Մատչելիության հղումներ

Հայաստանում աշխատատեղերն ու գործազրկությունն իրար զուգահեռ ավելանում են


Հայաստանում աշխատատեղերն ու գործազրկությունն իրար զուգահեռ են ավելանում, բայց գործազրկության աճի տեմպն ավելի արագ է: 2024 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ, որը 3681-ով ավելի է, քան այս տարվա հոկտեմբերի և 44 հազար 946-ով ավելի, քան նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշը:

Պաշտոնական այս թվերը օրերս ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց սրան զուգահեռ այլ մտահոգիչ վիճակագրություն էլ կա՝ Հայաստանում աճել է գործազրկության մակարդակը, ինչի մասին վարչապետը լռել էր:

«Նախորդ տարվա առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում 13,7 տոկոս էր, այս տարի դարձել է 15,5 տոկոս։ Երկրորդ եռամսյակում 11,7 տոկոս էր, դարձել է 13,8 տոկոս», - ասված է պաշտոնական վիճակագրությունում։

Վիճակագրությունը փաստում է՝ ավելացող աշխատատեղերը զբաղվածության բացասական դինամիկայի վրա չեն ազդում. առաջին եռամսյակում գրեթե 1.8, երկրորդում՝ 2.1 տոկոսով է աճել գործազրկությունը:

Երևույթը հետաքրքրել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանին. - «Մեր մոտ անցյալ տարի եղավ աշխատանքային ռեսուրսների ավելացնում, մոտ 108 հազարի մասին է, ըստ հաստատված մեթոդաբանության, 15-ից մինչև 74+, մոտ 108 հազար հոգու ավելացում է եղել, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն են»:

«Արմստատ»-ի վիճակագրությունում միայն գրանցված գործազուրկներ են, այլ ոչ թե փաստացի։ Թե Հայաստանում իրականում քանի մարդ է անգործ, հայտնի չէ: Փոխնախարարը չբացառեց, որ աշխատողների թվի ավելացումը նաև ստվերից դուրս գալու արդյունք է՝ դա համարելով պետության ձեռքբերումը։

Կառավարությունը «Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիր» է մշակել, դրանում արձանագրված է՝ աշխատանքային ռեսուրսները 2022-ից ի վեր 15-74 տարեկան բնակչության շրջանում 4.6 տոկոսով նվազել են, ինչի պատճառներից մեկն իշխանությունը ծերացող բնակչությունն է համարում: Խնդիրների կարգավորման հիմքում մի քանի սկզբունք է դրվել. - «Ռազմավարության ամբողջ կառուցվածքն առաջարկ-պահանջարկ մոտեցումն է, զբաղվածության խնդիրը լուծելու համար պետք է լինի սիստեմատիկ մոտեցում, այսինքն՝ ոչ միայն մի գերատեսչություն է դա անում, այլ՝ կառավարությունը»:

Որակյալ կադրերի հարցից մինչև մշակութային և բիզնեսի կառուցվածքի հետ կապված խնդիրներ կան աշխատաշուկայում, ասաց Ռուբեն Սարգսյանը: Մարտահրավեր է չաշխատող, չսովորող երիտասարդների հարցը, 30-ից 40 տարեկան կանանց չաշխատել:

«Մեր մոտ ամենամեծ խնդիրը նա է, որ Երևանը դարձել է ամեն ինչի կենտրոն, իսկ հիմնական աշխատանքային ռեսուրսները, որոնք դուրս են աշխատանքային շուկայից, գտնվում է մարզային քաղաքներում, մարզերում», - ընդգծեց նա:

307 հազար մարդու աշխատանքային ռեսուրս, ըստ Ռուբեն Սարգսյանի, չի օգտագործվում

307 հազար մարդու աշխատանքային ռեսուրս, ըստ Ռուբեն Սարգսյանի, չի օգտագործվում, դրանց շարքում ամենաշատն աշխատունակ նպաստառուներն են: Ռազմավարությամբ ուշադրություն են դարձնելու ոչ ֆորմալ կրթությանը, ինչն այդքան էլ արդյունավետ չի համարում Գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը:

Կրթության և աշխատաշուկայի պահանջարկի միջև խզումը մեծ է, նկատում է Վահագն Համբարձումյանը: Նրա կարծիքով՝ ռազմավարական փաստաթղթի մեջ պետք է լիներ նաև մարդկային ռեսուրսների կառավարման բաղադրիչ, ինչը բացակայում է:

«Պետք է լինեն այնպիսի զարգացած ինստիտուտներ, որոնք ոչ միայն ներգրավում անեն աշխատակիցների, այլ աշխատակիցների ուղեկցում անեն, որովհետև մենք մենակ խնդիր չենք դնում զբաղվածության ապահովման, այլ նաև զբաղվածների արտադրողականության բարձրացում», - ասաց նա:

Ռազմավարությունը մշակողները փաստել են՝ աշխատող երիտասարդ կանանց թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանցը։ Համբարձումյանը խնդիր է տեսնում տղաների չաշխատելու մեջ, պնդում՝ առաջին դասարանից պետք է կրթել, որ լավ տղան կրթված տղան է, ոչ թե հակառակը, իսկ աշխատանքը հիմնական բարիք ստեղծող բաղադրիչն է: Խնդիր կա նաև որակյալ գործատուների մասով, իսկ որակյալ գործատուն պետք է արժեք ստեղծող լինի:

Սոցապ փոխնախարարը խոստովանում է՝ զբաղվածության խթանմանն ուղղված նախորդ ծրագերն արդյունավետ չեն եղել, որոշներն անգամ 21 թվականից դադարեցրել են։ Իսկ այս նոր ռազմավարությունը 103 միջոցառում է նախատեսում, 6 տարվա ընթացքում զբաղվածության մակարդակը մարզային քաղաքներում հասցնել մինչև 60 տոկոսի, 20-29 տարեկան բնակչության կազմում չսովորող, չաշխատող երիտասարդների թիվը նվազեցնել մինչև 20 տոկոսի։ Այս ծրագրերն իրականացնելու համար պետությունից 870 մլդր դրամ կպահանջվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG