Մատչելիության հղումներ

Հունվարի 27-ը՝ «Հիշատակի և խոնարհումի օր». պատգամավորները նոր նախագիծ են շրջանառության մեջ դում

Լրացված

44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի նախօրեին Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարում է՝ «Հիշատակի և խոնարհումի օրվա» նախագիծ են շրջանառության մեջ դնում»։ Օրն ընտրել են՝ ամսի 27-ը, բայց ոչ թե սեպտեմբերի, այլ՝ հունվարի...

«Հունվարի 27-ին հիշենք ու հարգանքի տուրք մատուցենք և խոնարհվենք զոհերի առաջ, իսկ հունվարի 28-ին արդեն տոնենք Բանակի օրը», - ասաց Ռուբինյանը:

ՔՊ-ական պատգամավորի համար ամեն ինչ շատ պարզ է՝ հատուկ օր է պետք ունենալ ոչ միայն 44-օրյայի, այլև բոլոր ռազմական գործողությունների զոհերին հիշատակելու համար։

2020-ի պատերազմի ժամանակ 19 տարեկան էր Մովսես Սարգսյանը, մեկ տարվա ծառայող։ Մոր՝ Աիդայի վերջին զրույցը որդու հետ նոյեմբերի 5-ին էր, ուշ երեկոյան տղան Շուշիի ճանապարհին էր։ Ասում է՝ իշխանությունից պարզաբանում պահանջելու, անպտուղ քննարկումների մեջ մտնելու սիրտ չկա. այս 5 տարիներին այդպես էլ չհասկացավ՝ ինչու հազարավոր զոհված տղաների հիշատակին սեպտեմբերի 27-ը այդպես էլ օրացույցում չառանձնացվեց։

«Ինձ թվում է՝ տրամաբանություն չկա դրա մեջ, ինձ թվում է՝ ավելի ճիշտ կլիներ սեպտեմբերի 27-ը անել կամ գոնե սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածը», - ասաց Աիդան և նշեց, - «սրանով ոնց որ էդ խորհրդանշական օրերը կորում են, մոռացության են տրվում»:

44-օրյա պատերազմում զոհված զինվորի մայրը շարունակում է՝ արցախյան պատերազմ, 2022-ին Հայաստանի վրա հարձակում, 2023-ին Արցախի հայաթափում.... սեպտեմբերը, ցավոք, առատ էր ողբերգական օրերով։ Բայց ՔՊ-ական պատգամավորը շտապում է հորդորել՝ «դավադրապաշտապան ենթատեքստ մի փնտրեք, հայկական պատմության ցավերը շատ ավելի են եղել»:

«Կոնկրետ այս դեպքում մենք միայն մի պատերազմի զոհերի հիշատակի օր չենք ուզում սահմանել, մենք ուզում ենք սահմանել բոլոր պատերազմների ընթացքում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի, խոնարհումի օր», - ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Նախագծի համահեղինակը նախկինում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ, 44-օրյա պատերազմում զոհված դիպուկահար Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանն է։ Մեկ տարի առաջ նա էր առաջարկել հենց սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանել, ի՞նչ պատահեց, որ մտափոխվեց ու որոշեց իշխանական պատգամավորի հետ նոր նախագիծ շրջանառել:

«Կանգ առանք՝ Բանակի օրից մեկ օր առաջ կամ հետո, երկար քննարկումներից հետո որոշեցինք հունվարի 27-ը, որը որևէ հիշատակով որևէ ճակատամարտի կամ պատերազմական գործողության հետ չի կապվում», - ասաց Նազարյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց. «Անթույլատրելի է, եթե չասեմ ավելի կոպիտ, Բանակի օրը, հունվարի 28-ից մեկ օր առաջ նման օրվա հիշատակումը, որովհետև արդյունքում չենք ոգեկոչվելու մեր բոլոր ժամանակների հերոսները: Այդ պատճառաբանությամբ էլ, ինչպես նախորդ մի քանի տարիներին, փաշինյանական տարիներին, պատշաճ ձևով չի նշվելու Զինված ուժերի կազմավորման օրը»:

Ընդդիմադիր պատգամավորը հիշում է, որ անցած տարի աջակցել էր Նազարյանի՝ սեպտեմբերի 27-ը հիշատակի օր ճանաչելու առաջարկին։ Կառավարությունը մերժել էր այն, պաշտպանության նախարարն էլ հիմնավորել, թե հունվարի 28-ը՝ Բանակի օրը, արդեն իսկ կա ու այդ օրը հիշում են նաև ռազմի դաշտում նահատակվածներին։

«Սա տեղի է ունենում մի ֆոնին, երբ սեպտեմբեր ամսվա ընթացքում այս իշխանության ուղղակի ավերիչ քաղաքականության հետևանքով չհիշատակվեց պաշտոնապես 22 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական օկուպացիայի արդյունքում 225 զոհերի մասին, չհիշատակվեցին այն հարյուրավոր զոհերը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կամավորների, որոնք զոհ գնացին 23 թվականի սեպտեմբերի 19-ին: Այս իշխանության և, ցավոք սրտի, դրան միացած նաև Գեղամ Նազարյանի մանկուրտացման լայնածավալ արշավ, կարճ ձևակերպեմ», - ասաց Մանուկյանը:

Ըստ առաջարկի հեղինակների, նախագիծը շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020-ի 44-օրյա պատերազմն ամենաաղետալին էր՝ 6 շաբաթում զոհվեց 3 հազար 981 հոգի։ 191 զինծառայողի ճակատագիր պատերազմից հինգ տարի անց դեռ անհայտ է։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG