Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ ղեկավարության հետ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային հարցեր։

Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարևորելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։

Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ Հայաստանի կողմից հնչեցված մոտեցմանը։

Հանդիպմանն, ըստ հաղորդագրության, ընդգծվել է Հարավային Կովկասի՝ որպես յուրահատուկ խաչմերուկի՝ մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը: «հենց այս ընկալումն է դրված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում»,- հավելել է նախարար Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիօղլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Կիրակի օրը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է նաև ՀՀ վարչապետի հետ: Սինիրլիօղլուն հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն, և կառույցը շարունակելու է նպաստել խաղաղության օրակարգի առաջմղմանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման նպատակով:

Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնել: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու գործընթացում Հայաստանի դիրքորոշումներին՝ շեշտելով, որ խաղաղության օրակարգը ՀՀ Կառավարության առաջնահերթությունն է:

Իր հերթին, Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորություններ կան և պետք է դրանք իրացնել:

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել: Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում էԼՂ հակամարտության կարգավորման կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG