Հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու հարցի շուրջ ընդդիմությունն ու իշխանությունն այդպես էլ համաձայնության չեկան:
«Մենք ուզում ենք սահմանել օր, երբ որ ՔՊ-ականը կխոնարհվի հայրենիքի պաշտպանության համար զոհված Դաշնակցականի շիրմի առաջ, Դաշնակցականը խոնարհվի հայրենիքի համար զոհված ՔՊ-ականի շիրմի առաջ և այսպես շարունակ»,- որքան էլ որ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հորդորում էր չքաղաքականացնել և գոնե այս հարցում կոնսենսուսի հասնել, ընդդիմությունը անընդունելի համարեց օրվա ընտրությունը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հունվարի 27-ը հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր սահմանելը ճիշտ չի համարում: Դաշնակցական Մինասյանի համոզմամբ՝ այդ կերպ իշխանությունը թիրախավորում է Բանակի օրը՝ հունվարի 28-ը, Մինասյանի խոսքով.-
«Այնուամենայնիվ, ենթատեքստը՝ թիրախն է հայոց բանակի: Զոհ բառը զուգակցվում է բանակի հետ: Ավելի շատ փիառ ակցիա է»:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց.- «Ես, իրոք չեմ հասկանում՝ ասում եք թիրախը բանակն է, ինչո՞վ է թիրախը բանակը: Պարոն Մինասյան, հայրենքի պաշտպանության համար զոհվածների գերակշիռ մեծամասնությունը հայրենիքի պաշտպանության համար զովել է բանակում, ակնհայտ է չէ՞ այդ կապը, ես իրոք չեմ հասկանում՝ ի՞նչն է փիառ ակցիա: Այսքան զոհեր ենք ունեցել, վերջապես խաղաղություն է հաստատվել, վերջապես շունչ քաշելու ժամանակ ունենք ու ես կարծում եմ՝ դա ամենաքիչն է, ինչ կարող ենք անել՝ նման օր սահմանելը, մեր զոհերի հիշատակը հարգելու համար»:
Դաշնակցական պատգամավորը կարծում է, որ իշխանությանը ոչինչ չէր խանգարում ի վերջո ընդդմիության հետ համաձայնությամբ ընտրել հիշատակի օրը: Մինասյանը հիշեցրեց, որ մինչև 2-րդ ընթերցմամբ քննարկումը Ռուբինյանն առաջարկել էր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանել Խաչվերաց տոնին հաջորդող օրը, ինչն ընդունելի է եղել ընդդիմության համար: Սակայն իշխող ՔՊ-ն հետո դեմ է արտահայտվել այդ առաջարկին և միակամ հիշատակի օր սահմանել հունվարի 27-ը:
«Կա մի խմբի կողմից պարտադրանք, հետևաբար մեր խմբակցությունն այս վարքագծին դեմ է քվեարկելու, ոչ թե հիշատակման»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
ԱԺ փոխխոսնակ Ռուբինյանը բացատրեց՝ իշխանությունը ընտրել է հիշատակի այնպիսի օր, որը կապված չէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ, իսկ Խաչվերաց տոնին հաջորդող օրվան ՔՊ-ն դեմ է եղել, որովհետև այդ օրը շարժական է և հետո Խաչվերացին հաջորդող մեռելոցի օրը հիշատակի օր է բոլոր ննջեցյալների համար, ոչ կոնկրետ հայրենքի պաշտապանության համար զոհվածների:
«Ինձ դուր է գալիս՝ ինչպես է Գեղամ Նազարյանը ձևակերպում. առաջին օրը կհիշենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը մեր երկրային բանակը»,- ասաց Ռուբինյանը:
«Ցավ ես ապրում, որ քո երեխուն չեն էլ հիշում». որդեկորույս մայր
2022-ի սեպտմեբերի 13 -ին Հայաստանի ինքիշխան տարածքներ ադրբեջանական զինուժի ներխուժման ժամանակ Իշխանասարում զոհված 19-ամյա Վալոդյա Աբրահամյանի մայրը դեմ չէ, որ հունվարի 27-ը սահմանվի հայրենքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը: Խնդիրն, ըստ որդեկորույս մոր, այն է, որ 2022 -ի սեպտեմբերի 13-ի Իշխանասարի մարտերի մասին ոչ ոք չի խոսում, այդ օրը իրենց զոհված երեխաների անունները չեն հիշում: Տիկին Նազիկի խոսքով՝ տպավորություն է, թե մարդիկ տեղյակ էլ չեն, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո էլ հարյուրավոր տղաներ են զոհվել՝ Հայաստանի սահմանները պաշտապնելիս:
2022-ի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում առաջացել էր մի քանի ուղղություններով։ Պաշտոնական տվյալներով՝ այդ օրերին Բաքվի վերահսկողության տակ է անցել Հայաստանի 140 քառակուսի կիլոմետր տարածք։ Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմը 200-ից ավելի զոհ ունեցավ:
«22 թվականի սեպտեմբերի 13 -ին է զոհվել իմ տղան, հենց Իշխանասարի բարձունքում՝ իր 29 ընկերների հետ, հենց Հայաստանի սահմանն են պաշտպանել, Հայաստանի ամենակարևոր բարձունքն են պաշտպանել: Ուղղակի, երբ երեխեքին նորմալ չեն հիշում, իրենց անուններն անգամ չեն ասում... չգիտեմ՝ ինչն է պատճառը, որ չեն հիշում, ինչի էդ երեխեքը երեխեք չէի՞ն, անգամ պատերազմ բառը չեն ասում, երբ էդ երեխեքը երկու օր պատերազմ են տվել մինչև իրենց վերջին շունչը: Ճիշտ է, էլի ինչ-որ չափով լավ եմ զգում, որ էդ օրն են ուզում հիշեն...բայց դե ցավ ես ապրում, որ քո երեխուն չեն էլ հիշում էլի»,- ասում է որդեկորույս մայրը:
Իշխանասարի մարտերում զոհված 19-ամյա զինվորի մայրն ասում է, որ ոչ միայն իր և մյուս տղաների պատմությունը չի հիշվում, այլև առ այսօր ծնողներին որևէ բացատրություն չի տրվել, թե ինչու են 29 երիտասարդ տղաներ միայնակ մնացել հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ, ինչու նրանց այդպես էլ որևէ մեկը օգնության չի հասել. «Գոնե իմանանք էլի՝ ինչի համար են մեր երեխեքին մենակ թողել, ամենակարևոր բարձունքում ինչի են երեխեքին մենակ թողել: Մեր երեխեքը եղել են 29 հոգի, իսկ թշնամին 600-700 հոգի»,- նշում է Իշխանասարում զոհված 19-ամյա Վալոդյա Աբրահամյանի մայրը:
Իշխանությունը կարծում է, որ անհրաժեշտ է ունենալ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ հաշվի առնելով ոչ միայն վերջին տարիների ռազմական իրադարձություններն ու դրանց ընթացքում մեծաքանակ զոհերի առկայությունը, այլև հաստատված խաղաղությունը: 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմը, պաշտոնական տվյալներով, 3833 զոհ է ունեցել, դրան հաջորդած 2021, 2022 թվականների ադրբեջանական հարձակումների հետևանքով հարյուրավոր զոհեր:
«Զոհերին հիշատակելու լավագույն ձևը խաղաղ և բարեկցիկ ապրելն է, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը նման օր սահմանելու վերաբերյալ»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Խորհրդարանի փոխխոսնակը տեղեկացրեց, որ քվեարկությունից հետո՝ այս հունվարի 27-ն արդեն կլինի ոչ աշխատանքային օր: Օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման 10-րդ օրը, այլ անմիջապես: