Մատչելիության հղումներ

Հայաստանը Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման փաստով միջազգային կառույցներին չի դիմի

Լրացված
Լեռնային Ղարաբաղ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը դուրս են գալիս Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարից, 9-ը մայիսի, 2019թ.
Լեռնային Ղարաբաղ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը դուրս են գալիս Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարից, 9-ը մայիսի, 2019թ.

Հայաստանը միջազգային կառույցներին չի դիմի ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման փաստով:

«Ես չեմ կարծում, թե մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին՝ Փաշինյանը հորդորում է շրջահայաց լինել. - «Ես ուզում եմ ասել ուղիղ և առանց սեթևեթանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ, առավել ևս հիմա, պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են»:

Երեկ արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի ու Արցախի մեծությամբ երկրորդ եկեղեցին՝ Ստեփանակերտի Մայր տաճարը Բաքուն հողին է հավասարեցրել: Հասարակական մի շարք կազմակերպություններ փաստի արձանագրումից բացի ակնկալում էին, որ Հայաստանի իշխանությունը հարցը միջազգային հարթակներ կհասցնի՝ այն տրամաբանությամբ, որ հոգևոր ու մշակութային հուշարձանների ոչնչացումը թշնամանքի նշան է, ոչ թե խաղաղության, որ Հայաստանի իշխանության պնդմամբ արդեն կա:

«Մենք հիմա փորձում ենք ամբողջացնել տեղեկատվությունը», - ասաց վարչապետը:

Տեղեկությունն ամբողջացնելուց ու տաճարի ավերման հարցում համոզվելուց հետո իշխանությունը ոչինչ չի ձեռնարկի, որովհետև, ըստ Փաշինյանի, խաղաղությունը սրանով չի, խաղաղ սահմանով ու միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով է: Իսկ փոխադարձ մեղադրանքները, օրինակ՝ հուշարձանների ավերման հարցով, համարում է թակարդ, որից պետք է դուրս գալ ավետարանական ճշմարտությամբ. - «Ինչ դատով դատվենք, նույն դատով դատվելու ենք, ինչ չափով չափենք, նույն չափով չափվելու ենք»:

Վարչապետի խոսքից հասկանում ենք՝ մեզ էլ ասում են՝ «ադրբեջանական հուշարձաններն եք քանդել». առաջարկում է պատմությանն ամբողջական նայել, առերեսվել պատմությանը. - «Մենք ունե՞նք էդ համարձակությունը: Ես ունեմ էդ համարձակությունը»:

Շաբաթներ առաջ էլ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին էր Բաքուն հիմնահատակ ավերել: Այդ ժամանակ էլ լրագրողի հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետն առաջարկել էր փոխադարձ մեղադրանքների էջը փակել. - «Մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում, մեզ են մեղադրում, մենք ենք մեղադրում, մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում... »:

Ադրբեջանական կողմը, սակայն, իր հսկողության տակ անցած տարածքներում հուշարձանների ոչնչացմանը զուգահեռ՝ պարբերաբար «հայկական վանդալիզմի» մասին է խոսում: Թեման փակելու առաջարկներ այստեղից չեն հնչում: Որ Արցախի հուշարձանների հարցով Հայաստանը չի զբաղվելու, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր նաև մեկ շաբաթ առաջ:

«Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և ասում եմ՝ իսկ Հայաստանում կա՞ն պատմամշակութային հուշարձաններ, որ հենց էսօր ոչնչացվում են; Այո, կան, և իմ հոգսը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններն են», - ասել էր Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը. մի քանի օր է՝ Սահմանադրության այս կետն են վկայակոչում հանրային գործիչները՝ փոքրիկ հույսով սպասելով իշխանության արձագանքին:

«Հայաստանի իշխանությունները 2023 թվականից ե՞րբ են դիմել միջազգային հանրությանը: Տեսեք, սա արդեն 7-րդ եկեղեցին է, որ հիմնահատակ ավերում են, կամ հարյուրավոր եկեղեցիներ, որոնք ենթարկվել են վանդալիզմի և պղծման, ինչ-որ մի քայլ կատարե՞լ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Որ այս պատմությունն, ըստ վարչապետի, երկկողմանի սուր է՝ համաձայն չէ Հովհաննիսյանը, նա 23 տարի վկայագրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանները, ցանկեր կազմել. - «Հավասարություն դնելը, նորից եմ կրկնում, դա մեղանչում է ճշմարտության դեմ»:

Պնդում է՝ Արցախի տարածքում 10 մզկիթ է եղել, 9-ը տեղում են, մեկը ոչնչացրել են ադրբեջանցիները՝ վերջերս:

«Շուշիում գտնվող մզկիթներին, Ակնայի մզկիթին, Կովսականում գտնվող մզկիթին, Այգեկի մզկիթին... հա, իմիջիայլոց, Այգեկի մզկիթ-աղոթարանը ադրբեջանցիները ոչնչացրել են 2025 թվականին՝ շինարարական աշխատանքները, այնտեղ ճանապարհին անմիջապես եզրին էր գտնվում», - նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը:

Իսլամական մշակույթի հոգևոր պաշտամունքային բոլոր հուշարձանները եղել են Արցախի հուշարձանների պետական ցանկում, որոշ տեղերում դրանք միայն ցանկապատվել են, որոշ տեղերում՝ ամբողջությամբ վերականգնվել, պնդում է Հովհաննիսյանը. - «Միայն Շուշիի թե Վերին փոքր մզկիթը, որը վերականգնվել է մեր սփյուռքահայ բարերարների կողմից, ինչպես նաև Շուշիի հանրահայտ Գոհար աղայի մզկիթի վրա ծախսվել է 447 միլիոն դրամ»:

Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ եթե որոշ իսլամական հուշարձաններ տուժել են, ապա՝ ռազմական գործողությունների պատճառով. դրանց հետևանքով նաև հայկական հուշարձաններ են ավերվել: Բաքուն պնդում է՝ հայերը շուրջ 70 հուշարձան են ոչնչացրել Արցախի տարածքում, ըստ Հովհաննիսյանի՝ այդպիսի թիվ խորհրդային ցանկերում էլ չկա:

Ստեփանակերտի Մայր տաճարի քանդման վերաբերյալ պաշտոնական Բաքուն ոչինչ դեռ չի հայտարարել:

«60 վանական համալիր ենք թողել Արցախում, 385 եկեղեցի», - ընդգծեց Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետը:

Սրանք երեք տարվա վաղեմության թվեր են:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG