Մատչելիության հղումներ

«Ճգնաժամ եկեղեցում». Կառավարության հրապարակած զեկույցը Մայր Աթոռը հակասահմանադրական է որակում

Հրապարակվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը: Այն կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ:

Վարչապետի աշխատակազմի մաս կազմող Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի զեկույցն առաջարկում է ճգնաժամի հաղթահարման հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ.

  1. Բարենորոգման օրակարգի վերահստակեցում և հանրահռչակում
  2. ՀԱՍԵ փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը)
  3. Կաթողիկոսական տեղապահի ընտրություն
  4. ՀԱՍԵ միասնական Կանոնադրության ընդունումը
  5. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն

«Սույն զեկույցը չի վիճարկում Եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան Ավանդությունը և կանոնական կարգը։ Հակառակը՝ այն փաստագրում է հենց այդ հիմքերի խախտումները՝ ի պաշտպանություն Եկեղեցու ինքնության և ինքնավարության», - ասված է հայտարարությունում։

Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով, ըստ գործադիր իշխանության, արտահայտվում է ճգնաժամը։

Դրանց թվում են՝

  • կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,
  • հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները,
  • ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,
  • ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,
  • Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,
  • Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,
  • պառակտումները Սփյուռքի թեմերում։

Այս զեկույցում ներկայացվում են պնդումներ, այդ թվում՝ հոգևորականների սեռական կյանքի վերաբերյալ մանրամասներ, որոնք հիմնականում հիմնված են կաթողիկոսից տարբեր պատճառներով դժգոհ տարբեր հոգևորականների հարցազրույցների վրա: Թեև Առաքելական եկեղեցին իր տնօրինած գույքի բերումով Հայաստանի խոշոր հարկատուներից է, զեկույցում նաև ծավալուն անդրադարձ կա ֆինանսական թափանցիկության խնդիրներին:

Նյու Յորքից այս թեմային անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե զեկույցն ապացուցում է, որ եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի և նրան աջակցող մի խումբ հոգևոր և աշխարհիկ անձանց կողմից:

Մայր Աթոռը հակադարձում է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է, որ «Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական»։

«Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության», - պնդում է Մայր Աթոռը:

«Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը», - ասված է հայտարարությունում:

Վերջին մեկ տարում Հայ Առաքելական եկեղեցու գործադիր բարձրագույն մարմինը՝ Գերագույն հոգևոր խորհդուրդը բազմիցս է վարչապետի քայլերը համարել ուղիղ բռնաճնշում եկեղեցու նկատմամբ:

Ինչ կհետևի զեկույցին

Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այս զեկույցը դարձնել խորհրդարանական քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա: Մինչ զեկույցի հրապարակումը՝ խորհրդարանական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ այդ օրակարգով ցանկացած նախաձեռնություն հակասահմանադրական է, և իրենք ապօրինի գործընթացների մաս չեն կազմի։

Վարչապետ Փաշինյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ տարբեր պատճառաբանություններով փորձում է հասնել կաթողիկոսի հեռացմանը, այդ հարցը ներառել է նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական և իր կառավարության ծրագրում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն, նա քաղաքացիների հետ այս մասին չի խոսել և չի անդրադարձել եկեղեցուն կամ հոգևորականներին։ Վարչապետն այս օրակարգը թարմացրեց միայն ընտրվելուց հետո։

Տարբեր իշխանական պատգամավորներ չեն թաքցնում, որ մտադիր են եկեղեցուն առնչվող նոր օրենսդրական կարգավորումներ ընդունել: Դրանք, սակայն, դեռ շրջանառության մեջ չեն դրվել:

Առայժմ պարզ չէ, թե Եկեղեցու մասին ինչ է գրված Փաշինյանի կառավարության մշակած նոր Սահմանադրության նախագծի տեքստում: Գործող Մայր օրենքում նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG