Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Անկարան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Միրզոյանը նշել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար: Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը:
«Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե, պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա», - ասել է նա:
Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն:
«Սրանց շրջանակներում սահմանված TRIPP ուղին կապելու է թե Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե Հայաստանն այլ երկրների հետ, թե ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ», - նշել է Միրզոյանը:
Հայաստանն ու Ադրբեջանն այժմ քննարկում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը, երբ դա ու Հայաստանի Սահմանադրության հետ կապված խնդիրները լուծվեն, ու խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրվի, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը, հայտարարել էր արտգործնախարար Ֆիդանը: