Հայաստանի Ամերիկյան համալսարանը իշխանականների ու նրանց աջակիցների թիրախում է հայտնվել: Վերջին օրերին բուհի հասցեին մեղադրանքների իսկական տեղատարափ է սկսվել. իշխանական պատգամավորներից մինչև նախարարներ բուհին քաղաքականացված լինելու ու նախկին իշխանություններին համակրելու մեջ են մեղադրում:
Ամեն ինչ սկսվեց, երբ օրերս Ֆեյսբուքում հայտնվեց համալսարանի դասախոս, նախկին հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ վարչապետի ընտանիքի հասցեին վիրավորական մի հրապարակում. Ֆարմանյանը կոշտ արտահայտություններով Փաշինյանի ու կնոջ արտաքինն էր քննարկում: Նախօրեին բուհը հայտարարեց՝ իրենց դասախոսների քաղաքական տեսակետն ազատորեն արտահատելու իրավունքը պաշտպանում են, սակայն Ֆարմանյանի գրառումը դատապարտելի է.
«Դոկտոր Ֆարմանյանի հրապարակումը, որով նա քննադատում էր Հայաստանի Հանրապետության վարչապետին, դուրս էր քաղաքական քննարկման սահմաններից և ներառում էր անձնական բնույթի վիրավորանքներ վարչապետի և նրա ընտանիքի նկատմամբ, այդ թվում՝ վիրավորական մեկնաբանություններ նրանց արտաքին տեսքի վերաբերյալ։ Այդպիսի բովանդակությունը հստակորեն դուրս է ՀԱՀ-ի «Քաղաքական և կրոնական գործունեության մասին» ներքին կանոնակարգի շրջանակից, և համալսարանը միանշանակ դատապարտում է այն՝ համարելով ոչ պատշաճ»:
Հղում անելով ներքին կանոնադրությանը, բուհն ընդգծում է՝ խթանում են խոհեմ քաղաքական երկխոսությունը, սակայն Ամերիկյանը պետք է խուսափի կողմնակալ քաղաքական գործունեությունից, որը «կարող է ստեղծել տպավորություն, թե համալսարանն աջակցում է որևէ քաղաքական կուսակցության կամ պետական պաշտոնի հավակնող թեկնածուի»:
«Խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնասյունն է։ Իհարկե, ՀԱՀ-ը խրախուսում է դասախոսական կազմի բոլոր անդամներին հարգալից և պատշաճ կերպով արտահայտել իրենց քաղաքական կարծիքը՝ հստակ ընդգծելով, որ այդ տեսակետները ներկայացնում են բացառապես իրենց անձնական դիրքորոշումը և որևէ կերպ չեն արտացոլում համալսարանի կամ դրա ղեկավարության պաշտոնական տեսակետը», - ասված է հայտարարությունում:
Չնայած դատապարտող հայտարարությանն ու ներկայացրած պարզաբանումներին՝ իշխանականների ու աջակիցների թիրախում Ֆարմանյանից հետո այժմ հենց համալսարանն է. քննադատական գրառումների ու մեկնաբանությունների շարքը շարունակվում է: Նախ ծավալուն հրապարակում արեց իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ վիճարկելով համալսարանի մի շարք պնդումներ:
Նախկինում այս բուհում դասավանդած Ղազարյանը հիշեցրեց՝ 2020-ին Ամերիկյան համալսարանի մի շարք դասախոսներ ու աշխատակիցներ՝ ներկայանալով հենց որպես այս բուհի աշխատակիցներ, վարչապետի ու Կառավարության հրաժարականն էին պահանջում: Պատգամավորն ըստ էության բուհին մեղադրում է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ՝ պնդելով, թե ամիսներ առաջ Հումանիտար և հասարակական գիտությունների քոլեջի դեկանի տեղակալ Վահրամ Տեր-Մաթևոսյանն իրեն առաջարկել է ընտրություն կատարել գիտության ու քաղաքականության միջև. - «Մի բան, որ, չգիտես ինչու, խորհուրդ չի տրվում հակառակ ճամբարի քաղաքական դիրքորոշումն ունեցող դասախոսներին»։
Ու սկսվեց քննադատական գրառումների երկար շարքը: Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն, օրինակ, անչափ հիասթափված է բուհից, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ կասկածներ ունի, թե բուհը քաղաքական հետապնդում է իրականացնում:
Իշխանականների աջակիցներն է՛լ ավելի հեռու են գնում՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ հիմնադրված համալսարանին ռուսամետ են անվանում ու նույնիսկ այն փակելու կոչեր անում.
«Մեկ րոպե շուտ դա պետք է չաշխատի՝ մենք սերունդ չունենք փչացնելու ... »:
«Ուրեմն ԱՄԵՐԻԿՅԱՆ չի։ Ռուսական մասնաճյուղ է ... »:
«Ի՞նչ ամերիկյան ... Այն վաղուց այլևս ամերիկյան չէ, այլ պրոռուսական ... և կադրերը ահավոր թույլ են ... »:
Նույնաբովանդակ մեկնաբանությունների կողքին, սակայն, նաև հեգնական գրություններ են հայտնվում.
«Փակեք ախպեր, բա ձեզ պետք ա՞։ Կամ պետականացրեք։ Վաբշե լավ կլինի մի հատ Սիբիր առանձնացնեք տենց աքսորեք»:
Բուհի ու իշխանությունների հարաբերությունները մինչ Ֆարմանյանի գրառումը կարծես վատ չէին. ուղիղ մեկ ամիս առաջ նույն Ամերիկյան համալսարանում վարչապետ Փաշինյանն իր հռչակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն էր ներկայացնում:
Ամերիկյան համալսարանն իր դռները բացել է 1991-ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը: Բուհը Միացյալ Նահանգներից ֆինանսական աջակցություն է ստացել: Կոնգրեսը շուրջ 10 միլիոն դոլար է հատկացրել, դրամաշնորհներ է տրամադրել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Ամերիկյան համալսարանն այժմ անկախ ու մասնավոր բուհ է ներկայանում: Հոգաբարձուների խորհրդում աշխարհի առաջատար բուհերից մեկի՝ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներ կան: