«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ռազմական անվտանգության ապահովման, զորքերի մարտունակության բարձրացման, բանակի զինանոցում ժամանակակից սպառազինության համակարգերի ներդրման միջոցառումները հաջողությամբ են ընթանում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նիստի մասնակցիները վերլուծել են «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին օպերատիվ իրավիճակը»։ Ընդգծվել է, որ 2024 թվականին լուրջ քայլեր են ձեռնարկվել մոբիլիզացիոն ռեզերվների որակի բարձրացման ուղղությամբ։
Հասանովը հանձնարարականներ է տվել «պայմանական պետական սահմանին մարտական հերթապահություն կազմակերպելու, զգոնությունը բարձրացնելու, հսկողությունն ու վերահսկողությունն էլ ավելի ուժեղացնելու ուղղությամբ»։
Կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ «ադրբեջանական բանակը շարունակելու է արդարացնել Գերագույն գլխավոր հրամանատարի և ժողովրդի վստահությունը»։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ։ Փաշինյանն ընդգծել էր՝ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ բոլոր նախադրյալները ստեղծված են խաղաղության համար։
Բաքուն հերքել էր Հայաստանի վարչապետի հայտարարությունները՝ դրանք անվանել «իրականության խեղաթյուրում»: