Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել, խորհրդարանում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով թեմայի շուրջ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեի հնչեցրած մեկնաբանություններին:
Բաքվից երեկ արձագանքել էին ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին և նշել, թե Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման համար և կատարի «այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունները»:
Միրզոյանն այսօր վերահաստատեց՝ Հայաստանը պատրաստ է օր առաջ բացել և նպաստել տարածաշրջանային ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
«Մենք հանդես ենք եկել խորը և շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» և դրա տրամաբանության շրջանակում Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկներ ենք արել, - նշեց նախարարը, ապա հավելեց, - հարցը միայն Ադրբեջանի մասին չէ։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, որը ներառում է նաև մեր արևմտյան հարևանին, մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի -Կարս երկաթգծի մասով»: