե՞ս ու ի՞նչ ընթացակարգով։