Մատչելիության հղումներ

Հայաստանը ազգային անվտանգության նոր ռազմավարություն կունենա


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայաստանն ազգային անվտանգության նոր ռազմավարություն է ունենալու։ Վարչապետի որոշմամբ, նախորդի՝ 2020 թվականի պատերազմից երկու ամիս առաջ ընդունված փաստաթղթի վերանայման համար համակարգող հանձնաժողով է ստեղծվել։ Այն ղեկավարելու է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստից հետո պնդեց՝ նոր ռազմավարության անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։

«Նախորդ ազգային անվտանգության ռազմավարությունը երբ որ պատրաստվել և հրապարակվել է 2020 թվականի ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղ ունեցել Հայաստանի շուրջ, և նաև էդ փոփոխությունների դինամիկան հաշվի առնելով՝ մենք որոշակի ժամանակ սպասել ենք, և դրանք սպասելուց հետո որոշակի հստակեցումներ ունենալով՝ մենք որոշել ենք ազգային անվտանգության նր ռազմավարություն ունենալ», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղարը:

Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողովի ղեկավար նշանակված Գրիգորյանն այսօր, սակայն, չբացահայտեց, թե հատկապես ինչ փոփոխություններ են սպասվում նոր փաստաթղթում։ 2020-ի հուլիսին ընդունված նախորդ փաստաթղթում առանձին գլուխներ կան Ցեղասպանության ճանաչման, կանխարգելման, Արցախի վերաբերյալ։ Հայաստանը դրանում ներակայացվում է որպես Արցախի անվտանգության երաշխավոր։

«Թե որ ուղղություններով են փոփոխություններ լինելու, դրա մասին այս պահին չենք կարող խոսել, որովհետև հիմնական քննարկումները, որ մենք ունեցել ենք մինչև աս պահը, դա եղել է աշխատակարգի մասին, աշխատակարգի, կանոնակարգի մասին է եղել, և քննարկումները սրանով սահմանափակվել են», - նշեց ԱԽ քարտուղարը:

Նոր ռազմավարություն մասին անցած ամիսներին մի քանի անգամ հրապարակավ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոսել։ Ամռան սկզբին նա խորհրդարանում հայտնել էր, որ փաստաթղթի մշակման աշխատանքներն արդեն սկսել են։

«Միայն մի պատճառ կա, որը որոշակիորեն հետաձգում է դ աշխատանքի եզրափակումը՝ էլի փոփոխվող աշխարհը: Որովհետև գիտե՞ք, էլի, տեսեք, նույն խնդիրը կարող է առաջանալ, դուք մի տարի հետո, եթե մենք հիմա ռազմավարությունը ընդունենք և պատշաճ խորությամբ փոփոխվող աշխարհի մասին տեղեկատվությունը չստանանք, մի տարի հետո դուք կարաք ասեք՝ «հլը մի տարի առաջ ինչ ռազմավարություն եք գրել., և համեմատեք էսօրվա աշխարհի հետ, հլը տեսեք ինչքան մեծ ճեղք կա ձեր գրածի և իրականության մեջ», - հայտարարել է վարչապետը:

Փաշինյանը, սակայն, փակագծերը չէր բացել։ Հայտարարել էր միայն, թե ռազմավարության վերաբերյալ շատ էական հարց կա, որ Կառավարությունը պետք է պատասխանի՝ արդյոք Հայաստանը որևէ դաշինքի անդամ պետք է լինի, թե՝ ոչ։

«Օրինակ՝ Հայաստանը պետք է բլոկային երկի՞ր լինի, թե՞ ոչ բլոկային երկիր: Թվում է, թե շատ պարզ հարց է, բայց ես չեմ հավակնի ասել, որ ես էսօր ունեմ համոզմունք էդ թեմայի հետ կապված: Եվ ձեզ էլ խնդրում եմ՝ ձեր փորձը, գիտելիքը ներդնեք, որպեսզի ոչ թե մենք, այլ Հայաստանի Հանրապետությունն էդ հարցի պատասխանը գտնի», - ասել էր վարչապետը:

Մինչդեռ նախորդ ռազմավարությունում շեշտվում է, օրինակ, ՀԱՊԿ-ի նախաձեռնություններին Հայաստանի ակտիվ մասնակցության մասին։ Նշվում է, թե Հայաստանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միմյանց հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը երաշխավորելու և կազմակերպության արդյունավետությունն առավել բարձրացնելու ուղղությամբ։

Չորս տարի անց, սակայն, Հայաստանը ոչ միայն ռազմական կառույցի նախաձեռնություններին չի միանում, այլև սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու հրաժարվում է ֆինանսավորել այն։ Երևան ու ռազմական կառույցի հարաբերությունները լարվեցին 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո։ Հայաստանն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ կառույցը ոչ միայն չի պաշտպանել իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։

Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման համակարգող հանձնաժողովում ներառված են մի շարք փոխնախարարներ, Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը, Ազգային ժողովի մի քանի հանձնաժողովների նախագահներ։ Աշխատանքներում ընդգրկված են լինելու նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը:

«Աշխատանքների արդեն մեկնարկը կարող ենք համարել տրված, աշխատանքային հանդիպումները շատ շուտով մենք կսկսենք, դրա շուրջ քննարկումներ են տեղի ունենում՝ աշխատանքային խմբի համար հարմար ժամկետներ ընտրելու, և ամբողջ գործընթացը կարող եմ ասել, որ հրապարակային է լինելու, և ազգային անվտանգության ռազմավարության ձևավորման ամբողջ աշխատանքի մասին հանրությունը տեղյակ կլինի», - ասաց Արմեն Գրիգորյանը:

Մինչ այս հանձնաժողովի ստեղծման որոշումը՝ Փաշինյանն ամիսներ առաջ պնդում էր, թե նոր ռազմավարության մշակման աշխատանքները շատ ինտենսիվ են ընթանում. - «Մի անհանգստացեք, էդ աշխատանքը շատ խորությամբ է արվում»:

«Ուշացրել են». Սեյրան Օհանյան

Ընդդիմության գնահատմամբ՝ իշխանությունների այս նախաձեռնությունն ուշացած է:

«Ո՞ր թիվն է հիմա, 25 թիվը, չէ՞, 20 թվականից քանի՞ տարի է անցել, հինգ տարի է անցել, չէ՞, հինգ տարի մատը մատներին չեն խփել: Բազմաթիվ անգամ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ես անձամբ եմ այդ հարցը տվել: Հինգ տարի հետո նոր եկել են այն եզրակացություն, որ պետք է մշակել ազգային անվտանգության ռազմավարություն: Ուշացրել են, ուշացրել են», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարն իր ասածը հիմնավորում է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողություններով, որոնք, նրա խոսքով, պետք է ավելի վաղ դառնային անվտանգային միջավայրի գնահատման հիմք:

XS
SM
MD
LG