Մատչելիության հղումներ

Հայաստանն իր բանկերում հաշիվներ ունեցող օտարերկրյա հարկատուների վերաբերյալ տեղեկություններ կփոխանակի 47 երկրների հետ՝ այդ թվում ՌԴ-ի


Հայաստանը սեպտեմբերից առաջին անգամ իր բանկերում հաշիվներ ունեցող օտարերկրյա հարկատուների վերաբերյալ ավտոմատ կարգով տեղեկություններ է փոխանակելու 47 երկրների հետ:

Հայաստանին այլևս հասանելի կդառնա իր հարկման նպատակով ռեզիդենտների համաշխարհային եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն

Սա Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համակարգն է, և Հայաստանը՝ որպես այդ կազմակերպության անդամ, 2023-ից միացել է տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտին և այս տարի առաջին անգամ նաև տեղեկություններ է փոխանցելու ու ստանալու, ասում է Պետեկամուտների կոմիտեի Միջազգային հարկման վարչության պետ Նաիրուհի Ավետիսյանը. «Հիմա բոլորը պատրաստ են: Այդ ինֆորմացիան արդեն ամեն օր մենք ստանում ենք: Հարկային մարմինը ինֆորմացիան սկսել է ֆինանսական հաստատություններից ստանալ, ու սեպտեմբերի 30-ին արդեն մենք կփոխանակենք։ Ի դեպ, արդեն մի 2 երկրի հետ էլ տեստային փոխանակում ենք արել, համակարգը շատ նորմալ աշխատում է։ Համակարգին միանալու նպատակը նա է, որ Հայաստանին այլևս հասանելի կդառնա իր հարկման նպատակով ռեզիդենտների համաշխարհային եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն»:

47 երկրների թվում են՝ Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրներ, նաև այնպիսի երկրներ, որոնք համարվում են օֆշորային գոտիներ

Սա նշանակում է, որ Հայաստանն իր բանկերում հաշիվ ունեցող օտարերկյա հարկատուների տվյալներն է միասնական մի բազայի մեջ կիսելու մոտ 5 տասնյակ երկրների հետ, և մոտ 5 տասնյակ երկրները Հայաստանին են տրամադրելու իրենց բանկերում և ներդրումային ընկերություններում Հայաստանի հարկատուների հաշիվների մասին տվյալներ՝ մասնավորապես, թե ինչքան մնացորդ կա այդ հաշիվների վրա: 47 երկրների թվում են՝ Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրներ, Հոնկոնգը, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, նաև այնպիսի երկրներ, որոնք համարվում են օֆշորային գոտիներ:

«Օր օրի երկրները շատանում են, ովքեր որ ուզում են փոխանակում անել այս ֆինանսական հաշիվների հետ կապված: Երկրներ կան, որ այնպիսի հարկային եկամուտներ են գեներացել սրա արդյունքում, որ, ես կարծում եմ, դա լավ լծակ է՝ թափանցիկություն, հստակություն մտցնելու մասով: Արդեն դու գիտես, որ Վիրջինյան կղզիներում, եթե հաշիվ ես բացել, ի վերջո, ինչ-որ մի պահից սկսած, այդ ինֆորմացիան քո հարկային մարմինն իմանալու է», - ասում է Պետեկամուտների կոմիտեի Միջազգային հարկման վարչության պետ Նաիրուհի Ավետիսյանը:

Հայաստանը Ֆինանսկաան տվյալներ չի փոխանակի Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հետ

Ընդհանուր համակարգի մաս են կազմում ավելի քան120 երկիր և հետագայում Հայաստանը բոլոր այդ երկրների հետ կկարողանա ֆինանսական տվյալներով փոխանակվել: Հայաստանը ֆինանսական տվյալներ չի փոխանակի Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հետ:

Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները մտահոգված են

Վերջին շրջանում Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների մոտ էր մտահոգություն հարուցել հանգամանքը, որ Հայաստանը նաև Ռուսաստանին է ներկայացնելու Ռուսաստանի հարկատուների հաշիվների վերաբերյալ տեղեկություններ: «Կովչեգ» նախագծի հիմնադիր իրավաբան Անաստասիա Բուրակովան, որ օգնում է պատերազմին դեմ հանդես եկող ռուսաստանցիներին տարբեր երկրներում այդ թվում՝ Հայաստանում, ասում է՝ այս օրերին իրենց էլ շատերը հարցեր են ուղղում, մարդիկ մտահոգված են:

Սակայն, եթե Ռուսաստանի քաղաքացին կես տարուց ավելի բնակվում է Հայաստանում, նա արդեն իսկ համարվում է ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ռեզիդենտ, և Հայաստան մշտական բնակության տեղափոխված ռելոկանտների տվյալները հայկական բանկերը Ռուսաստանի հարկային մարմիններին չեն ուղարկի:

Ամենամեծ վտանգը Ռուսաստանի ռեպրեսիվ մեխանիզմն է. Իրավաբան

Բուրակովան ասում է՝ ապահովության համար ռելոկանտները կարող են բանկ զանգահարել և հավաստիանալ, որ բանկը իրենց Հայաստանի ռեզիդենտ է համարում: Մարդկանց մտահոգության հիմքն, ըստ Բուրակովայի, ոչ թե ֆինանսական թափանցիկությունն է կամ հարկեր չվճարելը, այլ այն, որ շատ պարզ ֆինանսական գործարքներ Ռուսաստանում կարող են համարվել հանցանք և քրեական հետապնդման հիմք դառնան:

«Չեմ կարող ասել, որ Հայաստանում ապրող բոլոր ռուսաստանցիների համար անմիջական ռիսկեր կան կամ նրանց համար, ովքեր Ռուսաստանում են ապրում և Հայաստանի հետ տնտեսական կապեր ունեն, սակայն ամենամեծ վտանգը Ռուսաստանի ռեպրեսիվ մեխանիզմն է, քանի որ ուղղակի ինչ-որ դրամական նվիրաբերումները, անգամ Ուկրաինայում ապրող բարեկամներին գումար ուղարկելը, կարող է վտանգավոր լինել ու երկարատև բանտարկության պատճառ դառնալ: Կամ Մետա ընկերությունը Ռուսաստանում ծայրահեղական է ճանաչվել, եթե հայկական քարտով՝ օրինակ Ֆեյսբուքում գովազդ եք գնել, ապա Ռուսաստանում դա կարող է համարվել ծայրահեղական կազմակերպության ֆինանսավորում: Շատերը կարող է չհասկանան ու չկասկածեն, որ իրենց ռիսկի են ենթարկում, իսկ բանկային համակարգը ուժայինների համար ամենահարմարն է. տեղեկություն կարող են ստանալ որևէ փոխանցման մասին և արդեն քրեական գործ հարուցել», - ընդգծում է իրավաբան Անաստասիա Բուրակովան:

Անաստասիա Բուրակովան միևնույն ժամանակ շեշտում է, որ իրենք դեռ չգիտեն որևէ դեպք, երբ իրավապահները գործ են հարուցել որևէ երկրից ստացած ֆինանսական հաշվետվության հիման վրա. «Եթե մարդն անձամբ իր արտասահմանյան հաշվի մասին Ռուսաստանի հարկային մարմիններին տեղյակ չի պահել, որևէ մեկին պատասխանատվության չեն կանչել»:

ՊԵԿ Միջազգային հարկման վարչության պետ Նաիրուհի Ավետիսյանն ասում է՝ բանկերն ամեն դեպքում զգուշացնում են օտարերկրյա քաղաքացիներին, որ իրենց հաշիվների մասին տեղեկացնելու են իրենց պետություններին, քաղաքացիները կարող են իրենց հաշիվները փակել, սակայն Հայաստանի Հանրապետությանն ավելի շատ հետաքրքրում է այն տեղեկությունը, որ կտա Ռուսաստանը կամ այլ պետություններ՝ Հայաստանի հարկատուների օտարերկրյա հաշիվների մասին. «Մենք օգուտ ունենք, երբ որ իրենք մեզ ինֆորմացիան տան։ Իսկ որպես հարկային մարմին, երկրներ կան, որոնց մեջ առաջիններից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է, որից ստացված ինֆորմացիան մեզ հարկման նպատակով հետաքրքիր է, այսինքն՝ մենք լիքը ինֆորմացիա կարող ենք ստանալ, լիքը չհայտարարագրված եկամուտների ու շահույթների մասին ինֆորմացիա կգա։ Հետևաբար, որպես մասնագիտական կառույց, իմ կարծիքով, բացարձակ նպատակահարմար չի ինչ-որ երկրներ բացառել կամ չբացառել, եթե, չունենք կոնկրետ դրդապատճառ, որովհետև, օրինակ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, իրենց հետ տեղեկություն փոխանակելը, առնվազն, անիմաստ է»:

ՌԴ-ի հետ որևէ տեղեկտվական փոխանակում Ռուսաստանի քաղաքացիների վերաբերյալ պետք է դադարեցվի. Իրավապաշտպան


Եվրոպական երկրները 2022 թվականին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակում նաև դադարեցրին Ռուսաստանի հետ փոխանակել իր ռեզիդենտների ֆինանսների մասին տեղեկությունները:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ Հայաստանը ևս պետք է որոշում կայացնի Ռուսաստանին տվյալներ չտրամադրելու մասին, ընդ որում, ոչ միայն ֆինանսական, այլև որևէ տեսակի տվյալ, քանի որ դրանք հնարավոր է օգտագործվեն ճնշումների նպատակով:

«Ռուսաստանի Դաշնության հետ որևէ տեղեկատվական փոխանակում Ռուսաստանի քաղաքացիների վերաբերյալ պետք է դադարեցվի: Դա կլինի՝ տնտեսական, ֆինանսական, քաղաքական, չգիտեմ, ինչ ուզում է լինի։ Ցանկացած տվյալ պետք է դադարեցնել, որովհետև այդ ցանկացած տեղեկությունը նա օգտագործելու է որպես ճնշման միջոց իր քաղաքական հակառակորդների նկատմամբ», - ընդգծում է իրավապաշտպանը։

«Ազատության» ռեպորտաժը ստորև

Ուղիղ հղում



XS
SM
MD
LG