Իջևանի կարի արտադրամասի հնդկաստանցի աշխատակիցների բողոքներն արդյունք են տվել։ «ԻՋ ԳՐԱՆԴ ՏԵՔՍՏԻԼՕՊՏ» ընկերությունը բարձրացրել է նրանց աշխատավարձն ու ուշացումների համար տույժ է վճարել:
Աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներից հետո կարգադրագիր է ուղարկել ընկերությանը՝ «Հնդկաստանի քաղաքացի աշխատակիցներին այս տարվա հունվարից մինչև հուլիս ամիսների աշխատավարձը սահմանված ժամկետից ուշ վճարելու համար յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուժանք վճարելու մասին», այս մասին «Ազատությանը» հայտնել են տեսչական մարմնից: Ընկերությունը պարտավորվել է տույժը վճարել 30-օրյա ժամկետում։
Արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանն ասաց՝ ոչ միայն ուշացումների դիմաց է վճարել, այլև բարձրացրել է աշխատակիցների աշխատավարձերը։ Նախկինում 400 դոլարից պակաս էր, այժմ՝ 450 դոլարի է հասնում։
«Իրենց պահանջած թիվն էր համարյա, որ իրենք ուզում էին, մի քիչ չափից ավելի է, բայց բարձրացրեցինք աշխատավարձը, չկա աշխատույժ, իրանց հույսին ենք, կոպիտ ասած», - նշեց տնօրենը:
«Ազատության» հարցին՝ «այս ընթացքում որևէ մեկն աշխատանքից չազատվե՞ց», Մհեր Միրզոյանը պատասխանեց. «Ոչ մեկը չի ազատվել աշխատանքից, ինչի՞ պետք է ազատվեր, նենց չի, որ մենք դրա պատճառով, որ միտինգ են կազմակերպել, ազատենք, չէ, անհիմն ոչինչ չի արվել»:
Մեկ ամիս առաջ օրեր շարունակ Իջևանում հնդկաստանցի աշխատակիցները գործադուլ էին անում՝ հայտարարելով, թե տնօրինությունն իրենց հասանելիք երեք ամսվա աշխատավարձը չի վճարել։ Ավելին՝ բարձրաձայնում էին անմարդկային վերաբերմունքի, անգամ՝ զենքով սպառնալիքների մասին։
«Մենք բոլորս ուզում ենք մեր աշխատավարձը և ուզում ենք վերադառնալ Հնդկաստան։ Սեփականատերը մեզ ստիպում է աշխատել՝ ատրճանակի սպառնալիքի տակ։ Մենք որևէ խնդիր չունենք հայերի հետ, նրանք բարի են։ Բայց մեզ պետք է մեր աշխատավարձը, որպեսզի կարողանանք վերադառնալ Հնդկաստան», - իրենց հրապարակած տեսանյութերում հայտարարում էին Իջևան աշխատելու եկած հնդկաստանցի բանվորները։
Տնօրենն այսօր էլ շարունակում է հերքել այս մեղադրանքները։ Չի հայտնում՝ ի վերջո որքան տույժ է վճարել ու քանի օրվա ուշացման մասին է խոսքը. «Ուշացումներ են եղել մի փոքր աշխատավարձի՝ 2 օր, 3 օր, 0.15 տոկոս ամեն օրվա ուշացման համար մարդկանց վճարվել է»:
Չնայած ընկերության տնօրենի հերքումներին, մեկ ամիս առաջ իրավապահները բռնությունների մեղադրանքներով քրեական վարույթ էին հարուցել։ Դատախազությունից ասացին՝ նախաքննությունը շարունակվում է՝ առանց մանրամասների:
Այս արտադրամասը 375 աշխատող ունի։ Կեսից ավելին Հնդկաստանի քաղաքացիներ են։ Տնօրեն Մհեր Միրզոյանը պնդում է՝ ընդառաջ է գնացել հնդիկ բանվորների պահանջներին, քանի որ նրանց լավ աշխատող է համարում։ Նրանց կորցնի՝ արտադրամասը մեծ կորուստներ կունենա։ Տեղացիները հրաժարվում են աշխատել այս պայմաններում, ավելին, ըստ տնօրենի, հայերը կարգուկանոն չեն սիրում։
«50 հազար դրամով հավաքարար չեմ կարողանում գտնեմ», - նշեց նա: