Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ից 26 տարի անց զոհերի հարազատները և իշխանությունները շարունակում են գործը չբացահայտված համարել


Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից 26 ու հեղափոխությունից ավելի քան 7 տարի անց թե՛ զոհերի հարազատները, թե՛ իշխանությունները շարունակում են գործը չբացահայտված համարել: Միայն թե իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, թե՛ հեղափոխության հարթակից, թե՛ խորհրդարանական վերջին ընտրություններում խոստանում էին վերջապես պատասխանատվության կանչել պատվիրատուներին:

«Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ստանում Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանը տալու այս ընտրություններում.... Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Բայց այս խոստումից 4 ու գործի վերաբացումից 6 տարի անց Անահիտ Բախշյանը հույսը կորցրել է. «Շահագրգռված չեն, մտքափոխվել են, թե ինչ են եղել, չեն բացահայտում: 6 տարի է՝ գործը վերաբացվել է իբրև թե, բայց գործն առաջ չի գնում: Երբ 19 թվին ես դիմեցի, ասացի՝ քաղաքական կամք կա կարծես, իսկ այսօր ես ասում եմ՝ քաղաքական կամքը չգիտեմ ուր է կորել, եթե եղել է. գլխավոր դատախազից, Քննչականից սկսած, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»:

Ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին արտաքին հետք է տեսնում Նաիրի Հունանյանի խմբի հետևում, ենթադրում է՝ դրա պատճառով նաև այս իշխանության ձեռքերը չհասան կազմակերպիչներին. «Էստեղ Ռուսաստանի մատը կա: Հիմա չեն կարողանում ասել, չեն կարողանում խոսել այդ մասին երևի»:

Վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը ևս համոզված է, որ գործն արգելակել է, երբ պետք է քննվեր դրսի ուժերի միջամտության հարցը. «Քանի դեռ արտաքին քաղաքական վարկածը, որը բազմաթիվ առումներով հնչեցվել է, չի ստուգվել, չի ճշտվել, այն բացահայտված համարել հնարավոր չէ: Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերվում են նաև այն մարդկանց, որոնք, ցավոք սրտի, այսօր չկան՝ զոհվել են կամ Հայաստանից բացակայում են: Այսինքն՝ ներքին օժանդակողներին գտնելու առումով էլ խնդիրներ կան: Երկրորդ՝ գլխավոր ոճրագործը երբեք չի ընդունելու, որ իրեն ուղղորդել են»:

Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանն էլ, որ իշխանափոխությունից հետո լավատեսությամբ էր խոսում ոճրագործության բացահայտման մասին, այսօր կարճ ձևակերպեց. «Բացահայտման հետ կապված հարցերը խնդրում եմ ուղղել դատախազությանը»:

Իսկ դատախազությունը միայն հայտնում է, որ անցած մեկ տարում իրականացվել են հարցաքննություններ, ուղարկվել են տեղեկատվության հարցումներ, առգրավվել են հույժ գաղտնի փաստաթղթեր և այլն: Իրավապահ կառույցը որևէ մանրամասն չի փոխանցում:

Գործը վերաբացվել է 2019 թվականին, Նաիրի Հունանյանն ու խմբի մյուս անդամները, վկաները նորից հարցաքննվել են, բացվել են դատական գործի արխիվները:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր դժգոհում էր քննության ընթացքից. «Բացահայտման համար բոլոր հիմքերը կան, ոնց որ Մարտի 1-ը 17.5 տարի հետո իր ճանապարհը գտավ, բոլոր ճանապարհները եթե անկեղծ դրված են որևէ փաստարկված նյութի մեջ, դա իր արդյունքը շուտ թե ուշ տալու է: Բազմաթիվ խնդիրներ կան իրավական համակարգում և նրա մեջ ծառայող մարդկանց անտարբերության մեջ, որը չի տալիս հնարավորություն գնալ այդ ճանապարհով ու կարևորությունից ելնելով օր առաջ հոգի դնել ու հասնել բացահայտման՝ ունենալով այսքան մեծ հնարավորություն: Երբ ես ասում եմ, որ Գլխավոր դատախազություններ ունի անելիք թող չնեղանա որևէ մեկը, ոչ էլ դրա մեջ վատ բան տեսնեն»:

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքով սպանվել է բարձրաստիճան 8 պաշտոնյա, հանցախումբը դատապարտվել է ցմահ ազատազրկման, մի մասը տարբեր հանգամանքներում մահացել է, առանցքային վկաներից ոմանք ևս արդեն մահացել են կամ Հայաստանում չեն:




XS
SM
MD
LG