«Իրենք մեզ են հարցնում՝ «ի՞նչ նորություն ունեք», մենք իրենց ենք հարցնում՝ «ի՞նչ նորություն ունեք», ու էսպես երկու տարի շարունակ սպասում ենք». - Բաքվում պահվող հայ գերիներից մեկի կինը «Ազատությանը» պատմեց՝ պաշտոնյաներն իրենց տեղեկություններ չեն տալիս, ինքն էլ չի լսել, որ այս պահին գերիների վերադարձի հնարավորություն կա: Հայտարարություններին նա դադարել է հավատալ. - «Ճիշտն ասած՝ ես չեմ հավատում ոչ մի բանի, մինչև աչքս չտեսնի, որ գերիները հետ են վերադարձել»:
Հայաստանի արտգործնախարարն էր երեկ լիահույս, որ առաջիկայում հայ գերիների վերադարձի հարցում «լավ նորություններ» կլինեն: Արարատ Միրզոյանի խոսքով՝ երկու օր առաջ ադրբեջանական կողմի հետ քննարկել են հարցը: Արդյունք եղել է, թե՝ ոչ, չէր մանրամասնել:
«Հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում», - հայտարարել էր նախարարը:
Սա հերթական լավատեսական հայտարարությո՞ւնն էր, թե՞ իսկապես կա գործընթաց, գերիների հարազատներն ասում էին՝ իրենց պաշտոնյաները տեղեկություններ չեն փոխանցում:
«Ազատության» զրուցակիցն ասաց՝ անձամբ ինքն արդեն երկու տարի չի շփվել պաշտոնյաների հետ: Սեպտեմբերի վերջին գերիների հարազատները հանդիպում էին պահանջում երեք օր Բաքվում անցկացրած Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ: Պաշտոնապես մերժում չի եղել, ասում էր կինը, բայց չորրորդ շաբաթն է՝ նրան հանդիպել էլ չի հաջողվում:
Անվտանգային միջազգային ֆորումի մասնակցած Անդրանիկ Սիմոնյանի Բաքու այցը գաղտնիության քողով էր պատված. այդպես էլ չպարզվեց՝ ԱԱԾ տնօրենը կարողացե՞լ է տեսակցել հայ գերիներին, ստացե՞լ է տեղեկություններ նրանց առողջական, պահման պայմանների մասին, կամ ադրբեջանական կողմի հետ քննարկե՞լ է հայ գերիների վերադարձի հարցը:
Գերու հարազատն ասաց՝ շաբաթը մի անգամ խոսում է ամուսնու հետ, ԱԱԾ տնօրենը նրան այցելել է, չի այցելել, ամուսնուն, ասաց, չի հարցրել. - «Չէ, չէ, էնքան որ տեղեկացվում ենք առողջական իր վիճակից»:
Բաքվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության այսօրվա հաղորդագրության համաձայն՝ 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ կառույցի Խոշտանգումների դեմ կոմիտեի «լուրջ մտահոգությունները» պահպանվում են:
«Իրավիճակը շարունակում է վտանգել տուժածների իրավունքները, անվտանգությունը և արժանապատվությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը», - ասված է հաղորդագրությունում:
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյան բավարար չի համարում միջազգային արձագանքը, ճնշման կարիք է տեսնում, որին Ադրբեջանը տեղի կտար:
«Կան մեխանիզմներ, որոնք կարող են գործարկել փաստահավաք նպատակներով. օրինակ՝ մոսկովյան մեխանիզմը ԵԱՀԿ-ում, որը այս պահին գործարկված է ուկրաինական գերիների առնչությամբ, դեռևս չի գործարկվում Բաքվում պահվող հայ գերիների առնչությամբ, տարաբնույթ միսիաներ ուղարկվեն Ադրբեջան, ընդհուպ մինչև պատժամիջոցների սպառնալիքներ ստեղծեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:
Հայ - ադրբեջանական խաղաղության նախաստորագրված պայմանագրում գերիների, պահվող անձանց ճակատագրին անդրադարձ չկա: Ադրբեջանցի պահվող բոլոր անձանց Հայաստանը վերադարձրել է: Բաքվի բանտերում 44-օրյա պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո դեռ 23 հայեր են պահվում: 7-ը ծանր հոդվածներով դատապարտված են, 16-ի, նրանց թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատավարություններն ընթանում են:
Մոտ ապագայում նրանց ազատ արձակման մասին տեղեկություն իրավապաշտպանը չուներ: Կարծում է՝ Ադրբեջանը կարող է հայ գերիներին ազատ արձակել խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ընդ որում՝ ոչ միանգամից. - «Փուլային տարբերակով, կարծում եմ՝ առաջնային հասցեատեր լինելու են սովորական ռազմագերիները, որոնք սեպտեմբերյան ագրեսիայի մասնակիցներ են եղել, երկրորդ հասցեատեր դիտարկում եմ 2020 թվականից պատանդ պահվող հայերին, և որպես երրորդ, ավելի դժվարին քաղաքական դրության մեջ մեջ գտնվողներ՝ Արցախի նախկին ղեկավարությանը: Սակայն քանի դեռ դատական պրոցեսները ավարտված չեն, դատավարության մաս կազմող հայերի ազատ արձակման հեռանկար չեմ տեսնում. նախ դատավճիռներ կկայացնեն, որից հետո կապահովեն քաղաքական ճանապարհով ազատ արձակումը»:
2023-ի վերջին Ադրբեջանը 32 հայ գերիների վերադարձրեց՝ ոչ անշահախնդիր: Դրա դիմաց Հայաստանն ազատ արձակեց սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողների, որոնցից մեկը Կապանում Հայաստանի քաղաքացու էր սպանել: Բացի այդ, գործարքը կայացավ միջազգային COP29 համաժողովը Բաքվում անցկացնելու՝ Երևանի աջակցության դիմաց: