Մատչելիության հղումներ

Հող գնելը դժվարացել է. նոր աճուրդային կարգը Գյումրիում


Գյումրի
Գյումրի

Գյումրիում փոքր բիզնես հիմնած Արսեն Վարդանյանը ցանկանում էր քաղաքի ծայրամասում՝ 13-րդ գոտում, հողամաս գնել, բայց անակնկալի է եկել, երբ քաղաքապետարանից հայտնել են, որ աճուրդի կարգն է փոխվել: Այսուհետ ոչ թե կադաստրային գինն է լինելու մեկնարկային արժեքը, այլ շուկայականը, որը կարող է մի քանի տասնյակ կամ հարյուրավոր անգամ բարձր լինել:

«Այն տարածքը, որ նախկինում գնային առումով ձեռք բերելու ցանկություն ունեի, մոտավորապես 12.5 անգամ ավելի բարձր թիվ են ներկայացրել՝ 1 քառակուսի մետրը ներկայացվել է 25 հազար դրամ», - «Ազատությանն» ասաց նա:

Բայց ընդունված օրենք, որ համայնքային հողերի աճուրդներն արդեն պետք է շուկայական արժեքով անցկացվեն, դեռ չկա, թեև կառավարությունը դեռ հուլիսին էր մշակել այս փոփոխությունը: Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է՝ իրենք մարզպետարանից գրություն են ստացել և դրանով են առաջնորդվում:

«Երբ հողամասերն ավելի քիչ արժեքով են օտարվում, հետո շուկայում այլ գներ են գործում, դա ուղղակի միանգամից վնաս է համայնքային բյուջեի, այսինքն՝ ստացվում է, որ այդ հողի գինն արժեր ինչ-որ x միավոր, բայց վաճառվել է x մինուս միավոր: Դրա համար կառավարությունն անդրադարձել է դրան, և հանձնարարությունը եղել է, որոշման նախագիծն էլ պատրաստ է, որ մեկնարկային գինը պետք է լինի շուկայական արժեքի մոտավոր արժեքների մեջ», - ասաց նա:

Այս առաջարկությունը բոլոր համայնքներն են ստացել, բայց այն պարտադիր չէ, թերևս այն պատճառով, որ օրենքը դեռ չի ընդունվել: Ամեն դեպքում Գյումրիի քաղաքապետարանում որոշել են, որ աճուրդների մեկնարկային գինը շուկայականով է սահմանվելու: Մտավախություն ունեն, որ մի շարք քրեական գործերով անցնող համայնքապետերի պես իրենց էլ մի օր դատեն, եթե հողերն էժան օտարեն:

«Վերջին շրջանում ՀՀ համայնքի ղեկավարներից մեծ մասին՝ սկսած նախկիններից մինչև հիմա, միշտ հարցեր են տրվել, մեղադրանքներ են առաջադրվել, որ հողերն օտարվել են շուկայականից ավելի ցածր գներով», - նշեց ճարտարապետը:

Տարեսկզբին վարչապետ Փաշինյանն էր կառավարության նիստին հողերի աճուրդներին անդրադարձել, շեշտել, որ դրանք հիմնականում ձևական են: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հավելել էր, թե քրեական վարույթների մեծ մասը հողերի ձևական աճուրդների համար են հարուցված, ու առաջարկել, որ շուկայական արժեքը սահմանվի մեկնարկային գին:


Հողի շուկայական արժեքը կորոշի անկախ գնահատողը: Գյումրիի գլխավոր ճարտարապետն ասում է՝ մրցույթով արդեն գնահատող կազմակերպությունն ընտրվել է, ու առաջիկայում ավագանին կսահմանի աճուրդով օտարվելիք հողամասերի մեկնարկային գինը: Այսինքն՝ այլևս հողամասի գոտիականությունը էական չի լինի:

Հարցին, թե Գյումրիի ծայրամասում մեկ քառ/մ-ի համար 22-25 հազար դրամը բա՞րձր գին չէ, Գասպարյանը պատասխանեց. «Շուկայական արժեքը դրված է, որ դա լինի մեկնարկային գինը, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ գնով պիտի վաճառվի, եթե չի կայանում, մենք վերանայում ենք, կա դասական աճուրդի մեթոդը, որ գները կարող են իջնել, այսինքն՝ վերջնական ինչ գնով վաճառվեց, այդ հողի գինը դա է»:

Բայց Արսեն Վարդանյանի համար, որ գումար էր խնայել սեփական տունը կառուցելու համար, այլևս անիրատեսական է դառնում հող գնելը: Կարծում է՝ գոնե փուլային տարբերակով էր պետք այս որոշումը առաջ տանել. «Այստեղ պիտի լինի, անունը կարող ենք դնել փուլային, որոշակի խրախուսման մեխանիզմներով, բայց գոնե տրամաբանությունը հուշում է, որ ցածր կամ միջին եկամուտ ունեցող մարդու համար պիտի հասանելի լինի ՀՀ-ում որևէ բան ստեղծելը»:

Վարդանյանն ընդգծեց՝ այլապես մի ամբողջ կարողություն է պետք, որ միայն հող գնես. «Ինքը, իմ պատկերացմամբ, դարձավ խոշոր խաղացողների համար դաշտ»:

Իսկ արդյոք կա տարբերակված մոտեցում՝ տուն կառուցել ցանկացող քաղաքացու ու բիզնես շահ ունեցող կառուցապատողի միջև, Գասպարյանն ասաց՝ ոչ:

Անօթևանության խնդիրը տասնամյակներով չհաղթահարող Գյումրիում շատերն իրենց բնակարանային խնդրի լուծումը տեսնում են հենց իրենց տնակների տարածքում տուն կառուցելով: Շուկայական արժեքով հողատարածք երկրորդային շուկայից գնելու փոխարեն թող համայնքապետարանից գնեն, ասում է Գասպարյանը:

Պաշտոնյան հավելում է՝ հողը սահմանափակ ռեսուրս է:

Հող գնելը դժվարացել է. նոր աճուրդային կարգը Գյումրիում
please wait

No media source currently available

0:00 0:05:43 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG