Մատչելիության հղումներ

Այսօր Վաշինգտոնում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրվի


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Այսօր Վաշինգտոնում Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կստորագրեն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Պետքարտուղարությունում արարողությունը կանցկացվի Երևանի ժամանակով երեկոյան 10-ին։

Թե ի՞նչ է այդ փաստաթղթով ամրագրվում, ո՞ր ոլորտներում է այն համագործակցություն ենթադրում ու ինչպիսի՞, միայն կարելի է ենթադրել. նախագիծը հրապարակված չէ, արտաքին գերատեսչությունները չեն մանրամասնում, իսկ Հայաստանի խորհրդարանում իշխանական պատգամավորները հրաժարվում են մեկնաբանություններից՝ ամենատարբեր պատճառաբանություններով։

Վաշինգտոնում այսօր ստորագրվելիք փաստաթղթի մասին առաջինը տեղեկացրեց ոչ թե իշխանությունը, այլ՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։

Հայաստանցի ու ամերիկացի պաշտոնյաները՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարությամբ, անցած տարի Երևանում ԱՄՆ-Հայաստան նիստ անցկացրին, որից հետո հայտարարեցին ռազմավարական երկխոսության կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելու մասին։

Կողմերը համատեղ հայտարարության մեջ հետագա համագործակցության մի քանի ուղղություններ էին առանձնացրել՝ աջակցություն Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին, տնտեսական և էներգետիկ դիմակայունությանն ու էներգետիկ անկախությանը, համագործակցություն անվտանգության և իրավապահ ոլորտներում։ Պայմանավորվել էին երկկողմ խորհրդակցություններ սկսել պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար: Միացյալ Նահանգները նաև հանձն էր առել աջակցել Հայաստանին՝ մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի տարածաշրջանային ապաշրջափակման՝ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկի» հիմքում։ Վաշինգտոնը նաև պատրաստակամությունն էր հայտնել աջակցել Երևանին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու հարցում։

Մինչ կողմերը փակագծեր չեն բացում՝ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո ի՞նչ ուղղությունների վրա կկենտրոնանան ԱՄՆ-ն ու Հայաստանը, «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը, հաշվի առնելով հետխորհրդային երկրներից Վրաստանի և Ղազախստանի փորձը, կարծիք հայտնեց՝ կզարգացվեն անցած տարի հայտարարված ուղղությունները:

«Մենք ունենք Վրաստանի օրինակը, որի հետ նմանատիպ փաստաթուղթ 2009-ի հունվարին է ստորագրվել, ունենք Ղազախստանի օրինակը, որը ուժեղացված ռազմավարական համագործակցություն ունի Միացյալ Նահանգների հետ 2018 թվականի հունվարից, և մենք տեսնում ենք, որ թե՛ Վրաստանի պարագայում և թե՛ Ղազախստանի պարագայում խոսքը գնում է և՛ աջակցություն ժողովրդավարությանը կամ ընդհանուր պետական համակարգի բարեփոխումներին, տնտեսական դիմակայունության բարձրացում, անվտանգային հարցերում համագործակցություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ շարունակելով. - «Չեմ բացառում նաև, որ 2024-ի ամռանը հրապարակված հայտարարության մեջ նշված ուղղություններով գուցե կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կարող են հանդիպել ավելի շատ հաճախականությամբ, օրինակ՝ տարին մեկ կամ գուցե երկու անգամ, իսկ տարին մեկ անգամ արդեն կլինի ավելի բարձր, ավելի լայն հանձնաժողովի նիստ, կգնահատվի կատարված աշխատանքը և գուցե կնախանշվեն խնդիրները հաջորդ տարվա համար»:

«Կարող է ավելացնել զսպման գործիքակազմը»

2023 և 2024 թվականներին Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացվեցին. սա կողմերը կարևոր հանգրվան էին համարել: Իսկ անցած ամռանը կայացած բարձրաստիճան դիվանագետների շփումներից հետո շատ ընդհանուր, բայց խոսք կար նաև Հայաստանի պաշտպանությանն աջակցության մասին, ի՞նչ կարող է ենթադրել այս ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը։

«Չնայած ծանոթ չեմ պայմանագրի տեքստին, բայց կասկածումեմ, որ նմանատիպ արտահայտություններ կամ ձևակերպումներ տեքստում տեղ գտնեն՝ Հայաստանում ամերիկյան ռազմակայանների հիմնում կամ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին զենքի վաճառք: Չեմ բացառում, որ կլինի որոշակի տեխնոլոգիական արտահանման հետ կապված գործող սահմանափակումների մեղմացում, որ այս պահի դրությամբ Հայաստանը այնքան էլ լավ դիրքում չէ, ինչը հնարավորություն կտա այլ պետություններին ավելի հեշտությամբ ձեռք բերել զենք, որտեղ կան ամերիկյան տեխնոլոգիաներ; Որովհետև տեխնոլոգական սահմանափակումների համաձայն՝ նույնիսկ եթե զենքը արտադրում են այլ պետություններ, սակայն օգտվում են ամերիկյան տեխնոլոգիաներից, ապա այդ զենքերը չի կարելի արտահանել այն պետություններ, որոնք գտնվում են այդ տեխնոլոգիական արտահանումների սահմանափակման ցուցակներում», - նշեց փորձագետը:

Իսկ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը կարո՞ղ է զսպել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան. - «Իհարկե, աշխարհի ամենահզոր պետության հետ ռազմավարական գործընկերություն ունենալը որոշակիորեն, բնականաբար, նաև օգնում է ամրապնդել քո անվտանգությունը, բայց արդյոք դա կարող է վճռորոշ դեր խաղալ Ադրբեջանի և Թուրքիայի ենթադրյալ պլաններում՝ նոր ռազմական գործողություններ սկսել Հայաստանի եմ, ես վստահ չեմ, որ դա կդառնա զսպիչ կարևորագույն գործոններից մեկը: Դա, այսպես ասենք, կարող է ավելացնել այդ զսպման գործիքակազմը», - ասաց Պողոսյանը:

Արդյոք ԱՄՆ հաջորդ վարչակազմը Երևանի հետ աշխատանքը կշարունակի այսօր ստորագրվող փաստաթղթի հիման վրա։ Իր վերջին ասուլիսում արտգործնախարար Միրզոյանը, պատասխանելով այս հարցին, լավատես էր, որ պայմանավորվածությունները կիրագործվեն. - «Վարչակազմների ձեռագրերի և տեսլականների տարբերություններ անշուշտ կլինեն, ինչպես բոլոր երկրներում, բայց մենք գործ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ մի պետություն, որտեղ ընդհանուր առմամբ նաև ինստիտուցիոնալ հիշողություն կա, ինստիտուցիոնալ ավանդույթներ կան, և քաղաքականություն կա, որը շարունակվում է, ի վերջո ամեն ինչ չի փոխվում: Եվ մենք մեր հարաբերությունները զարգացնում ենք Միացյալ Նահանգների հետ, ոչ թե գործող կամ հեռացող վարչակազմի կամ իշխանությունների: Մենք նաև մեր կապերը արդեն իսկ ունենք եկող վարչակազմի հետ»:

«Եթե հունվարի 20-ից հետո քաղաքական շատ պաշտոններում կլինեն փոխատեղումներ, կգան նոր մարդիկ՝ նախարարներ, փոխնախարարներ, եթե մեր տերմինաբանությամբ, ապա միջին և ստորին բյուրոկրատիան հիմնականում մնում է նույնը, և ինքը կհայտնվի որոշակի բյուրոկրատական գնացքի մեջ և կսկսի առաջ գնալ: Հնարավոր է՝ ոչ այն արագությամբ, ինչպիսին կլիներ, եթե, ասենք, ընտրություններում հաղթեր Քամալա Հարիսը և նա ստանձներ ԱՄՆ նախագահի պաշտոնը, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ շատ մեծ խոչընդոտներ պետք է որ չլինեն իրականացման համար», - ընդգծեց Բենիամին Պողոսյանը:

Ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո, ըստ ամերիկյան կողմի, վեց օրից պաշտոնավարումն ավարտող Էնթոնի Բլիքենը փակ դռների հետևում առանձին հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG