Մատչելիության հղումներ

Փաշինյանը «չի կարծում», թե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը


«Մենք գնալու ենք պարզեցումների ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև գնալու ենք մեր բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը, արտահանումը, տարանցումը, ներմուծումը հնարավորինս լինի պարզեցված», - այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ «պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն»:

Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համատեղ հռչակագրի էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ էլ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը:

«Եթե ՍԴ-ն որոշի՝ խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»

«Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ ստորագրված, հիմա՝ նախաստորագրված և արդյունքում ստորագրված խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ: Այս պահին դրա մասին մտածելու անհրաժեշտություն և կարիք չկա», - ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցնելով՝ «մենք ունենք նաև նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ»:

«Մենք հիմա աշխատում ենք նոր Սահմանադրության նախագծի վրա և երբ պատրաստ լինի, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի, բայց դա որևէ կապ չունի զուգահեռաբար այս գործընթացի հետ, չնայած ռազմավարական առումով կարող է ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա», - ընդգծեց նա:

Հարցին՝ «եթե ժողովուրդը դեմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, դա անդրադառնալո՞ւ է խաղաղության պայմանագրի ստորագրման վրա», Փաշինյանը պատասխանեց. - «Չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ կքվեարկի այն պարագայում, եթե պարզվի, որ դա որևէ ազդեցություն կարող է ունենալ խաղաղության գործընթացի վրա»:

Բաքուն շարունակում է կրկնել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախապայմանը: Վաշինգտոնում Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից ժամեր անց Ադրբեջանի նախագահը թե՛ տեղական լրատվամիջոցների հետ զրույցում և թե՛ Foxnews-ի հոդվածում ասել է, որ դա Հայաստանի տնային առաջադրանքն է, հենց դա կատարվի, պայմանագիրը կստորագրվի:

Անդրադառնալով փոխադարձության սկզբունքին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. - «Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք խոչընդոտ հարուցել Ադրբեջանի հիմնական մասին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության համար: Վաշինգտոնի հռչակագրում ադրբեջանի կապ ունենալու առավելությունն ընդգծված է վերոնշյալ սկզբունքների շրջանակներում, և ընդգծված է Հայաստանի Հանրապետության համար ներքին, այսինքն երկրից երկիր, ու միջազգային, այսինքն, դեպի երրորդ երկիր փոխադարձ առավելություններով»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG