Մատչելիության հղումներ

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու»․ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ ուղերձ է հղել


Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի ՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն», - այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մայիսի 9-ի առիթով իր շնորհավորական ուղերձում։

Ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման՝ գործադիրի ղեկավարը հայտարարել է՝ «մենք գնալու ենք այդ ճանապարհով։

«Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը և այդպես էլ պետք է լինի», - շեշտել է գործադիրի ղեկավարը։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում։


Ընդգծելով, որ աշխարհն այսօր նաև առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի և նրա բոլոր դրսևորումների վտանգավորության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է, Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է՝ Հայաստանի Հանրապետությունը գնում է այլ՝ ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով։

«Այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ է համարձակ, անկեղծ և ամբողջական ինքնահայեցում, սեփական պատմությունը կարդալու, սերտելու և մեր պատմությունից մեզ ուղղվող ուղերձներն ընթերցելու և ընկալելու կարողություն», - նշել է վարչապետը՝ շեշտելով «Իրական Հայաստանի գաղափարախոսության» կարևորությունը։

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր պատմությունն ընթերցելու և վերընթերցելու արդյունք է, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Պատմական Հայաստանի՝ մեզ ուղղված ուղերձների ընթերցման արդյունք է, որը մեզ ասում է․ մի գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում` Հայաստանի Հանրապետությունում ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու, և այդ երջանիկ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու խնդրի վրա։ Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը և պարտավոր ենք իրացնել այդ հնարավորությունը», - հայտարարել է գործադիրի ղեկավարը։

Համաշխարհային երկրորդ պատերազմում հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս գարեգին երկրորդը։

«Այսօր, երբ աշխարհը կրկին բախվում է խաղաղության սպառնալիքներին, Մեծ Հաղթանակի դասերն առավել արդիական են։ Պատմության այդ ողբերգական էջերը հուշում են՝ խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել», - իր ուղերձում նշել է նախագահը։

Ամենյան Հայոց կաթողիկոսն էլ, մասնավորապես շեշտել է՝ «նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Արդ, խոնարհում բերելով մեր հերոսների անմար հիշատակի առջև՝ ներշնչվենք նրանց պայծառ օրինակով և համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով և ազգաշահ իրագործումներով»։






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG