Մատչելիության հղումներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2025-ին բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 35 դեպք է գրանցվել

ՀՀ ԶՈՒ զինծառայողներ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողներ, արխիվ

Բանակը շարունակում է կորուստներ ունենալ խաղաղ պայմաններում, իրավապաշտպան կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել՝ նշելով՝ պաշտոնական վիճակագրության թվերը տարբերվում են իրենց ուսումնասիրության արդյունքներից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը թարմացրել է 2025 թվականի մահացության դեպքերի զեկույցը: Կազմակերպության փորձագետ Նազելի Մովսեսյանն ասում է՝ պաշտոնական կառույցները նոր տվյալներ են տրամադրել, բայց այդ տվյալներն ու իրենց բացահայտումները միմյանց հակասում են:

«Մեր գնահատմամբ՝ սա ավելի շատ ոչ թե դիտավորյալ տվյալների չտրամադրում է կամ թերի տրամադրում, այլ վարքագծի և տվյալները հավաքագրելու մոտեցման տարբեր ձևեր, որոնց արդյունքում ունենում ենք այս անհամապատասխանությունները: Այստեղ վարքագծի հարցն է, թե ինչպես է վարվում վիճակագրությունը հենց Դատախազությունում, և որի արդյունքում կազմակերպությանը տրամադրված տվյալները արդեն մեկը մյուսին հակասում են», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մովսեսյանը:

Թեև անցած տարի 2024 թվականի համեմատ բանակում մահացության ընդհանուր թիվը նվազել է շուրջ 9 տոկոսով, բայց թվերը դեռևս մտահոգիչ են մնում, ասում է Նազելի Մովսեսյանը: 2024-ի փետրվարից մինչ օրս բանակում հրադադարի խախտման հետևանքով զոհեր չեն գրանցվել, սակայն ոչ մարտական պայմաններում կորուստների թիվը գրեթե անփոփոխ է. 2024-ի 36-ի փոխարեն անցած տարի 35 մահ է գրանցվել։

Ըստ իրավապաշտպանի՝ սա նշանակում է, որ ներքին խնդիրները բանակում շարունակում են նույնքան կյանքեր խլել, որքան նախկինում. - «Միտումը, որ եթե նույնիսկ չկա լարված իրավիճակ սահմանին, հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, միևնույն է՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը բավականին մեծ թիվ են կազմում»:

Առավել մտահոգիչ է, որ մահվան մասին տվյալներում մեծ են ինքնասպանությունների ու սպանությունների թվերը, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի ավելի քան մեկ քառորդը։ Չնայած վերջին հինգ տարիների ընթացքում այս ցուցանիշը որոշակի նվազման միտում ունի, այն շարունակում է մնալ բարձր՝ իրավապաշտպան կառույցի գնահատմամբ։ 2025-ի վիճակագրությունը ևս մեկ անգամ փաստում է՝ եթե սահմանին անդորր է, ապա ներսում՝ զորամասերում, զինվորի անվտանգության երաշխիքները մնում են խոցելի։

«Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը եթե դիտարկենք, նախորդ տարվա համեմատությամբ ընդամենը մեկ դեպք է պակաս: Եվ որպես կանոն՝ այս ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թվում բավականին մեծ են ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը, սպանություն որակված գործերը, առողջությանը ծանր վնաս պատճառելու, բռնության հետևանքով մահվան դեպքերը: Եթե մենք ունենք թեկուզ մեկ դեպք, որը ինքնասպանության կամ սպանության դեպք է՝ արժանապատվությունը նվաստացնելու միջոցով, դա արդեն ցուցանիշ է, որ փոփոխությունները, որոնք կատարվում են բանակում, ոչ բավարար են», - ընդգծեց իրավապաշտպանը:

Դեպքեր են տեղի ունեցել նաև այլ պատճառներով՝ ավտովթարներից մինչև հիվանդություններ: Մինչդեռ պաշտոնական կառույցները սրանք չեն կապում բանակի հետ: Ավելի վաղ Ազգային ժողովում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զայրացել էր, թե ինչո՞ւ են բանակին վերագրվում նաև այն դեպքերը, որոնք ծառայության ընթացքում չեն եղել: Ըստ նախարարի՝ 2025-ի ընթացքում բանակում մահվան 30 դեպք է արձանագրվել, որից միայն 6-ն է զինծառայության հետ կապված եղել, իսկ 24-ը ծառայության հետ կապ չունեն:

«Էս ամենը գումարում են իրար էդ 30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատն առած ժամկետային զինծառայողներն իրար կոտորում են կամ իրար նվաստացնում են, որ ինքնասպան լինեն։ Մենք չենք հերքում, որ բանակում կան խնդիրներ, մենք չենք հերքում, որ բանակում կան ոչ կանոնադրային հարաբերություններ, մենք դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում, բայց էս կերպ փորձել անընդհատ ահաբեկել ու ցավեցնել մեր հասարակությանը՝ սա մի բանի մասին է՝ էս բոլոր հավաքական խմբերը, նորից եմ ասում, նաև արտախորհրդարանական նոր ձևավորվող նորելուկ կուսակցությունները, նրանք բոլորը մահվան և պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են, սիրելի հայրենակիցներ», - հայտարարել էր նախարարը:

Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը շեշտում է՝ պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա դեպքերից միայն 10-ն են կապված եղել զինծառայության հետ: Այս դեպքում բարելավում կա, բայց, միևնույն ժամանակ, տարակուսում է՝ ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունն իր խնդիրը չի համարում զինծառայողին առողջական խնդիրներով բանակ զորակոչելը, կամ բանակում պարբերաբար առողջական վիճակի ստուգումներ չանցկացնելը: Ընդ որում, առողջական խնդիրներից մահացության դեպքերն անցած տարի աճել են. 2025-ին այս պատճառով արձանագրվել է 12 դեպք, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

«Բազմաթիվ են դեպքերը, երբ զինծառայողները առողջական խնդիրների հետևանքով, հիվանդության հետևանքով մահանում են հենց այդ պլանային հետազոտությունների չիրականացման հետևանքով: Չեմ խոսում նաև այն դեպքերի մասին, որ, օրինակ, զորակոչի ընթացքում իրականացված հետազոտությունները լինում են թերի՝ առողջական վիճակի հետազոտությունները, որոնք հետագայում հանգեցնում են եթե ոչ մահվան, բայց առողջական վիճակի վատթարացման այն աստիճանի, որ զորացրվելուց հետո զինծառայողը, քաղաքացին ունենում է արդեն լուրջ առողջական խնդիրներ», - շեշտեց Մովսեսյանը:

Բանակում մահվան դեպքերի մասին պաշտոնական աղբյուրների լռությունը ևս մտահոգել է իրավապաշտպան կառույցին։ Հելսինկյան գրասենյակը պարզել է, որ 2025-ին գրանցված 35 մահվան դեպքերից միայն 7-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն։ Սա նշանակում է, որ բանակում կորուստների 74 տոկոսը, կամ յուրաքանչյուր 4 դեպքից 3-ը, ուժային կառույցները փորձել են թաքցնել՝ զրկելով հանրությանը քաղաքացիական վերահսկողության հնարավորությունից։ Պաշտպանական գերատեսչությունն անգամ զինծառայողների անուններն ու մահվան հստակ ամսաթվերը համարել է գաղտնի տեղեկություն և չի տրամադրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին։

«Պաշտպանության նախարարությունը ինքը պետք է առաջնահերթ տարածի այդ տեղեկությունը, որպեսզի ցանկացած ապատեղեկատվություն տեղ չգտնի լրատվամիջոցներում», - նշեց իրավապաշտպանը:

Այս տարվա չորս ամիսներին արդեն գրանցվել է բանակում զինծառայողների մահվան հինգ դեպք: Վերջին դեպքը տեղի էր ունեցել երկու շաբաթ առաջ: Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Այս տարվա ընթացքում գրանցված մյուս չորս դեպքերի վերաբերյալ գործերը հարուցվել են մահվան պատճառ դարձած զինվորական անփութության, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG