Մատչելիության հղումներ

Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն. նախարարները տարբեր տեսակետներ հայտնեցին


«Իմ կարծիքով՝ Հայաստանում գենդերային խտրականություն չկա, բայց կա խիստ անհավասարություն», - էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նաև կարծում է՝ Հայաստանում կանայք ավելի քիչ են ներգրավված օրինակ՝ տնտեսությունում, բայց ավելի շատ՝ կրթության ոլորտում:

Սոցապ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը կառավարության հաստատմանն էր ներկայացնում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 -ի ռազմավարությունը: Նա տող առ տող ու թվերով նշում էր խնդիրներն ու ընդգծում՝ ռազմավարությամբ տրվելու են դրանց լուծումները: Այդ ընթացքում Հայաստանում գենդերային խտրականություն չտեսնող Էկոնոմիկայի նախարարը միանգամից լսեց գործընկերների հակառակ պնդումները:

«Վաղուց ժամանակն է, որ մենք պետք է շատ բարձրաձայն խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա խտրականություն կանանց նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունում կա բռնություն կանանց նկատմամբ և կա ընտանեկան բռնություն», - ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Կառավարության անդամների մեծ մասը համաձայն էր արտգործնախարարի հետ: Ընդգծում էին, որ գրեթե բոլոր ոլորտներում էl կա կանանց ներգրավվածության կարիք: Օրինակ՝ հանարապետության 71 համայնքապետերից ընդամենը 4-ն են կին, 812 վարչական ղեկավարներից՝ միայն 53-ը: Մարդահամարի վերջին տվյալներով էլ թեև բնակչության 52.8 տոկոսը կանայք են, 47.2-ը` տղամարդիկ, բայց աշխատում է կանանց 48.2 տոկոսը, տղամարդկանց՝ 71.2-ը: Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ընդգծեց՝ խնդիրները սկսվում են հենց այնտեղից, երբ համարում ենք, որ գենդերային խտրականություն չկա:

«Մեր ստերիոտիպերի մի մասն ուսուցանվում է հենց կանանց կողմից կանանց նկատմամբ ու կանանց դեմ: Այդ խնդիրը գիտակցելն էլ է շատ կարևոր: Իրականում կանանց թիրախավորումը, այդ թվում՝ հանրային, ակտիվորեն իրականացվում է այլ կանանց կողմից», - ասաց Անդրեասյանը:

Կրթության ոլորտում միայն 16 տոկոսն են տղամարդիկ, բայց օրինակ Մանկավարժական համալսարանն իր գոյության 100 ամյակում միայն վերջերս է կին ռեկտոր ունեցել. սա էլ Կրթության նախարարը հիշեցրեց: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ են ընդունում՝ Հայաստանում կա խտրականություն, կա ընտանեկան բռնություն:

Երկար տարիներ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ գենդերային ռազմավարությունը Հայասատնում նորություն չէ, դա դեռ 2010-ից կար և միշտ փորձ է արվել ավելի կատարելագործվել ու ավելի նոր ոլորտներ ընդգրկել: Այսօր էլ առաջընթաց Հովհաննիսյանը նկատում է, բայց թվերով է հիշեցնում՝ տղամարդկանց ու կանանց աշխատավարձերի միջև շուրջ 30 տոկոս խզվածք կա: Խորհրդարանում, օրինակ, կանանց ներգրավվածությունը 36 տոկոս է, նախորդ 23-ի համեմատ: Հայաստանի ներքին գործերի, արդարադատության, կրթության ու առողջապահության նախարարները կանայք են: Բայց սրանով, ասում է, հարցը չի լուծվում:

«Դա իրականում հասարակության մեջ առաջացնում է որոշակի պատրանք, որ այդ ճեղքվածքը վերացված է, բայց իրականում իսկապես ճեղքվածք գոյություն ունի, կանայք հատկապես այն տարիքում, երբ կարող են ակտիվորեն հասարակական, հանրային կյանքում ներգրավված լինել, ավելի ծանրաբեռնված են լինում ընտանեկան հոգսերով», - ասաց Հովհաննիսյանը:

Մինչ կառավարությունում բուռն քննարկում էին նաև ընտանեկան բռնության թեման, վերջերս հասարակական սեկտորն ու փաստաբաններն էին հիշեցնում մի խնդրի մասին՝ եթե նախկինում մինչև 14 տարեկան անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալը պատժվում էր 5-ից 12 տարվա ազատազրկմամբ, ապա 2022-ից հետո այդ պատիժը մեղմացվել է՝ 2 ամսից մինչև 5 տարի։

Վերջերս, օրինակ, դատարանն ընդամենը երկու ամսվա պատժաչափ էր սահմանել անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդու նկատմամբ, ընդամենը 4 տարով էլ ազատազրկել կնոջն առևանգած ու բռնաբարության փորձ արած տղամարդուն:

Մինչ կառավարությունում քննարկում են իրենց անելիքներն՝ իրավապաշտպաններն ընդգծում են՝ նման մեղմ պատիժները նպաստելու են բռնության թվերի աճին:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG