Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն այսօր առավոտյան ուղևորվել են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ։
«Արմենպրես»-ը տեսանյութ է հրապարակել։
Նախօրեին կառավարության նիստում է որոշումն ընդունվել, որ այդ բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով կտեղափոխվեն Սիրիա։ Կառավարությունը նշել է, որ որոշման ընդունմամբ՝ մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու հնարավորություն կստեղծվի։
32 տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Մարգարայի անցակետը բացվում է հումանիտար բեռների համար։ Նախորդ անգամ 2023-ին բացվեց կամուրջը։ Երևանը 100 տոննա մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա՝ Ադիյաման քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածների համար։
Նշվում է, որ կամուրջը բաց կլինի 10 օր՝ մարտի 21-ից մինչև մարտի 31-ը։