«Եթե Հայաստանը միջանցքի բացման մասին անհապաղ որոշում չկայացնի Ադրբեջանը պետք է ուժով մաքրի այդ տարածքը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի իրավական հարցերի և պետականաշինության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հուդրաթ Հասանղուլիևը։
Իշխանամետ «Արդարություն, իրավունք և ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Հասանղուլիևը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գրավումից հետո Բաքուն դրա վերահսկողությունը պետք է հանձնի կա՛մ Միացյալ Նահանգներին,- «օգոստոսի 8-ի հայտարարության դրույթների համաձայն, կա՛մ Ռուսաստանին՝ 2020 թվականի նոյեմբերի10-ի պայմանավորվածությունների հիման վրա»։
«Հայաստանը փորձում է հարևանների հետ հաղորդակցության ուղիները բացել իրեն շահավետ ձևով, սակայն Նախիջևան տանող ուղիների ապաշրջափակման առումով իրական քայլեր անել չի շտապում»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։
«Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո հույսեր ծագեցին, որ շինարարությունն ուր որ է կմեկնարկի։ Այժմ, սակայն, օրեցօր ավելի տեսանելի է դառնում, որ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո հայերը չափազանց հանգստացել են»,- հայտարարել է Հասանղուլիևը։ Նրա խոսքով,- «Ադրբեջանը կարող է Երևանին առաջարկել ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ շաղկապելով դա Նախիջևան տանող ճանապարհի շինարարության անհապաղ մեկնարկի և մոտ ապագայում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պարտավորությունների հետ»,- ընդգծել է Հասանղուլիևը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ Կոպենհագենի հանդիպումից հետո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը հասցեագրված է՝ շեշտելով, որ այդ թեմայի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն այլևս չի տեսնում: Մինչ այս էլ թեմային անդրադարձել են, քանի որ այն առնչվել է Հայաստանի պետական շահերին:
«Այդ թեման այլևս արդիական չէ։ Այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով ու ամենահեղինակավոր միջազգային հարթակներում և այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությամբ։ Հետևաբար. այդ հարցը, գոնե ինձ համար, արդեն չկա», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: