Հայաստանը և Միացյալ Նահանգները երեկ ստորագրեցին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։ Ընդգծվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը. Հայաստան, որն ի զորու է պաշտպանել իր միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը։
Միացյալ Նահանգներն աջակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում շեշտվում է երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Երեկ ստորագրված հայ-ամերիկյան փաստաթուղթն արձանագրում է, որ Հայաստանը դեպի ծով ելք չունի և բախվում է մարտահրավերների համաշխարհային առևտրային շուկաներին սահմանափակ հասանելիության պատճառով, Վաշինգտոնն աջակցում է Երևանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին՝ Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի խթանման միջոցով:
Միացյալ Նահանգների պետքարտուղարը շեշտում էր, որ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովը հայ-ամերիկյան հարաբերություններն ընդլայնելու մեծ հնարավորություն է տալիս:
«Մենք նաև աշխատում ենք Հայաստանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում՝ մասնավորապես, աջակցելու ջանքերին՝ հաստատելու իր անկախությունն ու ինքնիշխանությունը սեփական տարածքում», - հայտարարեց Էնթոնի Բլինքենը:
Չհստակեցնելով, թե մասնավորապես ինչի մասին է խոսքը, պետքարուղարը տեղեկացրեց, որ առաջիկայում ամերիկացիների խումբ է գործուղվելու Հայաստան. - «Հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մաքսային և սահմանապահ ծառայության մեր թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության համագործակցության ամրապնդման, Հայաստանի խաղաղապահ կարողությունների բարձրացման ուղղությամբ՝ Eagle Partner-ի նման զորավարժությունների միջոցով»:
Eagle Partner-ը խաղաղապահ բնույթի հայ-ամերիկյան զորավարժություն է, որ արդեն երկու անգամ անցկացվել է։ Անցած ամիս էլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել էր ամերիկացի պաշտոնակցին, Վաշինգտոնը այցը պատմական էր որակել։
Արարատ Միրզոյանը փաստաթղթի ստորագրումից առաջ խոսեց խաղաղության մասին, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտում էր Միացյալ Նահանգների հեռացող վարչակազմի ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում. - «Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է խաղաղության օրակարգին և դրա իրագործմանը, ինչպես նաև շարունակելու սերտ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար»։
Տևական ժամանակ է Բաքուն կտրականապես մերժում է բանակցային ամերիկյան միջնորդությունը՝ Բայդենի վարչակազմին մեղադրելով կողմնապահության մեջ։
Արարատ Միրզոյանն ըստ էության անուղղակի անդրադարձավ հնչող մտահոգություններին, որ համաձայնությունը ձեռք է բերվում մի իշխանության հետ, որը մի քանի օրից հեռանալու է, իսկ Թրամփի վարչակազմը գուցե այլ առաջնահերթություններ հռչակի:
«Նայելով ապագային՝ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունը Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:
«Որևէ անվտանգության երաշխիքի մասին այստեղ խոսք լինել չի կարող». փորձագետ
Միջազգային հարաբերությունների փորձագետ Էդուարդ Աբրահամյանը շեշտում է, որ սա ռազմավարական գործընկերության հանձնաժողովի՛ կանոնակարգ է, ոչ թե հենց բուն գործընկերության, ինչպես Միացյալ Նահանգները կնքել է, օրինակ, Վրաստանի հետ։
Ըստ փորձագետի, սա միայն ուղենշում է հետագա անելիքները՝ հասնելու ռազմավարական գործընկերության։ Աբրահամյանի համոզմամբ՝ փաստաթղթում լղոզված են անվտանգությանը վերաբող դրույթները. - «Չի նշված արտաքին սպառնալիքների խնդիրը, մինչ, օրինակ, Վրաստանի փաստաթղթում և Ուկրաինայի փաստաթղթում հատկապես՝ այնտեղ ընդգծված էր Միացյալ Նահանգների պարտավորվածությունը՝ օգնել, աջակցել ռազմական կարողունակության բարձրացմանը: Որևէ անվտանգության երաշխիքի մասին այստեղ խոսք լինել չի կարող»:
Էդուարդ Աբրահամյանն ասում է՝ հիմա հայ-ամերիկյան գործակցության շեշտը պետք է դրվեր ոչ թե խաղաղապահ զորքերի համագործակցության, այլ Հայաստանի ռազմական կարողությունների բարձրացման վրա՝ հաշվի առնելով պատերազմի ամենօրյա սպառնալիքը:
«Հայաստանի համար առաջնահերթ է ռազմական և անվտանգային համակարգի ֆունդամենտալ տրանսֆորմացիան և բարեփոխումները, որը ունակ լինի ինքնուրույն և իր ուժերով դիմակայել այն արտաքին մարտահրավերներին, որ առկա են: Սակայն չի նշվում փաստաթղթում, որ Հայաստանի միջավայրը կոնֆլիկտային է, չի նշվում, որ Հայաստանը առերեսվում է էքզիստենցիալ պրոբլեմների», - ընդգծեց փորձագետը:
Ի դեպ, երեկ ստորագրված փաստաթղթով Միացյալ Նահանգները խոստանում է շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։