Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն։
«Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում», - հայտարարեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բացի այդ, պետքարտուղար Բլինքենը հայտարարեց՝ աշխատում են ՀՀ-ի հետ՝ ամրապնդելու ջանքերը ինքնիշխանության և սուվերեն տարածքի պաշտպանությանը։
Նա հայտնեց, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Վաշինգտոնի ջանքերի, Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականության ու ՀՀ անկախությանն աջակցելու համար։ Երևանը հանձնառու է խաղաղության օրակարգին և դրա իրագործմանը, ինչպես նաև շարունակելու սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար, նշեց նախարարը։
«Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - նշեց նա։
Արարատ Միրզոյանը նաև ասաց, որ պաշտոնական Երևանը պատրաստակամ է աշխատելու Նահանգների նոր վարչակազմի հետ։
Ինչ վերաբերում է կանոնակարգին, նա նշեց՝ այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։
«Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով», - ասաց նա։
Արտգործնախարար Միրզոյանը հայտարարեց նաև, որ «համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով» Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ «հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»:
«Մենք հավատում ենք, որ համատեղ գործողություններն էական նշանակություն ունեն այս սպառնալիքը հասցեագրելու գործում», - նկատեց նա։
Հայաստանցի ու ամերիկացի պաշտոնյաները՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարությամբ, անցած տարի Երևանում ԱՄՆ-Հայաստան նիստ անցկացրին, որից հետո հայտարարեցին ռազմավարական երկխոսության կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելու մասին։