Մատչելիության հղումներ

Հունգարիան արգելափակել է ԵՄ համատեղ հայտարարությունը Բելառուսի ընտրությունների վերաբերյալ


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան

Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսի նախագահական ընտրությունները մերժելու վերաբերյալ, հայտնում են «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի աղբյուրները։

Չունենալով ԵՄ բոլոր 27 երկրների ներկայացուցիչների ստորագրությունները՝ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ հունվարի 26-ի քվեարկությունն ազատ ու արդար չէր և Բելառուսի իշխանություններին կոչ արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Նա ասել է, որ ԵԱՀԿ ընտրությունների անկախ դիտորդներին թույլ չտվեցին մուտք գործել ընտրական գործընթացի առանցքային փուլեր՝ հավելելով՝ «սա հերթական վկայությունն է այս ընտրությունների նկատմամբ վստահության իսպառ բացակայության մասին»։

Կալասը հավելել է, որ այս պատճառներով և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին Բելառուսի վարչակարգի ներգրավվածության լույսի ներքո «ԵՄ-ն կշարունակի սահմանափակումներ և պատժամիջոցներ սահմանել ռեժիմի դեմ և ապահովել ֆինանսական աջակցություն քաղաքացիական հասարակությանը, վտարանդի բելառուսական ժողովրդավարական ուժերին և բելառուսական մշակույթին»։

Անցյալ շաբաթ Հունգարիան հրաժարվեց ստորագրել ԵՄ 27 երկրների անունից Բելառուսում անցկացված «ոչ ժողովրդավարական նախագահական ընտրությունների մասին» հայտարարության նախագիծը։ Բայց նա միայնակ չէր, որ դեմ էր նախագծին: Սլովակիան նույնպես հրաժարվել է այն ստորագրել։

Ավելի ուշ Սլովակիայի ներկայացուցիչները համաձայնեցին ստորագրել հայտարարությունը, սակայն Հունգարիայի իշխանությունները շարունակեցին մերժել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG