Մատչելիության հղումներ

Հայաստանի առևտրի բում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ. ի՞նչ է արտահանվում, և որ՞ն է պատճառը


Անցած տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի առևտուրը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ աճել է ավելի քան 6 անգամ՝ 888 միլիոն դոլարից հասնելով գրեթե 5 միլիարդի, ընդ որում, Հայաստանը հիմնականում ոչ թե ներմուծել, այլ գլխավորապես արտահանել է դեպի ԱՄԷ։

Ինչ է արտահանել Հայաստանը դեպի արաբական երկիր

Այդ հարցի պատասխանը միանգամից կարելի է գտնել առաջին երեք եռամսյակների առևտրի վիճակագրության հաջորդ էջում՝ 2024-ին 2023-ի համեմատ Հայաստանից ավելի քան 5 անգամ ավելացել է թանկարժեք քարերի ու մետաղների արտահանումը։

«Ստացվել է մի իրավիճակ, որ 2023թ.-ի նոյեմբեր ամսից Հայաստանը դարձավ ռուսական ոսկու վերաարտահանման երկիր՝ ռուսական ոսկին գալիս էր Հայաստան, ձևակերպվում էր որպես ոսկերչական արտադրանք և արտահանվում էր Արաբական Էմիրություններ, Հնդկաստան, Չինաստան, եվրոպական մի շարք երկրներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Այս ամենից օգտվում են ինչպես ռուսական ընկերությունները, այնպես էլ արևմտյան, արաբական, չինական, հնդկական»

2024-ի առաջին 3 եռամսյակներում շեշտակի ավելացել է նաև Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը. 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն 15 միլիարդից հասել է 26 միլիարդ դոլարի։ Տնտեսագետի կարծիքով՝ այս ցուցանիշը ևս պայմանավորված է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով ու տարբեր ընկերությունների կողմից Հայաստանը որպես առևտրի միջնորդ երկիր օգտագործելու միտումով։

«Այս ամենից օգտվում են ինչպես ռուսական ընկերությունները, այնպես էլ արևմտյան, արաբական, չինական, հնդկական, այսինքն՝ սա միակողմանի օգուտ չէ։ Անշուշտ, նաև այստեղ իր փոքր մասնաբաժինը ստանում է նաև ՀՀ-ն», - նկատեց Սուրեն Պարսյանը։

Ի տարբերություն եվրոպական երկրների, որոնք, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, խիստ կանոններ են սահմանել սեփական բիզնեսի համար՝ արգելելով առևտրային կապերը Ռուսաստանի հետ, Արաբական Միացյալ Էմիրությունները պատժամիջոցներ չունի, սակայն անգամ Ռուսաստան-ԱՄԷ առևտրի մի մասն իրականացվում է Հայաստանի միջոցով՝ հիմնականում բանկային համակարգի պատճառով։

«Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակում հայտնվել են էլեկտրատեխնիկա վաճառող կազմակերպությունները»

Ոչ միայն Ռուսաստանից թանկարժեք մետաղներն են Հայաստանի միջոցով արտահանվում դեպի երրորդ երկրներ, այլև մեծ քանակությամբ տեխնիկա է Հայաստանի միջոցով ուղարկվում Ռուսաստան։ Ըստ վիճակագրության՝ Հայաստանն արտահանել է ավելի քան 1 միլիարդ դոլարի «մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ»։ Իսկ ներմուծում Հայաստանը, Ռուսաստանից հետո ամենաշատն իրականացրել է Եվրամիությունից, ապա՝ Չինաստանից։

«Դրա հետևանքով օրինակ՝ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակում հայտնվել են էլեկտրատեխնիկա վաճառող կազմակերպությունները, ինչը նօնսենս է», - նկատեց տնտեսագետը։

Ընդ որում, տարածաշրջանում տնտեսական նման մեխանիզմներից Հայաստանից բացի, օգտվում են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը, վստահ է Սուրեն Պարսյանը։
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների առաջացրած հնարավորություններից Հայաստանի տնտեսությունը որոշակի օգուտներ քաղում է, սակայն տնտեսագետի կարծիքով՝ վնասն ավելի մեծ է։ Հայաստան հոսող միլիոնավոր դոլարների պատճառով արժևորվում է դրամը, ինչն, իր հերթին, բարդացնում է պայմանները Հայաստանի արտադրողների համար, որոնք փորձում են իրենց ստեղծածը վաճառել արտաքին շուկաներում։

2024-ի առաջին 3 եռամսյակներում Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 11.5 միլիարդ դոլարի ապրանք, որի ավելի քան 60 տոկոսը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղներն են։

XS
SM
MD
LG