Մատչելիության հղումներ

Ի՞նչ կարող է լինել, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները


Ի՞նչ կարող է լինել, եթե բոլոր ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները։ Հնարավո՞ր է այդ ճանապարհով իրավական ճգնաժամ ստեղծել, Ազգային ժողովը լուծարել ու նոր ընտրություններ անցկացնել։

Վարդան Պողոսյանը, որ Սահմանադրության վերջին տարբերակի հեղինակներից է, մեկնաբանում է՝ իրավական ճգնաժամ չի կարող ստեղծվել, եթե նույնիսկ նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներն էլ հրաժարվեն մանդատներից։ Այսինքն Ազգային ժողովը կշարունակի գործել, եթե «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքների ընտրական ցուցակների բոլոր թեկնածուները նախօրոք հրաժարվեն մանդատներից ու խորհրդարանում ընդդիմադիր ուժերից որևէ պատգամավոր չլինի։

«Սահմանադրությունը որևէ դրույթ չի նախատեսում, որ եթե պատգամավորների թիվը պակասում է, ապա դա անպայման հանգեցնում է Ազգային ժողովի արձակմանը», - նշեց սահմանադրագետը:

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան

Մանդատներից հրաժարվելու հարցը, որ ծայրահեղ քայլ է համարվում, ընդդիմադիրների օրակարգում քննարկվում է, հաստատում է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը. - «Մանդատների դնելու հարցը մեր օրակարգում միշտ եղել է, կա ու լինելու է»:

Բայց, ըստ Մինասյանի, այս պահին այդ ծայրահեղ քայլի արդյունավետությունն է կասկածելի. - «Իրավական հիմք չկա, որ մանդատները վայր դնելուց հետո արտահերթ ընտրություններ են լինելու»:

Իշխանությունն էլ չի ժխտում, որ ոչինչ չի փոխվի, եթե խորհրդարանից հեռանա ընդդիմությունն ու մնան միայն իրենք։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Սահմանադրությանն է հղում անում, որ իրավական հետևանքներ չի նախատեսում։

Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան

«Ընդդիմության մանդատների վայր դնի, ոչ մի բան տեղի չի ունենա, որովհետև ոչ մի օրենսդրական ճգնաժամ չի առաջանում, գուցե Ազգային ժողովում մի փոքր լուռ լինի», - ասաց Ռուբինյանը։

Մանդատներից հրաժարվելը քաղաքական ճգնաժամ կստեղծի խորհրդարանում, ասում է սահմանադրագետ Պողոսյանը, բայց դժվարանում է կանխատեսել հանգուցալուծումը՝ հաշվի առնելով իշխող ուժի գործելաոճը։

Վարդան Պողոսյան
Վարդան Պողոսյան

«Իհարկե, այդ պառլամենտը կլինի կախ պառլամենտ, պակաս լեգիտիմություն ունեցող, բայց ես չեմ կարծում, որ այսօրվա կառավարող մեծամասնությանը դա առանձնապես մտահոգելու է: Ելնելով այս պառլամենտի գործունեությունից ու անհանդուրժողական քաղաքականությունից, որը մասնավորապես արտահայտվում է նրանով, որ ընդհանրապես ընդդիմության որեւէ առաջարկություն ու կարծիք մեծամասնությունը հաշվի չի առնում, ես կարող եմ կանխատեսել միայն, որ կփորձեն շարունակել իր գործունեությունը մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ», - ընդգծեց Պողոսյանը։

Մանդատներով էլ ընդդիմությունը խորհրդարանում հարցեր չի կարող լուծել, օրենքներ ընդունել, ձայները բավարար չեն։ Իշխող մեծամասնությունը իր նախագծերն ընդունում է, ընդդիմությանը՝ տապալում։ Մանդատները վայր դնելու դեպքում միջազգային հանրությունը կարող էր քաղաքական ճգնաժամից ելնելով իշխանություններին ստիպել գնալ արտահերթ ընտրությունների, ասում է ընդդիմադիր պատգամավորը, բայց ըստ նրա, այս փուլում միջազգային հանրության շահերից չի բխում։

Սահմանադրությունը գրելիս նման հնարավոր սցենար նախատեսե՞լ էին, որ ընդդիմությունը մանդատները կարող է վայր դնել։ Սահմանադրագետը խոստովանում է՝ 2015-ին դիտավորյալ այդ հնարավորությունը չեն նախատեսել, որ խորհրդարանական փոքրամասնությունը չկարողանա ուզած պահին հասնել խորհրդարանի լուծարման։

Խորհրդարանում քաղաքական ճգնաժամ էր ստեղծվել 2018-ին՝ իշխանափոխությունից հետո, երբ հանրային ճնշմամբ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել ու խորհրդարանում մեծամասնություն էր հրաժարական տված Սերժ Սարգսյանի թիմը։ Ճգնաժամը լուծվեց, երբ Փաշինյանը հրաժարական տվեց, խորհրդարանը լուծարվեց ու արտահերթ ընտրություններ անցկացվեցին։

XS
SM
MD
LG