Թեև խորհրդարանում կանանց ներգրավվածությունն այժմ 36 տոկոս է՝ նախկին 23-ի դիմաց, գործադիրում էլ չորս կին նախարար կա, այդուհանդերձ, գրեթե բոլոր ոլորտներում կանանց աշխատաշուկա բերելու խնդիր կա: Սա ոչ միայն Հայաստանում գործող տեղական ու միջազգային հասարակական կազմակերպությունների, այլև պետական մարմինների եզրահանգումն է:
ՀԿ ոլորտն առաջընթաց է համարում Կառավարության կողմից գենդերային քաղաքականության իրականացման առաջիկա երեք տարիների ռազմավարությունը, բայց ընդգծում է՝ սա մեկ տարի ուշացումով արվեց:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը կարծում է՝ թիրախային վեց ուղղություններ պարունակող այս ռազմավարության ընդունմամբ պետությունը գենդերային հավասարության առումով առանձին օրակարգ կունենա:
«Դա հնարավորություն է տալիս հաշվետվողականությունը պահանջել պետությունից, մասնավորապես՝ Կառավարությունից և Ազգային ժողովից, թե ուր ենք գնում և ուր ենք հասել», - ասաց Հովհաննիսյանը:
Հայաստանում գենդերային ռազմավարության փաստաթղթեր սկսել են մշակել դեռ 2010 թվականից։ 2025-2028-ի համար ընդունված ռազմավարությունը նախորդի շարունակությունն է, ավելացվել են վեց գերակա ուղղություններ:
Հիմնական նպատակն է բարձրացնել կանանց դերը որոշումների կայացման գործընթացում՝ ներգրավելով նրանց օրենսդիր, գործադիր և դատական իշխանության բոլոր մակարդակներում, խթանել գենդերային հավասարությունը, կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում ապահովել հավասար ներգրավվածությունն ու ծառայությունների հասանելիությունը և բարելավել գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Կրթության ոլորտից բացի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյա Սոֆի Բոստանչյանը մի ոլորտ էլ է նշում, որտեղ, ըստ նրա, վերջին տարիներին կանանց ներգրավվածությունը բարձր է. - «Տեղեկատվական տեխնոլոգիաներում կանանց ներգրավվածության ցուցանիշով մենք առաջատարն ենք նաև տարածաշրջանում»:
Հանրապետության 71 համայնքապետերից ընդամենը չորսն են կին, 812 վարչական ղեկավարներից՝ միայն 53-ը: Օրինակ՝ 2023-ին Ապարանի ավագանիում երեք կին կար, բայց երեքն էլ հետո ինքնաբացարկ են հայտնել:
«Հատկապես քաղաքական ոլորտում ատելության խոսքի բարձր ցուցանիշ կա», - ասում է Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը, համարելով, որ նաև դա է հետ պահում կանանց քաղաքական դաշտ մտնելուց. - «Որովհետև նա չի թիրախավորվում իր աշխատանքի համար, այլ թիրախավորվում է իր կին լինելու համար: Չենք խոսում քննադատության մասին, այլ խոսում ենք իսկապես ատելության խոսքի մասին: Եվ սրան նաև, այո, պետությունը պետք է արձագանք տա, զրո հանդուրժողականություն ցուցաբերի»:
Մարդահամարի վերջին տվյալներով՝ թեև բնակչության կեսից ավելին՝ 52.8 տոկոսը կանայք են, աշխատաշուկայում նրանք փոքր թիվ են կազմում՝ 48.2 տոկոս: Ու չնայած բնակչության 47.2 տոկոսն է տղամարդ, այդուհանդերձ, բարձր է աշխատող տղամարդկանց թիվը՝ 71.2 տոկոսը:
Փորձագետները բազմաթիվ ուսումնասիրություններով են փաստում՝ հիմնականում 25-ից 40 տարեկան կանայք դուրս են մնում աշխատաշուկայից, որովհետև երեխաների կամ ընտանիքի մյուս անդամների խնամքն է նրանց ուսերին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն ասում է՝ պոտենցիալ աշխատող կանանց շուրջ 50 տոկոսը դուրս է մնում աշխատաշուկայից: Պաշտոնական թվերով՝ նույն աշխատանքի դիմաց կանայք դեռ շարունակում են ցածր վարձատրվել, հատկապես՝ մասնավոր ոլորտում, աշխատավարձի մինչև 40 տոկոսի խզվածք կա:
«Տարբեր գործիքակազմի և խրախուսման այլ միջոցառումների շրջանակում դիտարկելու ենք այն կոմպոնենտը, որ գործատուները իրենք ևս շահարգրգռված լինեն, այդ թիրախ խմբին իրենք նախաձեռնեն իրենց ներգրավել աշխատաշուկայում՝ որոշակի պետության կողմից երաշխիքներ ստանալու պայմանով», - նշեց Բոստանչյանը:
Թե ինչպես է պետությունը խրախուսելու գործատուներին, որ աշխատանքի ընդունեն ընտանեկան հոգսերով զբաղված 25-ից 40 տարեկան կանանց, կամ 65-74 տարեկան տարեցներին, որոնք աշխատելու պոտենցիալ ունեն, բայց կրկին շուկայից դուրս են մնացել, պաշտոնյան չմանրամասնեց: Բանախոսները կարծում են՝ որքան էլ ռազմավարություններն անթերի ու լավ մշակած լինեն, մտածելակերպի փոփոխություն է հարկավոր: Աննա Հովհաննիսյանն, օրինակ, անթույլատրելի է համարում շարունակ քննարկել՝ Հայաստանում կա՞ բռնություն, թե՞ ոչ, ընդգծում է՝ կա՛, ու ոչ միայն դա կա:
«Պետք է մի քայլ առաջ գնալ և ասել՝ այո, կա բռնություն, և ինչ ենք հիմա անում: Որովհետև անվերջ չենք կարող քննարկել, որ, չգիտեմ, Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ կոնվենցիան չարիք է մեր երկրի համար, դա եկել է, որ մեր երեխաներին մեր ձեռքից խլի միայն պաղպաղակ չգնելու համար: Ինձ թվում է՝ վերջապես պետք է այս մեսիջներից և այս սխալ տեղեկատվությունից մի քայլ առաջ գնանք: Ոչ մի երեխա պաղպաղակ չգնելու համար ընտանիքներից չի գնացել, բայց կանայք սպանվում են, շարունակում են սպանել ընտանիքի ներսում», - ընդգծեց Կանանց ռեսուրսային կենտրոնի ադվոկացիայի թիմի համակարգողը:
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի տվյալներով՝ վերջին հինգ տարիներին արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը՝ անչափահասի նկատմամբ: Կենտրոնի տվյալներով՝ սեռական բռնության ենթարկված անձանց մոտ 85 տոկոսը կանայք են: Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ իրավական համակարգը բարեփոխվելու լուրջ կարիք ունի:
Ռազմավարության ընդունումից հետո գործելու է միասնական հաշվառման էլեկտրոնային համակարգ: Մասնավորապես, ՀԿ-ները կկարողանան հետևել, թե կանանց նկատմամբ բռնության դեպքերի քանի տոկոսին է իրավական պատշաճ ընթացք տրվում:
«Քաղաքացին, որը ենթարկվել է բռնության, դիմում է, օրինակ, աջակցման կենտրոն: Նույն քաղաքացին արդյոք դիմում է Ոստիկանություն, դեպքը փոխանցվե՞ց Քննչական կոմիտե՝ անտեղ ևս ֆիքսվում է, Դատախազություն, Դատական դեպարտամենտ: Այսինքն՝ այս նոր համակարգով մենք կարողանալու ենք այդ ամբողջ ցիկլը տեսնել՝ դեպքի բացահայտումից ընդհուպ մինչև դատական որոշում», - ասաց Հովհաննիսյանը:
Որպեսզի ռազմավարությամբ ամրագրված նաև այս ծրագրերն առաջիկա երեք տարիներին կյանքի կոչվեն, շուրջ 443 միլիոն դրամ է հարկավոր: Պետբյուջեից միայն 124 միլիոն դրամ է հատկացվելու, մնացած 318 միլիոնը օրենքով չարգելված այլ աղբյուրներից կհատկացվի: