Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը «ՀԷՑ-ի օրենքը» վիճարկում է Սահմանադրական դատարանում


Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան՝ ՀԷՑ-ի վերաբերյալ իշխանական խմբակցության ընդունած օրենքը հակասահմանադրական ճանաչելու հարցով:

Ընդդիմադիրները նույն դիմումով նաև միջնորդել են կասեցնել օրենքի գործողությունը մինչև բարձր դատարանը գործով որոշում կկայացնի: «Օրենքը առնվանզ երեք կետով հակասում է Սահմանադրությանը»,-վստահ է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորը թվարկում է՝ այս ամսվա սկզբին ընդունված կարգավորումներով ընկերությունը կարող է զրկվել լիցենզիայից՝ առանց դատարանի որոշման, բացի այդ, հնարավորություն է ստեղծվել սեփականատիրոջը զրկել իր սեփականությունից՝ Սահմանադրությամբ չթույլատրված մեթոդներով: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, վիճահարույց է նաև այն, որ նոր ընդունված օրենքը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել ընկերությանը նախկինում թույլ տված խախտումների համար: Եվ սա, ըստ Մինասյանի, ամբողջը չէ․ օրենքում վիճահարույց մի շարք այլ կարգավորումներ ևս կան, որոնց վերաբերյալ Սահմանադրական դատարանը պետք է գնահատական տա:

«Արձանագրել ենք նաև միջազգային իրավունքի մի շարք խախտումներ, այդ թվում՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների։ Այս պայքարը միայն սեփականության իրավունքի մասին չէ, այլև Հայաստանի՝ իրավական, ժողովրդավարական պետության կառուցման մասին է»,-ասում է Արծվիկ Մինասյանը։

«Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն պաշտպանող հարցազրույցից հետո վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պետականացնելու են ՀԷՑ-ը: Երկու շաբաթվա ընթացքում նրա ղեկավարած ուժը մշակեց օրենսդրական փոփոխություն, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը: Օրենսդրական փաթեթն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ 24 ժամվա ընթացքում: Ի՞նչ ակնկալիք ունեն ընդդիմադիրները Սահմանադրական դատարանից, եթե, նրանց համոզմամբ, ամբողջ գործընթացը քաղաքական է, հարցին Մինասյանը արձագանքեց՝ «ակնկալիքը մեծ չէ, բոլոր դեպքերում մենք Եվրոպական ու միջազգային դատարան ենք գնալու»։

Սահմանադրական դատարանի 8 անդամից 7-ն ընտրվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այդ թվում՝ դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Միակ դատավորը, որ նախկին իշխանության օրոք է ընտրվել, Հրայր Թովմասյանն է:

Արծվիկ Մինասյանն այսօր շեշտեց՝ հենց իրենց դիմումը ՍԴ վարույթ ընդունվի, կներկայացնեն նաև այլ միջնորդություն, օրինակ, որ այն բանավոր ընթացակարգով քննվի:


«Թեմայի շուրջ մինչ օրս ոչ մի հանրային քննարկում տեղի չի ունեցել, ոչ մի ընթացակարգ չի պահվել, այդ թվում՝իրավասու մարմինների կողմից կարծիքների տրամադրումը»,-պնդում է ընդդիմադիր պատգամավորը։

Սահմանադրական դատարանը եռօրյա ժամկետում պետք է դիմումատուներին առաջարկի շտկել հնարավոր թերությունները, եթե դրանք լինեն, իսկ քսանօրյա ժամկետում որոշում կայացնի՝ վարույթ ընդունել-չընդունելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG