Մատչելիության հղումներ

Հայ-իրանական զորավարժությունների նպատակը, ըստ Թեհրանի, սահմանային անվտանգությունն ապահովելն է


Հայաստանի և Իրանի դրոշները
Հայաստանի և Իրանի դրոշները

Հայաստանի և Իրանի համատեղ զորավարծությունները խաղաղ բնույթ են կրում, ըստ իրանական IRNA գործակալության, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին՝ որոշ մանրամասներ ներկայացնելով։

Նրա խոսքով՝ դրանք տեղի են ունենում հայ-իրանական սահմանի Նորդուզ շրջանում՝ սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Իրանի և Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա, դա արվում է մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու և կայուն խաղաղություն պահպանելու համար», - հայտարարել է Մաինին՝ շարունակելով․ - «Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով այն զգայուն դիրքը, որ տարածաշրջանը զբաղեցնում է»։

Ապրիլի 9-10 համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Ըստ հայկական կողմի՝ զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

Օրերս արտգործնախարարի պաշտոնում առաջին անգամ Երևան ժամանեց Սեյեդ Աբբաս Արաղչին։ Նա Երևանում վերահաստատեց՝ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և դեմ է ցանկացած միջազգային սահմանի փոփոխության, խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանում երկխոսությամբ, առանց ուժի կիրառման:

Արաղչին միևնույն ժամանակ հայտարարեց՝ «Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի»՝ հույս հայտնելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում այդ վտանգները նվազագույնին կհասնեն, և «մենք ականատես կլինենք կայունությանը, որը բխում է բոլորի շահերից»։

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև նորից ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը բարձրացրեց․ - «Քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը և Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են իրենց Սահմանադրությունում, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պահվածքում անկեղծություն չի դրսևորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ խնդրահարույց համարելով Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Բաքուն դա Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտում է որակում։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG