Եռակողմ հայտարարությանը հղումով հաղորդակցությունների բացման վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության անփութությունը ստանձնած պարտավորությունների նկատմամբ, պնդում է պաշտոնական Բաքուն։
«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է՝ որոնք են Հայաստանի պարտավորությունները կապի բացման հետ կապված, և ինչ ձևով պետք է կազմակերպվի վերահսկողությունը տրանսպորտային կապերի վրա», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ Հայաստանի ղեկավարությանը հորդորելով «զերծ մնալ հայտարարություններից, որոնք հատում են սահմանը, խեղաթյուրում իրականությունը»։
Հայաստանի վարչապետն այսօր «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին, մասնավորապես, հայտարարել է՝ Ադրբեջանից շատ հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապի մասին է:
«Դա այդպես չէ: Այդ կապն 9-րդ կետի ենթավերնագիր է: Իսկ 9-րդ կետը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին է, և մեկը մյուսից անջատ քննարկելն ուղղակի անտրամաբանական է և անհնար», - հայտարարեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը վկայակոչելով համաձայնագիրը կրկին շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունը։
«Սա պարզ, հրապարակային, բարդ դիվանագիտական և քերականական հոլովույթներ չպարունակող նախադասություն է», - ասաց Փաշինյանը։
Ռուսաստանը, Հայաստանը, ու Ադրբեջանը շարունակում են միմյանց մեղադրել նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 9-րդ կետը մանիպուլացնելու և ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով Մոսկվան պնդում է, թե Հայաստանը պայմանավորվածություն է խախտել, հրաժարվել է համաձայնեցնել ռուս սահմանապահների կողմից տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը։ Երևանը, փաստաթղթի նույն կետը մեկնաբանելով, հայտարարում է՝ այնտեղ գրված չէ, թե ռուսական սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն։ Բաքուն ցանկանում է «Զանգեզուրի միջանցքով» առանց մաքսակետերի տեղադրման ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին խորհրդարանում հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհներն ապաշրջափակել՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, բայց և շեշտել էր՝ այն չի ենթադրում ինքնիշխանության զիջում:
Հայաստանը մեկ տարի է՝ առաջարկում է տարածաշրջանը ապաշրջափակել իր մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, այն մի շարք երկրներ ողջունել են, բայց ծրագիրը փաստացի կյանքի չի կոչվել։
Փաշինյանն ասյօր հայտարարեց՝ Բաքուն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ։