Մատչելիության հղումներ

«Սուտ ո՞վ է խոսում՝ Գառնիկը, թե՞ Գևորգը». պատգամավորն ահազանգում է Լարսում հերթերի մասին, նախարարը՝ հակադարձում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արդեն 14 տարի բեռնափոխադրմամբ զբաղվող մեր զրուցակիցը, որ վերջերս էր բեռնված մեքենայով մեկնել ու վերադարձել Ռուսաստանից, ասաց՝ այլևս չի պատրաստվում գնալ: Մերժել է տնտեսվարողների՝ բեռը Վրաստանով Ռուսաստան հասցնելու պատվերը:

«Պատրաստ չեմ 10 օր այդ պայմաններում ապրել», - ասում է վարորդներից մեկը

«Ազատության» զրուցակիցը պատմում է՝ Վերին Լարսի անցակետին մոտենալ չի լինում, կիլոմետրերով ձգվող հերթեր են: Ըստ նրա՝ եթե նախկինում Ռուսաստանից Վրաստան հասնելու համար 2-3 օր էր հարկավոր, այժմ ավելի քան տասն օր է տևում: Նա կապի մեջ է մյուս վարորդների հետ: Ի դեպ, մեր այս զրուցակցին էլ մյուսների նման, խնդրեց անունը չհրապարակել. «Այնպես չի, որ ընդհանրապես անցողականություն չկա, բայց որ հերթեր, կուտակումներ կան, դա ճիշտ է: Ես ինքս չեմ գնում՝ զուտ հերթերի պատճառով. պատրաստ չեմ 10 օր այդ պայմաններում ապրել: Սկսենք նրանից, թե ինչի են կանգնեցնում մեքենաները: Չե՞ն կարողանում այդ հարցը լուծել, որ մենքենաները չկանգնեն: Այդ մեքենաները անխոչընդոտ պետք է անցնեն, որովհետև նրանք տարանցիկ են անցնում»:

«Հատկապես հայկական բեռնատարների հետ կապված լրջագույն խնդիր կա». Գառնիկ Դանիելյան

Օրերս վարորդների ու տնտեսվարողների բողոքի մասին իր էջում տեսանյութով ահազանգել էր խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը. «Հարյուրավոր հայկական բեռնատարներ են Լարսի ճանապարհին», - գրել էր Դանիելյանը: «Ազատությանն» ասաց՝ վարորդներն ու տնտեսվարողներն են իրեն պատմել՝ ռուսական կողմը մանրակրկիտ ստուգում է բռնված ապրանքը՝ գյուղմթերքից մինչև պերլիտային ավազ, շշուկներ են լսել, թե բուսասանիտարիայի հետ կապված խնդիր կա, բայց պաշտոնական հստակ պատասխան, ասաց, չեն կարողանում ստանալ. «Ինձ զանգահարած բեռնատարի վարորդներն ասում են՝ մեկ շաբաթից ավելի է՝ ճանապարհին ենք և վերջնակետին չենք հասել: Ինձ ասել են, որ հատկապես հայկական բեռնատարների հետ կապված կա լրջագույն խնդիր», - պատմում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Բեռնափոխադրողներն ու վարորդներն ընդդիմադիր պատգամավորին նաև ասել են՝ ռուսական կողմի ստուգումներից զատ՝ վրացական կողմն էլ իր հերթին է արհեստական խցանումներ ստեղծում: Որպեսզի հատկապես գյուղմթերքը չփչանա, պատգամավորն ասում է. «Մարդիկ ստիպված են լինում գումարի դիմաց անցնել սահմանը»:

Էկոնոմիկայի նախարարը թվերով է արձագանքում

Մինչ ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ իրեն դիմած տնտեսվարողները նեղսրտում են, թե այդ ստուգումներով խոչընդոտվում է իրենց ապրանքի մուտքը Ռուսաստան ու միլիոնավոր դրամների վնասներ են կրում, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը թվերով է արձագանքում ընդդիմադիր պատգամնավորին: Ըստ նախարարի՝ օգոստոսին Ռուսաստան է մտել 2,427 բեռնատար, կամ օրական միջինը՝ 101 բեռնատար։ Այս տարվա հուլիսին էլ, ըստ նախարարի, Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 9.1%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճ է գրանցվել բոլոր հիմնական ճյուղերում: Պապոյանն իր էջում նաև գրել է. «ընդդիմության տարածած խուճապն ընդամենը մեր ժողովրդի մեջ վախ տարածելու հերթական փորձն է: Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ»,- ընդդիմադիր պատգամավորին այսպես էր դիմել նախարարը:

Դանիելյանն արձագանքում է. «Գևորգը գիտի՞, թե քանի բեռնատար է այնտեղ սպասում, այդ բեռնատարը ինչպես է սահմանն անցել, քանի օր է տևում Վրաստանի տարածքով գնալն ու գալը, այդ ընթացքում ինչ լրջագույն խնդիրների են բախվում կամ նույն այդ տնտեսվարողներն ինչ վնասներ են կրում: Հիմա սուտ ո՞վ է խոսում Գառնիկը Դանիելյան, թե՞ Գևորգը», - ասաց պատգամավորը:

Ներկայանալ չցանկացող վարորդն ու ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարծում են՝ Վրաստանի ու Ռուսաստանի այս վերաբերմունքը քաղաքական ենթատեքստ ունի: Իսկ թե պատճառն ի՞նչն է, պատգամավորն ասում է՝ իշխանությունը լավ կիմանա: Էկոնոմիկայի նախարարն անցած շաբաթ հերքել էր այս պնդումները. «Խնդիրներ կարող են լինել, բայց գլոբալ առումով քաղաքական խնդիր չկա»:

Էկոնոմիկայի նախարարը գրել է, թե մինչև այս պահը 4 բեռնատար է վերադարձել Լարսից: ՍԱՏՄ-ից տեղեկացրին՝ ոչ թե 4, այլ 15 մեքենա է ռուսական կողմը Լարսից հետ ուղարկել Հայաստան՝ ներմուծման կանոնները խախտելու պատճառաբանությամբ: Տեսչական մարմնից «Ազատությանն» ասացին՝ ինչպես ծաղիկների դեպքում, այս անգամ նույնպես որոշ տնտեսվարողներ Ռուսաստանում բացված ֆեյք ընկերություններին են վաճառել բերքը, որոնք հետո փակել են իրենց ընկերությունն ու կորցրել հետքը՝ խուսափելով հարկերից: Պապոյանը նախորդ շաբաթ նույնպես նշել էր, թե խնդիրներ այս առումով կան. «Ժողովուրդ, ուղիղ պետք է ասեմ, կեղծ թղթեր են տարել, բա կեղծ թղթերով արտահանման ժամանակ բա երկիր է, բա ինչ կանի»:

Ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանի տեղեկություններով՝ ռուսական կողմը Վերին Լարսի մաքսակետ չհասած հատվածում պատրաստվում է լրացուցիչ շարժական լաբորատորիա տեղադրել, որ հայկական բեռները չհասնեն Ռուսաստան ու խնդիրների դեպքում հետ վերադարձվեն, այլ միանգամից լաբորատորիայում ստուգվեն: ՍԱՏՄ-ից ասացին՝ նման տեղեկություն չունեն:

Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իրեն ստախոսության մեջ մեղադրող էկոնոմիկայի նախարարին հարցնում է. «Թող զանգեն յուրաքանչյուր բեռնատարի վարորդին և հարցնեն՝ Վրաստանի սահմանին խնդիրներ ունենում է, թե չի ունենում: Ստիպված է լինում իր խնդիրները լուծել, ծանոթ ճարել: Ասում են՝ կոնկրետ հայկական բեռնատարներին է նման վերաբերմունք. վրացական, ռուսական բեռնատարները անարգել անցնում են»:

Ի դեպ, թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի ուղղություններով Վերին Լարս մոտենալու ճանապարհը խցանված է: Այս մասին տելեգրամյան փակ ալիքներում տեսանյութեր են տարածում հիմնականում հայ և ռուս ուղևորները:

Ի դեպ, ռուսական Россельхознадзор-ը հերքել է հայկական բեռնատարների զանգվածային վերադարձի մասին լուրերը, ռուսական РБК-ին հայտնել են, թե օգոստոսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից իրենց երկիր մտած146 բեռնատարներից միայն 21-ն է հետ ուղարկվել՝ ֆիտոսանիտարական պահանջները չպահպանելու պատճառով։

XS
SM
MD
LG