Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ռուսաստանը սեպտեմբերից խստացնելու են բուսասանիտարական հսկողությունը


Լարս, արխիվային լուսանկար
Լարս, արխիվային լուսանկար

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացնում է՝ սեպտեմբերի 1-ից Հայաստանն ու Ռուսաստանը խստացնելու են բուսասանիտարական հսկողությունը՝ բույսեր, մրգեր, սերմեր ու բանջարեղեն արտահանողների նկատմամբ: Խախտումներ անողները պատասխանատվության կենթարկվեն:

«Երբ Հայաստանից բեռը արտահանում են, պետք է անպայման ռուսական կողմին ներկայացնեն, դա նշանակում է իրենց հարկային պարտավորությունները կատարել, իրենք դա պետք է ասեն նաև իրենց գործընկերներին, որոնք Ռուսաստանում են, որպեսզի տեղափոխման սահմանափակումներից ուղղակի խուսափեն», - ասում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

Այս զգուշացումից առաջ ֆիտոսանիտարական պահանջները չպահպանելու պատճառաբանությամբ Ռուսաստանը հայկական մի քանի բեռնատարներ էր հետ ուղարկել: Россельхознадзор-ը երկու օրվա տվյալ էր հրապարակել՝ օգոստոսի 22-24-ը 146 հայկական բեռնատարներից 21-ը հետ է ուղարկվել:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակն «Ազատությանն» ասաց՝ ինչպես նախկինում՝ ծաղիկների դեպքում, այս անգամ նույնպես որոշ տնտեսվարողներ բերքը վաճառել են Ռուսաստանում գրանցված կեղծ ընկերություններին, որոնք հետագայում փակվել են ու անհետացել՝ խուսափելով հարկային պարտավորություններից. «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտին ապահովման մասին որոշում կա, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, երբ բեռը հասնում է Ռուսաստան, պարտավոր են ներկայացնել Россельхознадзор-ի մասնագետներին: Ներկայացուցիչները պետք է գան, ստուգեն բեռը և նոր թույլ տան այն իրացվի իրենց շուկայում: Մենք հղումն ուղարկել ենք, թե ինչպես կարող են իրենց հետ կապվել, նրանց տեղեկացնեն»:

Ինչ են ասում տնտեսվարողները

Զրուցեցինք նաև մի քանի տնտեսվարողների հետ, նրանք թեև հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, բայց պատմեցին՝ հենց ռուսական կողմն է թույլ տալիս, որ իր երկրում այդպիսի ֆեյք ընկերություններ բացվեն, իսկ երբ Հայաստանի հետ քաղաքական որոշ լարվածություններ են ունենում, միանգամից հիշում են դրանց մասին ու սկսում խստացումներ կիրառել: Մեր զրուցակիցների կարծիքով, եթե սա իսկապես խնդիր է, ապա Ռուսաստանը պետք է օրենսդրական ճանապարհով արգելի նման կեղծ ընկերություններ բացելու հնարավորությունը։

«Ազատությունը» նախորդ շաբաթ էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից հետաքրքրվել՝ տեղյա՞կ է, թե ինչու են հայկական որոշ բեռնատարներ Վերին Լարս չհասած հետ ուղարկվում. «Ժողովուրդ, ուղիղ պետք է ասեմ, կեղծ թղթեր են տարել, բա կեղծ թղթերով արտահանման ժամանակ բա երկիր է, բա ինչ կանի», - ասել է նախարարը:

«Սև ցուցակում հայտնված ընկերությունների ցանկը թող Հայաստան ուղարկեն». բեռնափոխադրող

Երկար տարիներ բեռնափոխադրմամբ զբաղվող մեր զրուցակիցը, որ ցանկացավ անանուն մնալ, «Ազատությանը» պատմեց՝ եղել են դեպքեր, երբ տնտեսվարողներն իրեն պատվիրել են բեռը Ռուսաստան հասցնել, բայց գնացել ու սահմանին հայտնվել է տհաճ իրավիճակում: Ասաց՝ ճիշտ են այդ պնդումները, որ հայ արտահանողներից ոմանք Ռուսաստանում 1-2 օրով բացվող ընկերությունների են վաճառում իրենց ապրանքը, շատ լավ իմանալով, որ դրանք հարկ չեն վճարելու. «Տղաներից մեկը տենց մտել էր Լարսում գտնվող ֆիտոսանիտարական սենյակը, որտեղ ցուցակ էր փակցված, թե որ ֆիրմաներն են սև ցուցակում: Այդ մեքենաները չպետք է գան Լարս: ՌԴ-ի հետ մենք ԵԱՏՄ տարածքում ենք, իրենք լավ գիտեն, որ մեքենան երբ Հայաստանից դուրս է գալիս ինչ չարչարանքներով, ինչ ծախսերով է հասնում Լարս: Թող բարի լինեն, այդ սև ցուցակն ուղարկեն Հայաստան, Հայաստանում թող Բագրատաշենից այդ ֆիրմաներով արտահանվող բեռները չձևակերպվեն: Ես բեռնափոխադրողն եմ, ես չգիտեմ այդ ներմուծող, արտահանող ընկերությունը սև ցուցակում է, թե սև ցուցակում չէ: Ես կատարում եմ իմ ծառայությունը, գումար եմ ներդնում, վառելիք, այս ամեն ինչի միջով 10-11 օր հետո հասնում եմ Լարս, ինձ ասում են՝ հաջողություն, ի՞նչ անի բեռնափոխադրողը», - պատմում է մեր զրուցակիը:

Որոշ դեպքերում ընկերությունը կարող է ենթարկվել նաև վարչական կամ ֆինանսական պատժամիջոցների

Россельхознадзор-ից տեղեկացնում են, որ խախտումների դեպքում տնտեսվարողին բուսասանիտարական սերտիֆիկատներ չեն տրամադրի, իսկ դա նշանակում է, որ նրանց բեռը չի մաքսազերծվի, կմնա սահմանին, հնարավոր է հետ ուղարկվի կամ ոչնչացնվի: Այս դեպքում ընկերությունը ֆինանսական ահռելի վնասներ է կրելու, որոշ դեպքերում՝ ենթարկվելու է նաև վարչական կամ ֆինանսական պատժամիջոցների:

ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանից հետաքրքրվեցինք. եթե Ռուսաստանում է բացվում ֆեյք ընկերությունը, հայաստանցի արտահանողն ինչո՞ւ է տուգանվում. «Եթե ամեն անգամ այդ գործընկերը այնտեղ պետք է նոր կազմակերպություն բացի, իր համար խնդիրներ ստեղծի, այստեղի տնտեսվարողն արդեն պետք է հասկանա, որ ինքը խնդիրներ ունի: Ռուսական կողմն ասում է՝ դա իմ խնդիրը չէ, դուք ձեր հարաբերություններն այնպես կարգավորեք, որպեսզի ես իմ հարկային պարտավորությունները կարողանամ կատարել: Ամեն անգամ, եթե X կազմակերպությունը տանում է այնտեղի Y կազմակերպությանը, որն անընդհատ մեկօրյա կազմակերպություններ է բացում ու փակում, բնականաբար ռուսների մոտ հարց է առաջանում՝ դուք չե՞ք կարողանում նորմալ, հուսալի գործընկեր գտնել, որը թափանցիկ ու նորմալ է աշխատում: Եթե չեք կարողանում գտնել, ապա ես հենց սահմանից թույլ չեմ տա ձեր մուտքը», - բացատրում է ՍԱՏՄ խոսնակը:

Ավելի վաղ էլ ծաղիկ արտահանողներն էին բողոքի ակցիաներ անում. թող հայկական կողմը թույլ տա իրենց ծաղիկները հասնեն Ռուսաստան, եթե այնտեղ խնդիր կլինի, սահմանից հետ կգան: ՍԱՏՄ-ից պատասխանել էին՝ երկրի վարկանիշն է տուժում, ընկերությունները պարտավոր են ենթարկվել ԵԱՏՄ պահանջներին, հակառակ դեպքում՝ Հայաստանից էլ էին արգելում ծաղիկներով բեռնված մեքենաների ելքը:

Россельхознадзор-ն ու ՍԱՏՄ-ն հայտարարել էին, որ ծաղիկ արտահանողներից ոմանք նույնպես ՌԴ-ում բացվող ֆեյք ընկերությունների են վաճառում իրենց ապրանքը:

Ավելի վաղ արտահանման խնդիրների մասին էին բարձրաձայնում հայկական կոնյակ արտադրողները: Նրանց էլ Վրաստանն էր կանգնեցնում իր սահմանին ու ստուգում ՌԴ-ում վաճառվող կոնյակի որակը: Այստեղ նույնպես տնտեսվարողները միլիոնավոր դրամների վնասներ էին կրում:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ պարբերաբար ի պատասխան այսպիսի բողոքների՝ արտահանման վերաբերյալ թվեր է հրապարակում, մինչև այսօր այդպես էլ չի ասել՝ կարողացա՞վ ճշտել վրացի գործընկերներից, թե ինչո՞ւ են պարզապես իրենց երկրի սահմանով անցնող, բայց ռուսական շուկայում վաճառվող կոնյակի որակը ստուգում:

Վրաստանը մինչև այսօր էլ շարունակում է այդ ստուգումները, թեև միայն տարանցիկ երկիր է, հայ կոնյակագործներն էլ ասում են՝ էլի գոհ են, որ ժամկետները կրճատվել են՝ 1 ամսվա փոխարեն արդեն այդ ստուգումները 10-15 օր են տևում:

XS
SM
MD
LG