«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակն ու միջին աշխատանքային կենսաթոշակը։ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրինագծով նախատեսվում է նվազագույն կենսաթոշակը դարձնել այնքան, որ պակաս չլինի պարենային զամբյուղի, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը՝ սպառողական զամբյուղի ամսական արժեքից:
Առաջարկը ներկայացնելիս «Հայաստան» խմբացկության քարտուղար Արծվիկ Մինասյանը շեշտեց՝ նման փոփոխությունը հենց գործող կառավարությունն է ստանձնել 2021-2026 թվականների ծրագրում:
«Այս փոփոխության նպատակը՝ հրապարակային իշխող ուժին բերել հանրությանը պատասխան տալու դաշտ, դուք տեր եք ձեր խոստմանն առնվազն էս մասով, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա այս օրենքը պետք է ընդունվի և երաշխավորի, որ 2026 թվականի հունվարի 1-ից այս չափերը դառնան անփոփոխելի», - ասաց Մինասյանը:
Հայաստանում շուրջ 600 հազար կենսաթոշակառու կա։ Այս փոփոխությունն, ըստ Արծվիկ Մինասյանի, 494 հազարին է վերաբերելու:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» անտեղի են համարում օրինագիծը՝ վստահեցնելով՝ կառավարությունն իր ստանձնած խոստումներն իրականություն է դարձնելու։
«Օրենքում ամրագրելու անհրաժեշտություն, ըստ էության, չկա, որովհետև ընտրանքային իշխող քաղաքական թիմի ծրագրից վերցնել սոցիալական բլոկի մեկ հանձնառություն և դրան տալ օրենքի ուժ, կարծում եմ, արդար չէ նաև մյուս մեր հանձնառությունների նկատմամբ, որովհետև սոցիալական քաղաքականության ոլորտում պետությունը մարդկային կապիտալի զարգացման բաժնում ունի նաև այլ հանձնառություններ», - նշեց «Քաղաքացիական պայմանագրից» Հերքինազ Տիգրանյանը:
ՔՊ-ական պատգամավորը շեշտեց, թե այս պահին արդեն նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ է՝ 3 հազար դրամով ավելի պարենային զամբյուղի արժեքից։ Միջին աշխատանքային կենսաթոշակը մոտ 51 հազար դրամ է՝ ավելի քան 10 հազարով պակաս սպառողական զամբյուղի արժեքից։
Ընդդիմությունից հիշեցրին, որ Առողջապահության նախարարության հաշվարկով, մինչդեռ, պարենային զամբյուղի արժեքն ավելի բարձր է՝ գրեթե 41 հազար դրամ, իսկ սպառողական զամբյուղի արժեքը 76 դրամ է։
«Մեր թիրախը նաև, կարծում եմ, օբյեկտիվորեն կառավարության թիրախը պիտի լինի այն թիրախը, որն ընդունված է միջազգային պրակտիկայում, այսինքն, Առողջապահության նախարարության նորմատիվների հիման վրա, իսկ այդ թվերն էապես իրարից տարբեր են՝ 75 հազարից ավելի է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ոչ թե 61 հազար, և 33 հազար դրամից ավելի է նաև պարենային զամբյուղի արժեքը», - ընդգծեց «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Ընդդիմադիրները թերահավատ են, թե կառավարությունն իրականություն կդարձնի իր խոստումները։ Ասում են, թե հենց այդ պատճառով են նման առաջարկ ներկայացրել։
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մի քանի օրինակ բերեց՝ հիշեցնելով՝ իշխանությունները 2021 թվականի նախընտրական ծրագրում Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա էին խոստանում։
«Ասում ենք՝ օրենքով պարտադրենք կառավարությանը թոշակառուներին էսքան գումար վճարել, ասում եմ, դե ծրագրում գրած է, ծրագրի չկարելու դեպքում, ի՞նչ է լինելու, գնալու եք, ասելու եք՝ մենք էս ենք խոստացել, էն ենք խոստացել, խաղաղություն ենք խոստացել, դրա համար հիմա ամեն տեսակի զիջումների գնում եք, որ մի հատ թղթի կտոր մուրաք, որի վրա գրված լինի խաղաղություն», - նշեց Խաչատրյանը:
Իշխանականներն էլ իրենց հերթին ընդդիմադիր գործընկերներին մեղադրեցին՝ այս դեպքում պոպուլիզիմի համար։ Հայտարարեցին, թե «Հայաստան» խմբակցությունն օրենսդրական փոփոխությունը ցանկանում է իրականացնել՝ նպատակ ունենալով լրիվ այլ բան։
Իշխող ուժից հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին: