Հակասություն տնտեսության մասին վարչապետի խոսքերում ու Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներում: Օրերս ընդունելով արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին՝ վարչապետ Փաշինյանն ասել էր, թե տնտեսական ակտիվության միտումները պահպանվում են, իր կառավարության քայլերն էլ միտված են տնտեսական կայուն աճի պահպանմանը: Նույն օրը վիճակագրական կոմիտեն տարվա առաջին երկու ամիսներն ամփոփող զեկույցն էր ներկայացրել՝ փաստելով ամբողջ երկրում արտադրության ծավալների երկնիշ անկում կա:
Հունվար և փետրվար ամիսներին արդյունաբերության ծավալներն ընդհանուր 380 միլիարդ դրամ են կազմել. 2024-ի նույն ամիսների համեմատ ցուցանիշը կրճատվել է 20 տոկոսով: Նվազում կա տարբեր ուղղություններով.
Հանքերի շահագործման համեստ ցուցանիշները կանխատեսելի էին. փետրվարին Հայաստանի ամենախոշոր ընկերությունը՝ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատը գործադուլի պատճառով ավելի քան տասը օր չաշխատեց: Արտադրանքի նվազում, սակայն, այլ ոլորտներում նույնպես կա:
Տնտեսության առաջատարներից խմիչքների արտադրությունն, օրինակ, անցած տարվա համեմատ նվազել է ավելի քան 25 տոկոսով:
Հունվարից շրջանառության հարկի կրկնակի ավելացումից հետո պարբերաբար բողոքի ցույցեր անցկացնող մարդիկ, այդ թվում՝ ոսկերչության ոլորտում աշխատողներն ահազանգում էին՝ երկու անգամ մեծացած հարկային բեռով աշխատել պարզապես չեն կարող. մի քանի օր առաջ հրապարակված զեկույցի տողերից մեկում արձանագրված է նաև ոսկերչական ապրանքների արտադրության շեշտակի կրճատումը: Հունվարին և փետրվարին ոլորտը 3.5 միլիարդ դրամի արտադրանք է տվել. 2024-ի համեմատ ծավալները կրճատվել են մոտ 70 տոկոսով:
Արտադրության նվազմանը զուգահեռ, ըստ Վիճակագրական կոմիտեի, տարվա առաջին երկու ամիսներին զգալիորեն նվազել են նաև Հայաստանի արտաքին առևտրի ծավալները. արտաքին առևտրաշրջանառությունը 3 միլիարդ դոլարի չի հասել, սա 2024 -ի ցուցանիշից պակաս է ավելի քան 2 անգամ: Նվազել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը:
Չնայած ընդհանուր ծավալների կրճատմանը ու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին իշխանությունների հայտարարություններին արտահանման ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը անցած տարվա նույն ամիսների համեմատ կտրուկ մեծացել է: Այդ ամիսներին Հայաստանից արտահանված ապրանքների 44 տոկոսը Ռուսաստան է մտել, մեկ տարի առաջ այս ցուցանիշը 20 տոկոս էր:
Փորձագետներն անկումային վիճակագրությունը բացատրում են ռուս-ուկրաինական պատերազմի Հայաստանի տնտեսության վրա ազդեցության թուլացմամբ: Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ արտաքին այս գործոնով պայմանավորված ազդեցությունն աստիճանաբար վերանում է:
Բացասական այս միտումների կողքին արագանում են գնաճի տեմպերը. անցած ամիս սննդամթերքը խանութներում 2024-ի մարտի համեմատ 5.4 տոկոսով ավելի թանկ է վաճառվել: Երկու տարի շարունակ Հայաստանում սննդամթերքի այսչափ թանկացում չէր եղել: Հատկապես շատ թանկացած ապրանքներից են ձուկը, ձեթը, յուղերը, մրգերն ու կարտոֆիլը: