Նոյեմբերի 9-ի որևէ հոդված գոյություն չունի, և սա է դե ֆակտո իրականությունը, Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե «Ադրբեջանն այս պահին ռազմական հարձակում է ծրագրում և դա կանգնեցնելու միակ ձևը նոյեմբերի 9-ն է»։
Շեշտելով, որ Հայաստանը եղել է նոյեմբերի 9-ի հայտարարության մաս և տեսել է, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում՝ Գրիգորյանն ասաց, որ վերոնշյալ կարծիքը չի կիսում։
«Նոյեմբերի 9-ը մեկ հոդված չունի, առանվազն ևս 8 հոդված ունի, և տեսել ենք թե այդ 8 հոդվածի հետ ինչեր են տեղի ունեցել։ Ինչպես կարող է որևէ մեկը՝ քաղաքական գործիչ կլինի կամ քաղաքական գործիչ չի լինի, այդ 8-ի հետ տեղի ունեցած իրականությունը չընդունի և մեկ հոդվածի համար ասի, որ մենք պետք է վերադառնանք, կարող է վերադառնանք և նույն ճանապարհը կրկնենք։ Դրա համար ես էդ կարծիքը չեմ կիսում», - ասաց ԱԽ քարտուղարը։