Մատչելիության հղումներ

Բանտում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը


1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ԱԺ նիստերի դահլիճում
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ԱԺ նիստերի դահլիճում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը, նախնական վարկածով՝ սրտի կաթվածից, վերջնական եզրակացությունը դատաբժշկական փորձաքննությունը կտա: Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ մի շարք անձինք են հարցաքննվել, կատարվել է դեպքի վայրի զննություն:

20 տարվա ազատազրկումից հետո Կնյազյանը մի քանի անգամ դիմել էր ներման խնդրանքով, վերջինը՝ այս տարվա հունիսին, սակայն դատարանը մերժել էր։ Նա մահացել է երկու օր առաջ բանտախցում, ասաց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մամուլ խոսնակ Նոնա Նավիկյանը:

«Ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին ժամը 19:05-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, ժամը 19:35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է ցմահ դատապարտյալի կենսաբանական մահը», - «Ազատությանը» փոխանցեց Նավիկյանը:

65-ամյա Կնյազյանը Նաիրի Հունանյանի հանցախմբի անդամներից էր, որ շուրջ 25 տարի առաջ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներխուժել էր Ազգային ժողով ու սպանել վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվել էին:

Հենց Կնյազյանի մեքենայով էին, ըստ հրապարակված ցուցմունքների, հանցախմբի մի քանի անդամներ հասել Ազգային ժողով: Նա, ըստ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի, ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի և նրա եղբոր՝ Կարեն Հունանյանի ընկերն է եղել:

«Իր մեքենայով էդ տեռորիստներին բերել էր Ազգային ժողով: Կարծիք կար, որ իր մեքենայով են զենքերը բերել, չնայած ինքը դա հերքում էր: Դատարանը այդպես էլ մինչև վերջ չբացահայտեց, թե զենքը ինչպես հասավ դահլիճ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Փաստացի, ահաբեկչության գործով ցմահ դատապարտված 6 մեղադրյալներից 3-ն արդեն մահացել են: Հունանյանների քեռուն՝ Վռամ Գալստյանին, 20 տարի առաջ Նուբարաշենի մեկուսարանում հայտնաբերեցին կախված: Համլետ Ստեփանյանը, ըստ պաշտոնական վարկածի, հանկարծամահ եղավ 2010 թվականին: Բացի այդ, 2004-ին ավտովթարից հետո ուշքի չգալով մահացել էր գործով կալանավորված, ապա ազատ արձակված Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը: Գործով անցնող վկա, ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը մահացել էր նույն թվականին Միացյալ Նահանգներում, կրկին ավտովթարից: Մեկ այլ առանցքային վկա՝ ԱԺ անձնագրային բաժնի աշխատակցուհի Հասմիկ Աբրահամյանը, նույն 2004-ին ինքնասպան եղավ հենց Ազգային ժողովի շենքում:

«Կատարվածի մասին ողջ ճշմարտությունն իմանալու հնարավորությունները գնալով պակասում են», - ասում է Յուրի Բախշյանի այրին: - «Ցավոք, պիտի արձանագրեմ, որ ոչինչ չի արվել մինչև հիմա էդ գործը բացահայտելու համար, նամանավանդ որ այ այդպես հերթով բոլոր վկաները և ահաբեկիչներն են հերթով մահանում»:

2000-ին «Հոկտեմբերի 27»-ի գործով մաս էր անջատվել՝ պարզելու՝ կայի՞ն արդյոք հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման օրոք չորս տարի շարունակված քննությունը, սակայն, որևէ արդյունք չտվեց, և գործն ինչպես բացվեց, այնպես էլ փակվեց: 2018-ի հեղափոխությունից մեկ տարի անց Անահիտ Բախշյանի պահանջով քննությունը վերսկսվեց, բայց մինչև հիմա՝ արդեն հինգ տարի անց, բեկում չկա:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց՝ կարող է միայն փոխանցել, որ նախաքննությունը շարունակվում է:

Բախշյանը թերահավատ է. - «Ոչ մի միլիմետր առաջ չի գնացել, որովհետև անցած 25 տարվա Հայաստան պետության գլխին եկած փորձանքները՝ դրսի, արտաքին ուժերի կողմից, ակնհայտ դարձան: Էսօրվա իշխանությունը էդ քաղաքականությունը չի կարողանում էնպես վարի, կամ էն մարդկանց չի գտնում, որ կարողանան էդ գործը հետաքննեն: Ուրեմն՝ ինչ-որ բան խանգարում է»:

«Հոկտեմբերի 27»-ի գործով մեղավորներին պատժելը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի արտահերթ ընտրությունների խոստումներից մեկն էր դեռ 2021-ին. - «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների պատասխանը տալու այս ընտրություններում», - հայտարարել էր նա:

Այս հայտարարությունից երեք տարի է անցել, Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն այսօր էլ չեն մանրամասնում՝ «Հոկտեմբերի 27»-ը նախ՝ «ուչաստկովիի գործ», ապա՝ «ահաբեկչության ճանապարհով հեղաշրջման փորձ» որակած նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու այդ ժամանակ ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսյանը հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ:

«Բա Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, էկեք պատասխան տվեք «Հոկտեմբերի 27»-ի մասին, էկեք պատասխան տվեք նրա մասին, որ ձեր ղեկավարած Ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ ա էղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու ա և զենքով գնդակահարելու ա ժողովրդի առաջնորդներին», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

«Հոկտեմբերի 27»-ը քաղաքական սպանություն էր, ոչ թե ահաբեկչությամբ իշխանությունը զավթելու փորձ, ասում է Անահիտ Բախշյանն ու շարունակում՝ թող Փաշինյանը բացատրի՝ ինչո՞ւ ընտրություններից առաջ հայտարարեց, որ գործը կբացահայտվի, մեղավորներն էլ կպատժվեն, բայց այդ խոստումն այդպես էլ օդում թողեց:

«Իմ հավատը, վստահությունը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպառվել է», - այսօր «Ազատությանն» ասաց Անահիտ Բախշյանը, - «Գնա Նիկոլ Փաշինյանին հարցրու՝ ի՞նչն է խանգարում, որ բացահայտեք էդ մեր պետության թշնամիներին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG