Մատչելիության հղումներ

Հաստատվեցին Իրանի նախագահի 6 թեկնածուներ, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակը


Իրանի խորհրդարանի խոսնակ, նախագահի թեկնածու Մոհամադ Բաղեր Ղալիբաֆ, արխիվ
Իրանի խորհրդարանի խոսնակ, նախագահի թեկնածու Մոհամադ Բաղեր Ղալիբաֆ, արխիվ

Իրանի Պահապանների խորհուրդն այսօր հաստատել է երկրի նախագահի 6 թեկնածուների, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ 62-ամյա Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին:

Նախկին զինվորական հրամանատար Ղալիբաֆը համարվում է հունիսի 28-ին նշանակված ընտրությունների պոտենցիալ առաջատարը: Անցած շաբաթ իր ելույթում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ակներևաբար ցույց է տվել իր աջակցությունը Ղալիբաֆին, նկատում են վերլուծաբանները:

Խորհուրդը հաստատել է նաև բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշկիանի, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլիի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի, պահպանողական գործիչ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմիի, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար, կոշտ գծի կողմնակից Մուստաֆա Փուրմոհամադիի թեկնածությունները:

Պահապանների խորհուրդը մերժել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, խորհրդարանի նախկին խոսնակ, միջուկային հարցերով նախկին բանակցող Ալի Լարիջանիի թեկնածությունները:

Ամսվա վերջին անցկացվելիք ընտրություններում որոշվելու է, թե նախագահի պաշտոնում ով է փոխարինելու մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Էբրահիմ Ռայիսիին: Առաջադրված 80 գործիչները ամենաուշը հունիսի 13-ին կտեղեկանան՝ արդյոք Պահապանների խորհուրդը հաստատել է իրենց թեկնածությունը, ինչն անհրաժեշտ է պայքարը շարունակելու համար:

XS
SM
MD
LG