Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքացի Հարություն Եղոյանը գերեվարվա՞ծ է, անհետ կորա՞ծ, թե՞ զոհված


Սանկտ Պետերբուրգի բնակիչ Անահիտ Վարդանյանը մոտ երկու տարի է՝ չգիտի՝ Ուկրաինայի դեմ կամավոր պատերազմ մեկնած ամուսինը որտեղ է:

«Ինձ ուղարկում են մի մորգից մյուսը, որ դագաղը տեղափոխենք, և այնտեղ վերցնեն, անալիզ անենք: Դագաղը բացում են, դատարկ էր, այնտեղ մի բուռ հող էր: Ես ասում եմ՝ այսպիսի՞ ձեռք առնել, էս ի՞նչ բան է, - «Ազատությանն» ասաց Անահիտը, - 2025-ի մարտի 30-ին ինձ զանգում է ոմն Իգոր Կամարով և հայտնում, որ մարտի 2024-ի 30-ին ամուսինս մահացել է: Ես ասում եմ՝ ո՞նց թե, երն ես ունեմ թուղթ, որ նա այդ օրը գտնվել է գերության մեջ»:

Անձը, որ ներկայացել է որպես Պաշտպանության նախարարության աշխատակից, ոչ միայն ամուսնու մահվան բոթն է հայտնել, այլև՝ ուղարկել մահվան վկայականը, որի կնիքի վրա գրված է՝ «Պաշտպանության նախարարություն»: Բայց ամուսնուն փնտրող կինը հակասական փաստաթղթեր ունի՝ մեկը՝ մահվան, մյուսը՝ անհայտ բացակայողի մասին է:

«Միայն ստույգ պատասխան ստանում եմ ատբոռնի պունկտի, որտեղից իմ ամուսնուն ուղարկել են: Նրանք ինձ ասացին՝ իսկ Դուք տեղյա՞կ չեք, որ նա 2024թ. մարտի 30-ին արդեն իսկ հայտնվել է գերության մեջ: Ասել եմ, որ ոչ ոք ինձ տեղյակ չի պահել», - պատմեց նա:

Կինը կարծում է՝ 41-ամյա ամուսինը չի մահացել, պարզապես այդ մասին հայտողները խարդախներ են: Հենց այս պատասխանն են նրան տվել հավաքակայանում, թե չհավատան մահվան լուրերին ու դատարկ դագաղին: Իսկ դագաղը ուղարկողները հակառակը պնդել են, թե դրա մեջ գտվող հողն անալիզի են ենթարկել ու պարզել, որ դրա մեջ Հարություն Եղոյանի մասունքներն են: Կինը չի հավատացել, դագաղն էլ չի հուղարկավորել: Փոխարենը ԴՆԹ անալիզներ է հանձնել իր որդին, բայց հիասթափվել են՝ պատասխանը նույնն է եղել՝ հողի մեջ ամուսնու մասունքներն են:

Հակասական տեղեկություններն էլ ավելի են խճճել 4 մանկահասակ երեխաների հետ միայնակ մնացած կնոջը. «Ասացի՝ միանգամից գրեք՝ գերության մեջ է, ասաց՝ կրկին եմ բացատրում՝ Ձեզ համար ամենակարևորն ա՞յն չէ, որ նա ողջ է, առողջ է, ես ասում եմ, որ 100 տոկոս ողջ է»:

Նույն՝ ՊՆ կնիքով մահվան վկայականում գրված է, որ Հարություն Եղոյանը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ՝ 2024 թվականի մարտին 30-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ մեկ այլ փաստաթղթով հենց այդ օրը համարվում էր անհետ կորած:

«Բայց ամուսինս իբր իր մահվան օրից երկու օր առաջ է զանգահարել է ինձ,- պատմում է կինը, 2024թ. մարտի 28-ին ամուսինս զանգահարել է ինձ, ասում՝ չանհանգստանաս, ամեն ինչ նորմալ է, ես կապի միջոց չեմ ունենալու»:

Սրանից բացի, մեկ այլ փաստարկ է կարևորում՝ այս տարվա հունվարին ամուսնու Տելեգրամից նամակ է ստացել լատինատառ, բայց հայերեն տառերով, որտեղ «Հարություննն իրենց անձնական գաղտնաբառն է գրել, որ կինը համոզվի, որ ինքն է»:

Հարություն Եղոյանը միայն Հայաստանի քաղաքացի է: Նրա մասնակցությունն այլ երկրի ռազմական գործողություններին արգելված է և Հայաստանի օրենքներով համարվում է վարձկանություն:

Կնոջ խոսքով՝ ինքը դեմ էր, որ չորս փոքրերին թողներ ու ռազմական գործողությունների մասնակցե, բայց Հայաստանում 44-օրյա պատերազմի մասնակից ամուսինը որոշել է գնալ մարտի նաև ռուսական զորքի կազմում: Գնացել է ու մեկ օր չանցած կինն իմացել է, որ հիվանդանոց է ընկել, զարմացել պատասխանից, թե գիտակցությունն է կորցրել: Հիվանդանոցում ստորագրել է, թե իր կամքով տուն է գնում բուժումը շարունակելու, բայց տուն ուղարկելու փոխարեն տարել են հեռու, ասում է Անահիտը:

«Այդ նույն հրամանատարը, որ Սանկտ Պետերբուրգից տարել է, ամուսնուս զանգում է և թելադրում, որ արագ դուրսգրում կազմակերպիր այդտեղից և գրիր զեկույցի մեջ, որ ընտանեկան հանգամանքների բերումով տուն ես գնում», - ասաց նա:

Ամուսնուն որոնելու այս խճճված ճանապարհին անգամ անծանոթներ են զանգել, ասել, որ Հարությունի հեռախոսն իենց մոտ է, որ տեսել են նրան, բայց ոչ մի կոնկրետություն: Ռուսաստանում երեխաներին միայնակ մեծացնող կնոջ խոսքով՝ Պաշտպանության նախարարությունից սկզբում գումար են տվել որպես սոցիալական օգնություն, բայց հետո չեն ստացել: Անահիտը կասկածներ ունի, որ մեկ ուրիշն է այդ գումարը գրպանում:

Ասում է՝ ընտանիքի գլխին եկած այս պատմությունը զարմացրել է անգամ իրենց շրջանի զինվորական կոմիսարին, նա տարակուսել է, թե ինչ է կատարվում իր թիկունքում, բայց էլի ոչ մի հստակություն ամուսնու ճակատագրում. «Իմ չորս երեխաները կարոտով սպասում են իրենց հորը»:

Ուկրաինայի դեմ Պուտինի սկսած պատերազմի չորրորդ տարին է մոտենում: Ռուսական բանակն, ըստ BBCճի և «Մեդիազոնա»-ի նույնականացված տվյալների, կորցրել է ավելի քան 135 հազար զինվորի: Նրանց 54 տոկոսը կապ չի ունեցել զինուժի հետ՝ կամավորներ էին, մոբիլիզացվածներ և դատապարտվածներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG