Հնդկական օվկիանոսում կվերսկսվեն 2014 թվականի մարտին անհետացած Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգ 777» ինքնաթիռի որոնումները։
Ֆրանսիայի միջազգային ռադիոն (RFI) հաղորդել է, որ որոնողական աշխատանքները կիրականացնի ամերիկյան Ocean Infinity ընկերությունը՝ Մալայզիայի տրանսպորտի նախարարության աջակցությամբ։
Նշվում է, որ հետաքննությունը վերսկսելու որոշման համար հիմք են հանդիսացել արված հետազոտություններն ու մեծ թվով փորձագետների տվյալները։
Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող «Բոինգ»-ի հետ կապն ընդհատվել էր 2014 թվականի մարտի 8-ին՝ թռիչքի մեկնարկից մոտ մեկ ժամ անց, օդանավի և 239 ուղևորների որոնողական աշխատանքները մինչ օրս որևէ արդյունք չեն տվել:
Ավելի վաղ հենց Ocean Infinity ամերիկյան ընկերությունը երեք ամսում Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում հետազոտություններ է կատարել, ստուգել է 112 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Ի վերջո, Մալայզիայի իշխանությունը խնդրել է ընկերությանը դադարեցնել որոնումները:
Այս ընթացքում մոտ 27 բեկոր է հայտնաբերվել, չեն բացառվել, որ դրանք ինքնաթիռի բելորները լինեն։ Փորձագետները եզրակացրել են, որ օդանավը մասերի է բաժանվել, սակայն օդում, թե օվկիանոսին բախվելիս, այդպես էլ չեն պարզել։ Հետաքննության վերջին արդյունքները հրապարակվել են 2018-ին, սակայն աղետի հանգամանքներն ու պատճառները փորձագետները չեն կարողացել պարզել՝ չբացառելով «երրորդ կողմի միջամտության հնարավորությունը»։
Որոնողական աշխատանքները կսկսվեն Պերտ քաղաքից մոտավորապես մեկուկես հազար կիլոմետր հեռավորության վրա։
Եթե Ocean Infinity-ն հայտնաբերի ինքնաթիռի բեկորները, ընկերությունը 70 մլն դոլար կստանա։ Պայմանագիրը 18 ամսով է կնքվել։
Ocean Infinity-ն հիմնադրվել է 2017-ին և ծովային հետազոտություններ իրականացնում է ռոբոտների միջոցով: Ընկերությունն իր 7 տարվա գործունեության ընթացքում անհետացած նավեր է հայտնաբերել։ Նրա կիրառած տեխնոլոգիաների օգնությամբ հայտնաբերվել են արգենտինական «Սան Խուան» սուզանավը, որը խորտակվել է 2018 թվականին, ֆրանսիական «Միներվա» սուզանավը, որն անհետացել է 1968 թվականին։
Ընկերությունը մասնակցել է նաև Անտարկտիդայում 1915-ին խորտակված եռակայմ Endurance նավի որոնմանը։ Նավի բերկորները հայտնաբերվել են 2022 թվականին։