Մատչելիության հղումներ

Հայ-վրացական սահմանին Ռուսաստանի կողմից հետախուզվող վրաստանցի է ձերբակալվել


Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանի, լուսանկարը՝ «Ազատության» վրացական ծառայությունից
Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանի, լուսանկարը՝ «Ազատության» վրացական ծառայությունից

Ռուսաստանի պահանջով Հայաստանում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել։ Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանն» այսօր հայտնեցին՝ 29-ամյա երիտասարդն արդեն կալանավորվել է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Գիորգի Կինոիանիին ռուսաստանցի իրավապահները մեղադրում են վարձկանության համար։

«Սեպտեմբերի 3-ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության կողմից վարձկանության հատկանիշներով միջպետական հետախուզման մեջ գտնվող Գիորգի Կինոիանին։

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել են Գլխավոր դատախազությունը, Արդարադատության նախարարությունը, ինչպես նաև հետախուզումը նախաձեռնողը [խմբ.` ՌԴ]», - «Ազատությանը» հայտնեց գերատեսչության խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ Վրաստանի 29-ամյա քաղաքացին Ուկրաինայում կռվել է Ռուսաստանի դեմ։ Օկուպացված Դոնեցկի դատարանը Գիորգիին անցած տարվա հոկտեմբերին 7 տարվա ազատարկման է դատապարտել։

Նրա եղբայրն այսօր «Ազատությանը» պատմեց, որ Գիորգին մոր ու հոր հետ է եղել՝ Հայաստան մուտք գործելիս: Ըստ Վակո Կինոիանիի՝ ծնողներին չեն պարզաբանել՝ ինչի համար է եղբայրը ձերբակալվում։ Ձերբակալությունից հետո՝ անցած հինգշաբթի նրան կալանավորել են։

«Կալանավորումից հետո՝ հինգշաբթի օրվանից մենք ոչ մի լուր չունենք նրանից, ես չգիտեմ՝ ինչպես է նա։ Ես խոսեցի հանրային պաշտպանի հետ։ Նա մեզ հույս չտվեց։ Ասում էր, թե արտահանձնման վտանգը շատ մեծ է։ Շատ սարսափելի է լսել, որ եղբայրս կարող է գերի ընկնել Ռուսաստանում։ Հասկանալի է, թե ինչ կանեն եղբորս հետ այնտեղ, ես անգամ պատկերացնել էլ չեմ ուզում», - ասաց Վակո Կինոիանին:

Միջպետական մակարդակով հետախուզվող անձանց հանձնման հարցը կարգավորվում է Հայաստանի ու Ռուսաստանի կողմից կնքված երկկողմ և բազմակողմ մի շարք պայմանագրերով: Վրաստանի քաղաքացուն Ռուսաստանին արտահանձնումը կամ հանձնման մերժումը Հայաստանի արդարադատության նախարարությունն է կայացնում։ Մինչ այդ, Վրաստանի քաղաքացու նկատմամբ կիրառվել է մինչև 40-օրյա կալանավորում՝ հետախուզումը հայտարարած երկրից՝ Ռուսաստանից պաշտոնական միջնորդություն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները քննարկելու համար։

Մինչև ժամանակավոր կալանքի ժամկետը լրանալը հանձնման պաշտոնական միջնորդությունը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու դեպքում Արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է միջնորդությունն ու դրան կից փաստաթղթերը, ստուգում՝ արդյոք առկա՞ են անձի հանձնումը բացառող հանգամանքներ, թե՞ ոչ: Դրանց բացակայության պարագայում իրավասու դատարան է ներկայացնում միջնորդություն անձին հանձնման նպատակով կալանավորելու վերաբերյալ՝ 2 ամիս ժամկետով, որը կարող է երկարաձգվել առավելագույնը 10 ամիս ժամկետով, տեղեկացնում են նախարարությունից։

Գերատեսչությունից միևնույն ժամանակ նաև շեշտել են, թե ինչը կարող է արտահանձնման մերժման պատճառ լինել.

«1) եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ հանձնումը պահանջվել է հայցվող անձի ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական կարծիքի պատճառով քրեական հետապնդում իրականացնելու կամ պատժի կիրառման համար.

2) եթե լուրջ վտանգ կա, որ հանձնումը թույլատրելու դեպքում հայցվող անձին կարող են սպառնալ խոշտանգում կամ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ»:

Վրաստանի քաղաքացու կալանավորումը կրքեր է բորբոքել Վրաստանի ներքաղաքական կյանքում։ Ընդդիմադիրներն իշխանությանը մեղադրում են, որ Կինոիանիին չեն տեղեկացրել հետախուզման մասին:

Վերջին տարիներին Հայաստանում Ռուսաստանի պահանջով Ուկրաինայի դեմ կռվելուց հրաժարված մի քանի ռուսաստանցիներ են ձերբակալվել: Եղել են և՛ արտահանձնման, և՛ արտահանձնումը մերժելու դեպքեր:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG