Հայաստանցի քաղհասարակության հինգ ներկայացուցիչներին Երևանից տեղափոխող օդանավը Բաքվում վայրէջք է կատարել առավոտյան: Չվերթն, ըստ թռիչքներին հետևող կայքի, 50 րոպեից էլ պակաս է տևում:
Օրվա ընթացքում Ադրբեջան մեկնած փորձագետների հետ կապ հաստատել չհաջողվեց: Երեկոյան միայն, նրանցից Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը հետևյալ հայտարարությունը տարածեց.
«2025 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի խումբ ժամանեց Ադրբեջանի մայրաքաղաք։ Սա պատասխան այց է՝ 2025 թվականի հոկտեմբերի 21–22-ը Հայաստանի մայրաքաղաք կատարած ադրբեջանական պատվիրակության այցին։ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը խաղաղության օրակարգի շրջանակում, որը հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Համատեղ Հռչակագրից հետո»։
Բաքվում նրանց հանդիպումներն այսօր ու վաղն են ծրագրված: Մինչև այցը քաղհասարակության ֆորմատով հանդիպման մասնակիցներից Երևանի Մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատությանն» ասել էր՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին տեսակցություն նախատեսված չէ, չնայած դեռ երևանյան հանդիպման ժամանակ հայաստանցի փորձագետներն իրենց այդ ցանկությունը փոխանցել էին ադրբեջանցիներին:
Գերիների և անհետ կորածների ճակատագիրը այն հարցերից է, որը վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո երկու պետությունների նախաձեռնությամբ ստեղծված հայ - ադրբեջանական փորձագիտական խմբերի քննարկումների օրակարգում է: Այս օրերին ֆորմատի երկու կողմերից փոխվստահություն ստեղծելու կարևորությունից են խոսում:
«Դա նշանակում է, որ դեռ ադրբեջանական կողմը պատրաստ չի այդ հարցերին անդրադառնալ այն իմաստով, որով որ մենք ենք պատկերացնում: Դա չի նշանակում, որ հարցը ընդհանրապես փակված է, մենք շարունակում ենք այդ հարցը քննարկել, քանի որ եթե խոսքը գնում է փոխվստահության մասին մեր հասարակությունների միջև, պարզ է, որ դա այն գործոնն է, որը այդ փոխվստահության վրա ազդում է», - ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր Բորիս Նավասարդյանը:
Առաջինն ադրբեջանական պատվիրակությունը եկավ Երևան՝ մեկ ամիս առաջ: Նրանց հետ հանդիպել էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Բաքվում ևս հայաստանցիների խմբին ադրբեջանցի պաշտոնյա կհանդիպի, թե՝ ով, ո՛չ հայկական կողմը, ո՛չ ադրբեջանականը չեն հստակեցրել:
«Քննարկումներ են լինելու հինգ հինգի հետ, և լինելու է հանդիպում պաշտոնական ներկայացուցչի հետ», - փոխանցել էր Նավասարդյանը:
Երկու կողմի փորձագետների հայտարարությունների համաձայն՝ քննարկումների օրակարգում նաև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրման, ապաշրջափակման գործընթացն արագացնելու, անվտանգության, համատեղ տնտեսական ու լոգիստիկ ծրագրերն են:
Փորձագետների երևանյան հանդիպումն աղմկահարույց էր. «կլոր սեղանին» մասնակցելու էր եկել նաև 2022-ի դեկտեմբերին Լաչինի միջանցքը փակած կինը՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ: Միջանցքի փակմանը հետևեց ամիսների շրջափակումը, այնուհետև՝ Արցախի հայաթափումը:
Հայաստանից վերադառնալով՝ ադրբեջանցի փորձագետները երևանյան այցելության մասին հիմնականում դրական շեշտադրումներով էին պատմում: Սկանդալի կենտրոնում հայտնված Դիլյարա Էֆենդիևան էլ էր լավ տպավորություններով վերադարձել, կարևորում էր շփումները, փոխվստահության հարցը, բայց եթերներից մեկում դժգոհում էր իր անձի շուրջ քննարկումներից. - «Ռադիկալիզմն ու ֆաշիզմը դեռևս շատ ուժեղ են հայկական հասարակության մեջ, բայց նրանք էլ են սիրում իրենց երեխաներին, գեղեցիկ կյանքը, նրանք պետք է հասկանան, որ դրա երաշխիքը մեզ հետ խաղաղությունն է»:
Ի պատասխան ճշտող հարցի՝ այսինքն՝ միայն երեխաներին կորցնելու վա՞խն է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու բանալին, Էֆենդիևան նախ հայտարարեց, թե վախը ևս ուժեղ զգացմունք է, եթե այն արդյունքի կբերի, ինչո՞ւ ոչ, հետո՝ թե ինքը չի կարծում, որ պետք է վախեցնել հայ հասարակությանը:
Հայաստանից խմբի կազմում են, Բորիս Նավասարդյանից և Արեգ Քոչինյանից բացի, քաղաքագետներ Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքեթյանը, փորձագետ Նաիրա Սուլթանյանը: Ադրբեջանական կողմում ևս հինգ հոգի են, փորձագետներից Ֆահրադ Մամեդովը նախկինում ղեկավարել է Ադրբեջանի նախագահին կից Ստրատեգիական հետազոտությունների կենտրոնը, Քամալա Մամեդովան իշխանամերձ 1news.az-ի գլխավոր խմբագիրն է:
Երևան - Բաքու և հակառակ ուղղությամբ չարթերային թռիչքի համար Կառավարությունը երեկ 17.5 միլիոն դրամ էր հատկացրել: Որպես հիմնավորում նշվել՝ շփումները կարող են դառնել երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներից մեկը: