Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ճապոնական «Հյուսիսային տարածքների ասոցիացիայի» գործունեությունն անցանկալի է ճանաչել։
Կազմակերպությունը Ճապոնիայի և Ռուսաստանի միջև սահմանների վերանայման աջակից է։
Գերատեսչությունը հայտարարել է, որ կազմակերպությունը ֆինանսավորվում է «հիմնականում բյուջետային միջոցներից», իսկ դրա անդամները «շահարկում են հյուսիսային տարածքների թեման»։
Ասոցիացիան թեմատիկ ուսումնասիրություններ է ֆինանսավորում, ինչպես նաև մասնակցում է Կուրիլյան կղզիները ճապոնական ինքնիշխանությանը վերադարձնելու նոր մեթոդների մշակմանը, նաև պատրաստում է ուսումնական նյութեր «հյուսիսային տարածքների» հիմնախնդիրների վերաբերյալ, կազմակերպում է սեմինարներ, տարածում քարոզչական նյութեր։
Կուրիլյան կղզիները ռազմավարական դիրք ունեն Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Ճապոնիան հավակնում է Ռուսաստանի հսկողության տակ գտնվող կղզիների հարավային հատվածին: Տարածքային վեճը սկիզբ է առել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ խորհրդային զորքերը գրավեցին Կուրիլյան կղզիները Ճապոնիայից: