Մատչելիության հղումներ

Հայաստանից հեռանալու՝ ԱԱԾ տված ժամկետը լրացել է. իրանցի կինը շարունակում է զանգեր ստանալ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) շարունակում է ճնշել Իրանի քաղաքացի, 35-ամյա Ռեյհանե Մաջիդիին՝ պահանջելով լքել Հայաստանի տարածքը։

Այսօր լրանում է իրավապահների կողմից տրված մեկշաբաթյա ժամկետը, սակայն կինն այդպես էլ որևէ պաշտոնական, գրավոր հիմնավորում չի ստացել իրեն երկրից արտաքսելու վերաբերյալ։

ԱԱԾ-ից այսօր էլ են զանգել, «Ազատությանը» փոխանցեց Ռեյհանեի ընկերներից Հոսեյնը:

Ընկերների խոսքով՝ Իրանի դեսպանատան առջև բողոքի ակցիաներին մասնակցող կնոջն ասել են՝ ինքնակամ չգնալու դեպքում կարտաքսեն: Ինքը՝ Ռեյհանեն, այսօր վատառողջ էր, չկարողացավ խոսել: Ավելի վաղ «Ազատությանը» պատմել էր գլխով անցածը. «Նրանք պնդում էին, որ ես իրավունք չունեմ բողոքի ձայն բարձրացնել Իսլամական Հանրապետության դեմ՝ ո՛չ իրական կյանքում, ո՛չ էլ համացանցում։ Սպառնացին, որ եթե շարունակեմ, ինձ կարտաքսեն Իրան։ Մեկ շաբաթ ժամանակ տվեցին, որ իրերս հավաքեմ»:

ԱԱԾ-ից «Ազատությանն» այսօր էլ չհստակեցրին՝ ի՞նչ վտանգ է իրանցի կինը ներկայացնում Հայաստանի համար, և արդյո՞ք նրան պաշտոնապես ծանուցել են արտաքսման մասին: Առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել:

Անցած շաբաթ, ի դեպ, ԱԱԾ-ին հարցրել էինք, թե ինչու են պարբերաբար ծառայություն հրավիրվում իրանցի ակտիվիստները, ինչու են սպառնում նրանց Իրան արտաքսել, ինչու են պահանջում չմասնակցել դեսպանատան առջև ցույցերին: Ծառայությունից միայն պատասխանել էին, թե դա գաղտնի տեղեկություն է, իսկ արտաքսման որոշումը կայացնում են ոչ թե իրենք, այլ դատարանը:

Հենց այնպես ուղղակի սպառնալիքի լեզվով պետական մարմինների կողմից խոսույթն անընդունելի է. փաստաբան

Իրանցի կնոջ իրավունքներով զբաղվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը պարզաբանում է, թե կառավարությունն ինչպես կարող է արտաքսել որևէ օտարերկրացու: Հայաստանը վավերացրել է միջազգային փաստաթղթերը, որոնցում էլ սահմանվում է այդ ընթացակարգը:

«Հենց այնպես ուղղակի սպառնալիքի լեզվով պետական մարմինների կողմից խոսույթն անընդունելի է, և որևէ ոչ ներպետական, ոչ էլ միջազգային իրավական հարթությունում չի տեղավորվում սպառնալ օտարերկրացուն ինքնակամ լքել, «կամ կորոշենք՝ ինչպես ենք դա կազմակերպում, կամ մենք ինքներս դա կանենք»:

Եթե կան Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդիրներ, վտանգներ, ապա այդ մասին գրավոր ծանուցումներ, որոշումներ պիտի ընդունվեն, դրանք վիճարկելի պիտի լինեն դատական ատյաններում, հետո նոր ուժի մեջ մտնեն ու կատարման ենթակա ակտեր դառնան», - ասաց նա:

Իրանում դեկտեմբերից ծավալված բողոքի ակցիաների մասնակիցների կյանքի իրավունքի համար Հայաստանում պայքարող կինը, սակայն, պահանջներից բացի, գրավոր որևէ փաստաթուղթ չի ստացել: Նա «Ազատությանը» պատմել էր, թե ինչպես են անցած շաբաթ իրեն տարել ԱԱԾ, 4 ժամ պահել, հարցաքննել, սպառնացել արտաքսել, եթե շարունակի պայքարը հանուն հայրենակիցների ազատության:

«Առավոտյան ժամը 10-ին Ազգային անվտանգության աշխատակիցները եկան իմ տուն, նրանք ուժով բացում էին դուռը մի բանալիով, որը ես որևէ մեկի չէի տվել։ Զանգել, կանչել էին նաև տանտիրոջը։ Երեք հոգի՝ քաղաքացիական հագուստով, առանց որևէ պաշտոնական փաստաթղթի կամ հիմնավորման, ստիպեցին ինձ իրենց հետ բաժին գնալ։ Այնտեղ ինձ պահեցին չորս ժամ», - ասել էր նա:

Ռեյհանեի փաստաբանն ընդգծում է՝ արտաքսելու ու սպառնալիքների փոխարեն Հայաստանը պետք է պաշտպանի իրանցի կնոջը. «Այս կնոջը Հայաստանը ոչ թե պիտի սպառնա, որ «մենք քեզ կարտաքսենք, կամ ինքդ գնա», այլ պիտի ապաստան տրամադրի՝ պատմությունն իմանալով և լսելով, թե ինչ խնդիրների և ինչ հետապնդումների է ենթարկվել իր իսկ ծագման երկրում»:

Իրավապաշտպանն անընդունելի է համարում Հայաստանի կողմից իրավունքները քաղաքական շահերին ստորադասելը

Նա և նրա ընկերները հայաստանյան իրավապահների կողմից ճնշումների մասին ահազանգեցին, երբ Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանը քննադատեց Հայաստանին ցուցարարների առջև կանաչ լույս վառելու համար: Հայաստանի վարչապետն էլ շտապեց հայտարարել, թե սա ժողովրդավար երկիր է, որտեղ բոլորն իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնել: Բայց Փաշինյանի այս հայտարարությունը չփոխեց իրավիճակը:

«Այս դեպքում ստացվում է, որ քաղաքական ենթատեքստը դոմինանտ է, և ստորադասվում է մարդու իրավունքը որպես ենթակա և ածանցյալ խնդիր, ինչն անընդունելի է», - «Ազատությանն» ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որ անընդունելի է համարում Հայաստանի կողմից իրավունքները քաղաքական շահերին ստորադասելը:

Սա առաջին դեպքը չէ, հիշում է, նման վերաբերմունք կար նաև Ռուսաստանի քաղաքացիների բողոքների ժամանակ. «Օրինակ՝ եթե երկիրը, որտեղ անընդունելի են այդպիսի ազատությունները, որոշակի պահանջ է դնում, Հայաստանը կարող է ստորադասել մարդու իրավունքն այդպիսի պահանջներից»:

Կանանց ռեսուրսային կենտրոնն իր հայտարարության մեջ հայտնում է իր մտահոգությունը, պնդում, որ Մաջիդիին արտաքսելն անարդար է, նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ: Ռեյհանեն ևս նման մտավախություն ունի. իրեն հայրենիքում կարող են կախաղան հանել: Տարբեր իրավապաշտպան խմբերի տվյալներով՝ անցած տարի Իրանում ավելի քան 2000 մարդ է կախաղան բարձրացվել: Իսկ տարեսկզբի հակակառավարական ցույցերի ընթացքում սպանվել է 5000-ից ավելի մարդ:

XS
SM
MD
LG