«Մեկ-երկու օրվա վառելիք ա մնացել, վերջին մնացորդներն ա». - Գեղարքունիքի մարզի լցակայաններից մեկի սեփականատերը սպասում է Լարսի անցակետի բացմանը, որ հեղուկ գազը Ռուսաստանից Հայաստան հասնի: Իսկ քանի դեռ եղանակային պայմանների պատճառով գազ ներկրող բեռնատարների մեծ մասը շարունակում են Լարսում մնալ, հայաստանյան շուկայում գինը գնալով բարձրանում է:
«Ազատության» անանուն զրուցակիցն իրենց լցակայանի գներն է նշում. - «250 դրամ ա արդեն բարձրացել, երևի էլի կբարձրանա, եթե սենց շարունակվի, որովհետև ներկա պահին Լարսում էլի խցանում ա, էլի մեքենաները չեն կարողանում գալ, բոլորի ունեցած հեղուկ գազը արդեն սպառվելու վրա ա: Էնպես որ, արդեն էդ դեֆիցիտի խնդիրն ա առաջանում»:
«Ազատություն»-ը շրջել է նաև Երևանում, Գյումրիում ու Վանաձորում. վիճակը նույնն է՝ լցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվում, եղածն էլ ավելի թանկ է վաճառվում:
Ռուսական հեղուկ գազը Հայաստան հասցնող բեռնատարների վարորդները միշտ նշում են՝ եղանակից բացի, Լարսում խոչընդոտների են հանդիպում նաև հայ-ռուսական հարաբերություններում տատանումներին զուգահեռ:
Հեղուկ գազի գինը տարեսկզբից է սկսել աստիճանաբար բարձրանալ: Դեռ հունվարին, երբ Իրանում հակակառավարական ցույցեր էին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանում հեղուկ գազի գնի աճը պայմանավորել էր նաև այդ իրադարձություններով, իսկ Ռուսաստանի դեպքում միայն եղանակային պայմաններն էր նշել:
«Ազատության» ներկայանալ չցանկացող զրուցակիցը պատմում է, թե հաճախ ինչ դժվարությամբ է հեղուկ գազն իրենց լցակայան հասնում. - «Ներկրումը շատ բարդ ա իրականացվում, անընդհատ Լարսում թե՛ խցանումներ ա, թե՛ եղանակային պայմաններից ելնելով՝ էլի տենց չեն կարողանում մեքենաները գալ, ստիպված ընկնում ենք ստեղից, էն մյուս տեղից, միջնորդներով ենք բերում»:
Օրերս Լարսի խցանումները հաղթահարած բեռնատարի վարորդն «Ազատությանն» ասաց՝ իր հետ նաև բենզատարներ են Հայաստան հասել, կասկածներ ունի, թե հեղուկ գազի գինն արհեստական է բարձրացվում, թե ինչո՞ւ, չգիտի: Բայց որ Լարսը եղանակով պայմանավորված փակ է, հաստատեց. - «Երեկվանից սարը փակ ա, սարը ասած՝ Գուդաուրին, Կազբեկի սարը: Բայց ինքը ընդհանուր, գազավոզներ էլի կան, որ հերթին մեջ են, սարը բացվավ՝ անմիջապես գալու են Հայաստան: Ամեն ինչն էլ դժվարությամբ ա գալիս, խի՞ մնացած ապրանքները չի թանկանում. թե՛ հացահատիկն ա, թե՛ սնունդն ա, արմատուրեն ա, տախտակն ա՝ բոլորն էլ սաղ հերթի մեջ կանգնած են, սաղ հերթով գալիս են, էդ ո՞նց ա՝ ոչ մի բանը չի թանկանում, մենակ գազն ա թանկանում»:
Հեղուկ գազից բացի, չի իջնում նաև բենզինի գինը՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը նախորդ տարվանից նաև ադրբեջանական բենզին է ներկրում:
Ավելի վաղ, լրագրողներն էկոնոմիկայի նախարարից էին հետաքրքրվել՝ ինչո՞ւ ադրբեջանական բենզինի ներկրումը չի նպաստել գների իջեցմանը:
«Ադրբեջանական բենզինը հենց գալիս ա՝ 430-ով, շատ արագ սպառվում ա, ինչքան շատ ենք բերում, էդքան արագ ա սպառվում: Հենց ադրբեջանական բենզինը վերջանում ա, բնականաբար՝ էն մյուս բենզինը նորից թանկանում ա: Դրա հետևությունը որն ա՝ որ պետք ա ադրբեջանական բենզին շատ բերենք, որ միշտ շատ լինի էժան գնով բենզինը», - պատասխանել էր Գևորգ Պապոյանը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն «Ազատության» հետ զրույցում նշել էր՝ վառելիքի գնի աճը պայմանավորված է ինչպես Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթամթերքի համաշխարհային գների աճով, այնպես էլ Հայաստանի ներսում խոշոր ներկրողների կողմից գների ձևավորմամբ:
«Հայաստանը Ռուսաստանից ներկրում է թանկացած վառելիքը, և դա չէր կարող նաև իր ազդեցությունները չթողնել ներքին գների վրա: Նաև, եթե նախկինում Հայաստանը կարողանում էր փոքր քանակությամբ դիզել, մասնավորապես՝ հեղուկ գազ ներկրել Իրանից, հիմա այդ ներկրումները դժվարացել են, առանձին դեպքում ընդհանրապես անհնար են դարձել, և դա է՛լ ավելի մեծ կախվածություն է առաջացել Ռուսաստանից ներկրումից», - նշեց Պարսյանը՝ շարունակելով. - «Մեր շուկայում այս գների աճը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայի էներգակիրների աճը: Հայաստանի հեղուկ վառելիքի շուկան, մի քանի տնտեսվարողներին բաժին է ընկնում շուկայի կեսից ավելին, և նրանք կարող են համաձայնեցված գնային քաղաքականություն վարել»:
Բենզինի ու հեղուկ գազի գնի բարձրացումն, ըստ տնտեսագետի, կարող է շղթայական թանկացումների հանգեցնել՝ հատկապես բարձրացնելով գյուղմթերքի ինքնարժեքը: Ուստի, ընդգծում է Պարսյանը, անհրաժեշտ է ընդլայնել վառելիքի ներմուծման աշխարհագրությունը: