Մատչելիության հղումներ

Փաշինյան-Էրդողան հանդիպման հաղորդագրություններում նոր երանգներ կան. Արա Գոչունյան


Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններում նոր երանգներ կային, «Ազատության» հետ հարցազրույցում ասում է Ստամբուլում լույս տեսնող հայալեզու «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

«Մի ակնարկ կար, որ երկու ղեկավարները պատրաստակամություն են հայտնում նոր ազդակներ հաղորդելու։ Թեկուզ մի քիչ լավատեսությամբ, մենք կարող ենք այսպիսի իմաստ վերագրել, որ եթե որոշ ակնկալիքներ արդարանան, ըստ երևույթին, կողմերի միջև բավականին վստահություն է կուտակված՝ ենթակետին պատրաստելու համար այնպիսի քայլի, որ երկու ղեկավարները սեփական նախաձեռնությամբ կարող են մի աստիճան բարձրացնել այս գործընթացի ակտիվությունը կամ առավել ևս ակտիվությունից գործնականությունը», - ասաց նա։

Մեկ այլ հանգամանք, որ կարևորեց Արա Գոչունյանը, այն է, որ առաջին անգամն է երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո հայկական կողմի հաղորդագրության մեջ նշվում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։

ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին ԱՄՆ-ում հանդիպման ժամանակ նաև տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:

«Միշտ ընկալումներն այնպիսին են, որ, այսինքն՝ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք»-ի ուղղությամբ համառություն է դրսևորում, և բոլոր խնդիրների պարագայում Թուրքիան անվերապահորեն Ադրբեջանին սատարում է, ընդ որում՝ մինչև մոտ անցյալը Թուրքիայի խոսույթն էլ «Զանգեզուրի միջանցքի» հարցում չէր տարբերվում Ադրբեջանից», - նկատեց Արա Գոչունյանը։

Վերջինս Նիկոլ Փաշինյանի կողմից ««Խաղաղության խաչմերուկի» մատուցումը» Ռեջեփ Էրդողանին ընկալում է այսպես. - «Հայաստանը մի քիչ ավելի նվազ սթրես է զգում Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ, մասնավորապես իր տարածքային ամբողջակության, իր ինքնիշխանության, իր տրանզիտ ճանապարհների իրավազորության վերաբերյալ նկատմամբ հարգանքի իմաստով»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG